ԿարևորՏնտեսական

Պատգամավորների առաջարկի ընդունումը բյուջեի ծախսերը կավելացներ 368 մլրդ- ով. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դժգոհ են

2020 թվականի բյուջեի նախագիծը այսօր խորհրդարանում քննարկվեց վերջին անգամ։ Ընթացակարգի համաձայն՝ պատգամավորները երկու անգամ են ստանում առաջարկություններ անելու հնարավորություն՝ մեկը ճյուղային հանձնաժողովներում քննարկելուց, երկրորդը՝ Աժ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկումից հետո։

Այսօր արդեն կառավարությունը ներկայացրել է, թե որքան առաջարկ է ստացել, որոնք է ընդունել եւ ինչ վերջնական տեսք է ունենալու հաջորդ տարվա բյուջեն։ Այն ներկայացնելու համար այսօր կրկին խորհրդարան էր եկել կառավարությունը ողջ կազմով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

160 առաջարկ՝ շուրջ 368 միլիարդ դրամի ծախս ավելացնելու համար։ ԱԺ 3 խմբակցությունները միասին այսպիսի փոփոխված բյուջե են ցանկացել տեսնել վերջին քննարկումից առաջ։ Կառավարությունը գնահատել է ուժերն ու ծախսերի նպատակահարմարությունը։

« Ըստ էության` առաջարկությունների նկատմամբ վերաբերմունքն այնպիսինն է եղել, որ մենք փորձենք ունենալ համակարգված մոտեցում։ Փոխարենը՝ հատվածավորված եւ առանձին կոնկրետ միջոցառման հետ կապված նախաձեռնություններ էին քննարկման։ Այստեղ կարեւորը ոչ թե գումարն է կամ գումարի չափն է, այլ՝ այն արդյունքները, որոնք նպատակադրվում են»,- ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հենց սկզբից վարչապետի կողմից «հեղափոխական» որակում ստացած բյուջեն նախատեսում է ապահովել 4.9 տոկոսի տնտեսական աճ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Ֆինանսների նախարարն ասում է, որ հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի:

«10%–ի չափով աճել են միջինում կենսաթոշակները 2020-ի նախագծով եւ էլի մի շարք սոցիալական բնույթ ունեցող հատկացումների աճ է նախատեսված, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացման համար այս փոփոխություններում նույնպես միջոցներ նախատեսված են՝ ինչպես հայտարարված աշխատավարձերի բարձրացման, այնպես էլ Աժ–ում առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակահատվածի հետ համընկած «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքները նույնպես արտացոլված են։ Բնակարանային խնդիրների լուծումը նույնպես ուշադրության արժանի հանգամանք է։ Մեր հավակնություններն ավելի մեծ են եւ մենք ակնկալում ենք, որ 2020 թվականին մեր տնտեսական աճն ավելի բարձր եկամուտների մակարդակ ունենալու ավելի մեծ հնարավորություններ է ընձեռելու»,– նշեց Ջանջուղազյանը։

Հայաստանը շարունակում է գնահատվել որպես պարտքի նվազ բեռ ունեցող երկիր։ 2020 թվականից սկսած փոխվում է տրամաբանությունը՝ բյուջետային աջակցության վարկերով չի փակելու եղած դեֆիցիտը։ Բայց 2020–ը հատկանշական է մեկ այլ նպատակով։ Թողարկված եվրապարտատոմսերի մարման առաջին տարին է։ Ֆինանսների նախարարը բացառում է, որ այն ռիսկային է լինելու։

« Որովհետեւ վերաֆինանսավորվել է այդ մարման ենթակա գումարի գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 75 տոկոսը, իսկ մնացածի համար միջոցները պահուստավորված են եւ 2020 թվականին դրանք լրացուցիչ բեռ իրենցից չեն ներկայացնելու պարտքի սպասարկման տեսակետից»։

Թեեւ հաջորդ տարվա բյուջեի կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ, որոշ ոլորտների ֆինանսավորման ավելացում կամ պակասեցում, բայց առաջարկություններ ներկայացրած 3 խմբակցություններից երկուսը դժգոհ մնացին։ Կառավարության հիմնավորումները չգոհացրեցին ոչ «Բարգավաճ Հայաստան», ոչ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամներին։ Ֆինանսների նախարարին ուղղված հարցապնդումները երբեմն լարում էին մթնոլորտը։  

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանում սկսվել էր դեռ նոյեմբերի 13–ից՝ ճյուղային հանձնաժողովներում։ Այն ժամանակվանից արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է իր դժգոհությունների եւ դեմ քվեարկելու մտադրությունների մասին։  Տրամադրություններն էականորեն չեն տարբերավում նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների մոտ։ 2020 թվականի բյուջեի նախագծի վերջնական քվեարկությունը տեղի կունենա վաղը։

Back to top button