ԿարևորՀասարակություն

Մեկ ամսում հնարավոր չէ զինվոր պատրաստել․ ՊՆ–ն հակադարձում է պատգամավորի առաջարկին

«Զորակոչի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը Հայաստանի համար չէ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» 2004 թվականից գործող օրենքի ժամկետն այլևս չի երկարացվելու, հետևաբար 2020-ի հունվարի 1-ից այդ կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ազատվել քրեական պատասխանատվությունից։

 «Դիրքորոշումը մեզ համար սկզբունքորեն անընդունելի է, քանի որ մեկ ամսում հնարավոր չէ զինվոր պատրաստել։ Նախագիծն ընդհանրապես Հայաստանի համար չէ»,- անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը, ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Պատգամավորը շրջանառության է մեջ է դրել օրինագիծ, որով առաջարկում է 27 տարին չլրացած ՀՀ զինապարտ քաղաքացիներին հնարավորություն տալ վճարել 10 միլիոն դրամ և ծառայել ընդամենը մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով։ 

«Զորակոչվելուց հետո ցանկացած զինծառայող անցնում է առնվազն հինգ ամսվա ուսումնական փուլ, առանց որի նա չի կարող անցնել հիմնական ծառայությանը։  Սա որևէ երկրի ուսումնական ծրագրից չի վերցվել, այլ հատուկ մեր զինված ուժերի համար է մշակվել»։

Գաբրիել Բալայանի տեղեկացմամբ՝ կառավարության դիրքորոշումը խիստ և վերջնական է՝  «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» 2004 թվականից գործող օրենքի ժամկետն այլևս չի երկարացվելու։ Օրենքի գործողության ժամկետ էր սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը,  ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ազատվել քրեական պատասխանատվությունից։ Պաշտպանության նախարարի տեղակալը հորդորեց․

«Մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է մինչև մարտի մեկը, հորդորում եմ վերադառնալ Հայաստան։ Դրանից հետո ենթադրվում է քրեական պատասխանատվություն»։

Գաբրիել Բալայանն անդրադարձավ դեկտեմբերի 2-ին ՊԲ-ի  զորամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանին և  հրազենային վիրավորումներ  ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանին առնչվող ողբերգական միջադեպին, որի առիթով հարուցվել է քրեական գործ։

Կոչ արեց  քննության ընթացքում ձեռնպահ մնալ  ոչ պաշտոնական աղբյուրներից  ստացված տեղեկատվությունը տարածելուց՝ առանց  պաշտոնական մարմնի հետ ճշտելու։ Անդրադառնալով Աջամյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Հայարփի Սարգսյանի այն հայտարարությանը, թե տվյալ զորամասում միշտ խնդիրներ են եղել, անգամ սեռական բռնության դեպք, Գաբրիելյանը նկատեց․

«Հայտարարությունների մի մասը ընդհանրապես հիմնազուրկ են և չեն համապատասխանում իրականությանը։ Բռնաբարության դեպքի մասով քրեական գործ է հարուցվել և չի հիմնավորվել։ Այդ զորամասը տպավորիչ մարտական ուղի է անցել։ Զորամասով պայմանավորել որևէ դեպք անթույլատրելի եմ համարում»։

Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա․ ԵԱՀԿ գործող նախագահի այս հայտարարության առիթով պաշտպանության նախարարի տեղակալը նկատեց․ «Էսկալացիայի հնարավորություն կա միշտ։ ԶՈՒ մարտական պատրաստությունը մենք որևէ կերպ չենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեզ համար նորություն չէ, որ կարող է էսկալացիա լինել, այնպես որ ցանկացած զարգացման պատրաստ ենք միշտ»։

Պաշտպանության նախարարի տեղակալը վստահեցրեց՝ վերջին երկու տարում լուրջ սպառազինություն է ձեռք բերվել։ Մանրամասներ չհրապարակեց։

Ցուցադրել ավելի
Back to top button