ԿարևորՀասարակություն

Գիտաժողով՝ ադրբեջանական կեղծիքի դեմ. թալիշները, լեզգիները փաստեր են ներկայացնում

Երեւանում են Կովկաս– կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ։ Նրանք մասնակցում են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի եւ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի կազմակերպած  «Կովկաս-կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» միջազգային գիտաժողովին։ «Ռադիոլուրը» զրուցել է Ադրբեջանում բնակվող բնիկների՝ թալիշների, լեզգիների հետ, որոնք եւս մեկ անգամ նշել են, որ երեւանյան համաժողովը հարթակ է, որտեղ հնարավոր է բարձրացնել եւ ճշմարիտ լույսի ներքո միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ոտնահարված իրավունքները եւ արդարացի պահանջը։

Երեւանում կազմակերպվող ցանկացած համաժողովից առաջ, որը մասնավորապես վերաբերում է Կովկաս-կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների պատմությանը եւ ներկայիս վիճակին, Ադրբեջանը հիստերիա է բարձրացնում։ Այս անգամ եւս բացառության չեղավ։ Պետական  տարբեր խողովակներով սնվող ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց հականյութեր հրապարակել՝  կրկին խեղաթյուրելով պատմական փաստերը։

Որո՞նք են Ադրբեջանի ֆոբիաները` վախերը։ Միջազգային գիտաժողովի կազմակերպիչ Վարդան Ոսկանյանը նշում է, որ Կովկաս-կասպյան տարածաշրջանի իրական տեղաբնիկ ժողովուրդների մասին պատմական անհերքելի փաստեր վեր հանելով, գիտական օբյեկտիվության շրջանակներում մերկացվում է ադրբեջանական մտացածին պատմությունը։ Այսպես ասած, գիտական և ինտելեկտուալ գերակայության գործադրմամբ՝ դժվարություններ է ստեղծվում Ադրբեջանի համար, որը հետո պետք է ռեսուրսներ ծախսի դրանք հերքելու համար։

Վարդան Ոսկանյանը նաեւ հավելում է, որ ցանկացած արձագանք Բաքվի կողմից ապացուցում է, որ Ադրբեջանում բնակվող  փոքրամասնությունները խնդիրներ ունեն տվյալ երկրում եւ խնդիրներ են հարուցում այդ երկրի համար։

Հայաստանցի գիտնականներից բացի, երկօրյա գիտաժողովին մասնակցում են մոտ 20 օտարերկրյա մասնագետներ և հասարակական գործիչներ, այդ թվում Կովկաս-կասպյան տարածաշրջանի տեղաբնիկների` թալիշների, լեզգիների, ավարների, օսերի և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Զրուցակիցներս միաբերան պնդեցին, որ մեծ սպասումներով են եկել Հայաստան, քանի որ այլ հարթակներ չկան իրենց խնդիրները ներկայացնելու ու իրավունքները պաշտպանելու համար։

Թալիշ ժողովրդի ներկայացուցիչ Իսմայիլ Շաբանովը, որն այժմ բնակվում է Ռուսաստանում եւ «Թալիշական սփյուռք» հ/կ նախագահն է, մեզ հետ զրույցում նշում է, որ ադրբեջանցիներն այսօր յուրացրել են բնիկ ժողովուրդների, մասնավորապես թալիշների մշակույթը, գիտական ձեռքբերումները, եւ վարվող պետական ուծացման քաղաքականությունը սպառալիք է թալիշների համար։

«Ինչից են վախենում, մտածում եմ։  Ուրեմն ինչ–որ բան կա։ Ուրիշների ոչնչացումն ու ուծացումը եւ դրա հիմքի վրա սեփական երջանկության կառուցումը ապագա չունի։ Սարսափելի է, երբ հանում են թալիշներին իրենց բնօրրանից, սեփականաշնորհում են մշակույթը, արգելում խոսել մայրենի լեզվով։ Ադրբեջանն իր պատմությունն այնքան է ուռճացրել, որ անգամ դաշնակից պետությունների պատմաբաններն են կասկածանքով վերաբերվում, քանի որ ներկայացված պատմության 5 տոկոսն անգամ իրականություն չէ։ Թալիշ ժողովուրդին ցանկանում են  դուրս հանել պատմության էջերից։ Մենք աղաղակում ենք դրա մասին։ Այսօր նրանք արգելում են մեզ ամեն ինչ, անգամ օրենքով արգելված է թալիշ բառի օգտագործումը։ Մեր ժողովուրդը դա գիտակցում է։ Մեզ չեն ների երիտասարդները։ Մենք փոքր ժողովուրդ ենք, ու մեզ ոչնչացնել են ուզում»։

Քաղաքագետ, Աշխարհաքաղաքական հետազոտությունների «Թալիշ» կենտրոնի փորձագետ, թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զահիրադդին Իբրահիմին իր հերթին հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտ թշնամանքով է վերաբերվում տեղաբնիկ թալիշներին։ Պետականորեն կեղծ տվյալներ է ներկայացվում, թե այնտեղ բնակվող թալիշները 120 հազարի են հասնում, բայց, ըստ Իբրահիմիի, կես միլիոնից ավելի թալիշ է բնակվում Ադրբեջանական Հանրապետությունում․

«Այսօր թալիշները փորձում են վերադառնալ իրենց ակունքներին։ Բարեբախտաբար, սկսել են կրկին սովորել իրենց մայրենի լեզուն, սկսել են նորից իրենց ձայնը բարձրացնել։ Սակայն Ադրբեջանում չկա և մեկ դպրոց, որտեղ թույլատրվի թալիշերեն դասավանդել։ Ես պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանը Եվրոպային խաբում է, թե ունի թալիշական դպրոցներ, ունի թալիշերեն հեռուստատեսություն, ռադիո, մամուլ։ Դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում»։  

Սեւծովյան–կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն էլ գիտաժողովի ընթացքում հայտարարեց, որ այնքան է խեղաթյուրվել տարածաշրջանի իրական պատմությունը, որ դա արդեն վտանգավոր է։ «Բայց իրական փաստերը, անգամ ահռելի գումար ներդնելու դեպքում էլ, հերքել հնարավոր չէ»,–ասում է Զախարովը։

«Պատմական փաստերի խեղաթյուրմամբ զբաղվողները ասում են, որ Խորհրդային Միության ժամանակ իրականությունը թաքցվում էր, իսկ այսօր բացահայտվում է։ Ստալինն իր ձեւով էր տեսնում կովկասաբնակների խնդրի լուծումը։ Նա բաժանեց Կովկասը, իրարից առանձնացրեց  նույն ժողովուրդներին, ոմանց արտաքսեց՝  իրականացնելով իր թեզը՝ չկա ժողովուրդ, չկա` խնդիր։ Առ այսօր Կովկասի ժողովուրդները խաղաղության մեջ չեն ապրում, շատերը ապրում են մտացածին պատմությամբ` հարեւաններին համարելով թշնամիներ։ Սա ահավոր է։ Խնդիրները շատ են կուտակվել, բայց պատմական փաստերը հերքել հնարավոր չէ, իսկ նման գիտաժողովները շատ կարեւոր են ժամանակակից գիտության եւ Կովկասում խաղաղություն հաստատելու համար»։ 

Ըստ միջազգային գիտաժողովի կազմակերպիչ Վարդան Ոսկանյանի, նման քննարկումներով Հայաստանը փորձում է վերագտնել այն հնարավորությունները, որ մեր պետությունն ու ժողովուրդն ունեցել է հազարամյակներ շարունակ։ Սկսած 5-րդ դարից հայերն ունեցել են կապեր տարածաշրջանի ժողովուրդների հետ։ Հիմա ակադեմիական բաղադրիչից բացի մենք փորձում ենք գտնել նույն այդ ժողովուրդների հետ կապեր մշակութային, հասարակական և գիտական տիրույթում։  Կապեր, որոնք կօգնեն Հայաստանը վերածել բևեռի` ասում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button