Պատմական մայրաքաղաքների մարզում զբոսաշրջությունը զարգացնելու խնդիրներ կան


Արմավիրի մարզում հնարավոր է զարգացնել զբոսաշրջությունը, եթե զուգահեռաբար զարգանան ենթակառուցվածքները: Ենթակառուցվածքների բացակայության պատճառով մարզը դուրս է մնացել զբոսաշրջություն կազմակերպող ընկերությունների տեսադաշտից: Իսկ Արմավիր պատմահնագիտական մշակույթի կրողն է, հնագույն քաղաքակրթության կենտրոնը:
Զբոսաշրջությունը կարող է սկսվել Արմավիրի մարզից: Օդային ճանապարհով Հայաստան եկած օտարերկրացին օդանավակայան իջնելիս առաջինը լինում է Արմավիրի մարզում: Մարզային ճանապարհորդությունը շարունակվում է առաջինը քրիստոնեությունը ընդունած երկրի հոգևոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, «Զվարթնոց» հրեշտակների ավերված տաճարի պատմամշակութային արգելոց թանգարանում, Մուսալեռի և Սարդարապատի հուշահամալիրներում և ճանապարհորդությունն ավարտվում է: Մինչդեռ մարզի տարածքում կան պատմամշակութային շատ հուշարձաններ, դամբարանադաշտեր, տեսարժան վայրեր, որոնք դուրս են մնում զբոսաշրջություն կազմակերպող ընկերությունների տեսադաշտից: Պատճառը, ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, ենթակառուցվածքների բացակայությունն է:


«Մեծամորը չունի այցելուներ, քանի որ չկա ճանապարհ, հիմա լավ է, կարծես կունենան, կառուցվում է: Պատմամշակութային վայրերում պետք է ենթակառուցվածքներ զարգացնել»:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց թանգարան այցելողներ գրեթե չկան, զուտ քարուքանդ ճանապարհի պատճառով: Թանգարանի աշխատակիցները խնդրի մասին դեռ 2015թ ապրիլին տեղեկացրել էին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պոսղոսյանին, վերջինս խոստացել էր առաջինը բարելավել թանգարանային պայմանները, հետո անցնել ճանապարհի խնդրին: 49 տարվա պատմություն ունեցող թանգարանում ցուցադրված են մթա 4-2 դարերում հնագիտական պեղումների գտածոներ: Թանգարանը կառուցված է դամբարանադաշտի հարևանությամբ: Այս տարի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է հարևան Տարոնիկ գյուղից մինչև թանգարան հասնող 4.1 կմ ճանապարհահատվածը:


Բացի Մեծամորից, կան այլ հնագիտական վայրեր: Միայն Արմավիրի մարզում են գտվում պատմական մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Բագարանն ու Վաղարշապատը: Արմավիրի մարզում են պահպանվում Արգիշտիխինիլի ուրարտական մայրաքաղաքի ավերակները, Այգեշատ գյուղի տարածքում են գտնվում մթա 2-1-ին դարերի բնակատեղին և դամբարանադաշտը, 6-7-դդ Թարգմանչաց վանքը, կարելի շարունակել թվարկումը: Տուրիզմի հայկական ֆեդերացիան մտադրվել է մարզում տուրիզմ զարգացնելու ուղիներ գտնել:
«Կարելի է հուշարձանների թույլատրելի հատվածում հողհատկացումներ անել, անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագիծ պատրաստել, որն արտաքին տեսքով համապատասխանելու է պատմամշակութային ժառանգությանը, ճարտարապետական միջավայրին: Դրանով կկարողանան ապահովել անհրաժեշտ ծառայություններ, որով հուշարձանը գրավիչ կդարձնեն և եկամուտներ կձևավորեն, ստացված շահույթներից էլ մասհանում կանեն հուշարձանի պահպանման համար»:


Զբոսաշրջության գրավչություններից է մարզում տարբեր փառատոնների կազմակերպումը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ-ն 2011թ-ից սկսած Արմավիրի մարզում կազմակերպում է տոլմայի, իսկ այս տարվանից՝ նաև կոլոլակ-քուֆթայի փառատոն: Սեդրակ Մամուլյանը կարևորում է փառատոնի կազմակերպումն ու նշում, որ մարզում պետք է հավաքագրել ու զարգացնել տարածքին բնորոշ ազգային կերակրատեսակները:
«Մեր կազմակերպությունը հանձն է առել մարզային խոհանոցի վերականգնման գործառույթը: Գտնելով, ծանոթանալով ազգային կերակրատեսակներին՝ կկազմենք բաղադրատոմսերը և կմշակենք տեղին բնորոշ կերակրատեսակը»: Այստեղ անհրաժեշտ է մարզի բնակչության ու պատասխանատու կազմակերպությունների աջակցությունը:


Արմավիրի մարզի սահմանամերձ Փշատավան գյուղում արդեն 2 տարի կազմակերպվում է «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը, որ 1 օրվա ընթացքում հարյուրավոր զբոսաշրջիկներ է բերել գյուղ, ծանոթացրել կենցաղին ու ավանդույթներին: Ձևավորված մշակույթը նաև տեղի բնակչությանն է օգուտ բերել: Փառատոնի կազմակերպման նախաձեռնող խմբի անդամներից Լիլիթ Գրիգորյանը նշեց, որ ստեղծել են հիմնադրամ, որն ուղղվելու է փառատոնի կազմակերպչական աշխատանքներին: «1000 տարվա գյուղամեջ»-ի այցելուները ներկա են գտնվել մեղրը քամելուն և տեղում գնել: Գյուղական բակերից մեկում էլ կազմակերպվել էր սրճարան, որտեղ պատրաստվել ու հրամցվել են միայն գյուղմթերքից պատրաստված նախուտեստներ, ըմպելիքներ: Փառատոնի կազմակերպիչներից Կարինե Փանոսյանը հաճախ է զբոսաշրջիկներին ուղղորդում Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր: Արմավիրը նրա մշակած երթուղիների ցանկում է.
«Եթե Արմավիրի մարզում ունենում ես տուր, դու չգիտես այդ բնակավայրում որտեղ տանել զբոսաշրջիկներին կերակրելու, որ մարդը նոր բան տեսնի: Դա խնդիր է: Ինչու՞ Արմավիրում չպետք է լինի մի միջավայր, որ մարդը գա հատուկ տեղական գաթան ուտելու համար կամ ֆուֆթա ու մեկ այլ ուտեստ»:
Արմավիրի մարզում հյուրատներ քիչ կան, որ կարևոր մաս է մարզի տուրիզմի զարգացման համար: Փշատավանում Նարինե և Սողոմոն Սարգսյանները իրենց սեփական առանձնատունը վերածել են «Արաքսի ափին» հյուրատան: Վերջին 2 տարում շատ հյուրեր են ունենում:
«Մենք այս տարի շատ հյուրեր ունեցանք, որին նպաստեց «1000 տարվա գյուղամեջը»: Անցած տարի եկան խմբեր, որոնք այս տարի շատ խմբեր բերեցին իրենց հետ: Մերը ընտանեական բիզնես է: Աշխարհագրական դիրքը լավն է՝ Արաքսի ափին, գյուղական ուղղվածություն ունի, հյուրերը կարող են մասնակցել մշակությանը, հավաքմանն ու պատրաստմանը»:
Ճանապարհների, վերանորոգումը, գաստրոբակերի, հյուրատների առկայությունը և Արմավիրի մարզում առկա մշակութային ռեսուրսների ճիշտ ներկայացնելը կարող է զարգացնել զբոսաշրջությունը: Այս հարցում Մեխակ Ապրեսյանը կարևորվում է պատմամշակութային հուշարձանների գույքագրումն ու համագործակցությունը շահագրգիռ կազմակերպությունների ու տեղական իշխանության հետ: