ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանության բանաձևը երրորդ անգամ չընդգրկվեց ԱՄՆ Սենատի օրակարգում

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվել է քննարկել սենատորներ Մենենդեսի ու Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը

Արդյոք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը, հարցադրմամբ, ինչպես «Ամերիկայի Ձայնն» է գրում, հանդես է եկել ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին անգամ Սենատում բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն` օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի ընդգրկմանը օրակարգում, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:

Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ է արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 բանաձևի ընդգրկմանը օրակարգում:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- նշել է սենատոր Մենենդեսը:

Դեմոկրատ սենատորին միացել է իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, որն ընդգծել է՝ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև: Քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը հանրապետական սենատորը վստահություն է հայտնել, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, սակայն դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,- ընդգծել է սենատոր Քրուզը:

Բանաձևի առաջադրմանը սակայն դեմ է հանդես եկել Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, իսկ 2018 թվականից սենատի անդամ Քրամերը գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար:

«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:

Ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի, մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում: Այսպիսով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվել է Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից:

Արձագանքելով դրան՝ սենատոր Մենենդեսն ընդգծել է, որ դժվար է ընտրել ճիշտ ժամանակ այս քայլի համար: Նա վստահեցրել է, որ կշարունակի պայքարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close