ԿարևորՀասարակություն

Ամանորյա միջոցառումների բյուջեն ավելացել է․ աղմուկ ավագանիում

Երևանի ավագանու որոշմամբ՝ ամանորի տոնական ծախսերն ավելացվել են մոտ 280 մլն դրամով։ Այս գումարը տրվել է  կառավարությունը։ Տոնակատարության համար Երեւանի բյուջեից հատկացվել է եւս 50 մլն դրամ։ Այս որոշմանը շատ բուռն են արձագանքել ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստում հ մոտ 280 մլն դրամով (277 մլն 797 հազար դրամ) ավելացրեց 2019 թվականի բյուջեի նպատակային հատկացումները։ Այն կուղղվի ամանորյա տոնակատարությունների կազմակերպմանն ու անցկացմանը։ Այս գումարը տրամադրել է կառավարությունը, եւս 50 մլն դրամ նախատեսված էր քաղաքային բյուջեով։ Տոնակատարությունների համար այս հատկացումները ավագանու ընդդիմադիր խմբակցությունները որակեցին «ճոխ ծախսեր»։

«Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը հիշեց անցած տարի  71 մլն դրամ գնված տոնածառը, որը, ըստ նրա, հասարակության մեջ բողոքի ալիք բարձրացրեց։

«Հիմա ուզում եմ հասկանալ , էս ի՞նչ դուխով եք  էսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված հարցեր»։

ԲՀԿ–ից Հռիփսիմե Առաքելյանը փորձեց պարզել, թե Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը  երգիչ Գորան Բրեգովիչի համերգը որքան է արժեցել բյուջեի վրա և ինչպես է որոշվել, որ  հենց նա պետք է հրավիրվի Հայաստան։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էր պատասխանողը։ Հոնորարի թվերից տեղյակ չէ, համերգի կազմակերպիչը մասնավոր ընկերություն է։ Նրանց երկխոսությանը միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, եթե մենք ընկերության ենք  տվել կատարել այդ աշխատանքները, մենք չգիտե՞նք, թե ինչքան բյուջե ենք հատկացրել, որ Բրեգովիչին հրավիրենք»,– ասաց ավագանու անդամը։

«Այդ տվյալներն իմանալու համար, առաջարկում եմ գրավոր դիմում ներկայացնել և եթե իրավական խնդիրներ չլինեն, ապա  այդ տվյալները կներկայացվեն»,– ասաց քաղաքապետը։  

Ավագանու ընդդիմադիր անդամին դուր չէր գալիս, որ նման ճոխ ծախսերով ցանկանում ենք համեմատվել Թբիլիսիի հետ։

«Չեմ հասկանում, մենք իդեաների , նորարարության գեներացման   խնդիր ունենք։ Այսինքն՜ մեկ ուրիշ քաղաքի  լուծումներն արդեն փորձում ենք Երևանում իրականացնել։ Թբիլիսում  իրականացվող միջոցառումները  լրիվ նույնությամբ անում ենք նաև Երևանում»։

Մեկ այլ ընդդիմադիր էլ` Միքայել Մանրիկյանը խորհուրդ էր տալիս գումարներն ուղղել պոլիկլինիկաների վերանորոգման ու վերելակային տնտեսության թարմացմանը։

«Սա զավեշտալի է, որովհետև եթե մենք 325 մլն դրամ կարող ենք  հատկացնել տոնակատարություններին, սակայն, օրինակ, 250 մլն  հատկացնել առողջապահական երկու հիմնարկի  կտուրների վերանորոգման և  շտապօգնության  առաջին, երկրորդ և չորրորդ ենթակայանների  վերանորոգման համար»։

«Բարգավաճ Հայաստանից» Արմեն Ներսիսյանն ամբիոնին մոտեցավ ձեռքին փողկապով։  Նվերը քաղաքապետի համար էր։ Ժողովրդավարական երկիր ենք` փողկապ կապեք»,- խորհուրդ տվեց քաղաքապետին։

«Եթե թույլ տաք սա կնվիրեմ շեյխերին և շեյխուհիներին»,- հակադարձեց քաղաքապետը։

Իսկ «Իմ քայլից » Լևոն Հովհաննիսյանը ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց ձեռնպահ մնալ պոպուլիստական հայտարարություններից։ Տնտեսագիտական հաշվարկներով` ցանկացած  զբոսաշրջիկ  հետագայում մուլտիպլիկատիվ ծախս է ներկայացնելու, սրանք կապիտալ ծախսեր են, եւ համայնքը ձեռք բերած գույքը հետագայում էլ կարող է օգտագործել` ասաց։

«Ես զարմանում եմ,  կամ դուք ընդհանրապես տնտեսագիտությունից չեք հասկանում, կամ  էլ եկել եք,  խոսում եք այնպիսի բաների մասին, որին չեք տիրապետում։ Ցանկացած տուրիստ հետագայում մուլտիպլիկատիվ ծախս է ներկայացնում։  Եվ նման մանկապարտեզային զրույցների թարգը տվեք։ Անպայման պետք է մանրակրկիտ բացատրենք, որ դուք հասկանաք»։

Ամանորի տոնակատարությունների առանցքում այս տարի եւս լինելու է Հանրապետության հրապարակը։

Ցուցադրել ավելի
Back to top button