ԿարևորՀասարակություն

Թե ինչպես մարդիկ փրկեցին կենդանիներին

Կենսաբազմազանության պահպանությունը ենթադրում է նաև համայնքների ակտիվ մասնակցություն և գյուղացիների սոցիալական խնդիրների լուծում։ Ահա այս մոտեցմամբ միջազգային կառույցները փորձում են  կարմիր գրքում  գրանցված չորս տեսակների ՝ Կովկասյան ընձառյուծի, մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի  բազմացումն ապահովել Հայաստանի տարածքում։

2015թ- ից ի վեր Հայաստանի հարավից հյուսիս ստեղծվել են Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանության համար անվտանգ տարածքներ: Սա «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մասն է:  

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանի խոսքով ՝ այն միտված է նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն օգտագործմանը՝ ավելացնելով գյուղական բնակչության աղքատ խավերի եկամուտը:

« Հիմնական նպատակն է հնարավորություն տալ 4 թիրախային տեսակներին ՝ ընձառյուծին, մուֆլոնին, բեզոարյան այծին և գորշ արջին,   հանգիստ միգրացիա կատարել։ Դրա հետ մեկտեղ էլ`  նպաստել  համայնքների զարգացմանը»։

 Ծրագիրը մինչև տարեվերջ կավարտվի, արդյունքները գոհացնում են կազմակերպիչներին՝ կենդանատեսակների գլխաքանակի աճ է գրանցվել»։

«Արդյունքներ կան, իհարկե, շատացել է կենդանիների քանակը։ Օրինակ՝ բեզոարյան այծերի քանակն է ավելացել, Արփա պահպանվող լանդշաֆտում  շուրջ 200 կենդանի հաշվարկեցին, նախկինում 40-50 գլուխ էր։ Քանի որ բեզոարյան այծերի քանակն ավելացել է, երկու ընձառյուծ ֆիքսել ենք հենց այդ տարածքներում։ Արտավանում, օրինակ, երկար տարիներ էր կխտար չէր արձանագրվել, այժմ արդեն կան, լուսանի, գորշ արջի , վայրի խոզի ավելացում ևս ունենք։»

Մյուս կողմից էլ հինգ տարբեր համայնքների 10  գյուղերում բնակիչների սոցիալական բեռը թեթևացնելու և անմիջական կենդանիների պահպանությանը մասնակից դարձնելու աշխատանքներ են տարվել։ Մասնավորապես` 10 գյուղերում  ներգրավել են 12  տեսուչների, որոնք ստանում են ամենամսյա աշխատավարձ և հսկում կենդանիների տեղաշարժին, ապահովված են համապատասխան գույքով։

Բացի դրանից, «Էկոմիջանք» ծրագրի ազգային համակարգող  Արմեն Շահբազյանի խոսքով, Զանգակատուն, Սիսիան, Զառիթափ, Եղեգիս, Արենի համայնքերի տասը գյուղերին տրամադրվել է  նյութական աջակցություն․

 «Իրանք մոտ 36 հազ․ հա տարածք են տրամադրել կենդանիների պահպանության համար, բայց այդ տարածքները շարունակում են մնալ  համայնքային սեփականություն, հողի կատեգորիան չի փոխվել։ Նրանք  օգնում են իրականացնել  կենսաբազմազանության պահպանություն իրենց տարածքում ։ Արդյունքում, համայնքները մեծ գումարներ են ստանում որպես հատուցում, բացի այդ, և գյուղտեխնիկա է տրամադրվել, և ջրագծեր են ացկացվել, ճանապարհներ վերանորոգվել, յուրաքանչյուր գյուղական տանն էլ արևային տաքացուցիչներ են դրվել»։

Ի դեպ, համայնքները շարունակելու են ֆինանսավորել, կան կնքված բնապահպանական պայմանագրեր տասը տարի ժամկետով և արդեն իսկ գումարները համայնքային հաշիվների վրա են։ Գյուղերում, Մանվելյանի խոսքով, մտածելակերպ է փոխվել, մարդիկ  շահագրգռված են   պահպանել կենդանիներին, սակայն հիմա էլ մեկ այլ խնդիր է ծագել։

Կենդանիներն այնքան են շատացել, որ սկսել են անհանգստացնել իրենց խնամող գյուղացիներին։ Խոսքն արջերի մասին, որոնք չեն հրաժարվում օգտվել գյուղացիների  բերքից․

«Կենդանիների շատանալու  հետ էլ մենք ունենք որոշ խնդիրներ, հենց համայնքներն ունեն խնդիրներ։ Օրինակ՝ արջի հետ, մանավանդ Վայոց Ձորի մարզում  այգիներն են ջարդել, փեթակներ վնասել, հիմա մենք փորձում ենք այդ կոնֆլիկտը լուծել, որ մարդիկ չտուժեն կենդանիների քանակի ավելացումից»։

Այժմ  աշխատանքներ են իրականացվելու այս մասով, որպեսզի այս տարիների ընթացքում գրանցած հաջողությունը, այն է՝  մարդու մտածելակերպի փոփոխությունը բնության և կենդանական աշխարհի նկատմամբ  և  մարդ- կենդանի բարիդրացիական հարաբերությունների ստեղծումը չխարխլվի, քանի որ դրան  հասնելու համար մեծ ռեսուրսներ և ջանքեր են պահանջվել։

Ցուցադրել ավելի
Back to top button