ԿարևորՀասարակություն

Տակեո Կանադեին կշնորհվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոկտորի կոչում

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեին։

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Տակեո Կանադեին համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Տակեո Կանադեին կշնորհվի ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում:

Համալսարանում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, բուհի ղեկավար անձնակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:

Տակեո Կանադեն կարևոր ներդրում է կատարել մի շարք ոլորտներում` սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից մինչև նորարարական սարքեր և ալգորիթմեր, որոնք լայնորեն օգտագործվում են այսօր: Նրա ամենավաղ աշխատանքը եղել է դեմքի ճանաչման մասին, որտեղ նա  մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնք կարող էին նկատել շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ: Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ՝ ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկերի ստացման հիմնական ալգոռիթմը՝ հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար: Նրա հետաքրքրությունը շարժման վերլուծության ոլորտում հանգեցրել է եռաչափ պատկերների ուսումնասիրությանը և երկկողմանի պատկերներից եռաչափ տեղեկություններ ստանալու մեթոդներին:

1981թ. նա ստեղծել է մի աննախադեպ տեսություն, թե ինչպես վերականգնել օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից (հայտնի է որպես «Origami World» տեսություն): Նա նաև ստեղծել է «Վիրտուալ իրականություն» հասկացությունը, որում տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը կարող է օգտագործվել ցանկացած տեսանկյունից նոր տեսարաններ ստեղծելու համար: Կանադեի նորարարությունները ներառված են մի քանի ինքնավար ռոբոտների մեջ, այդ թվում` ինքնագնաց մեքենայի, ինքնագնաց ուղղաթիռի և կոնքոսկրի փոխարինման համակարգչային վիրաբուժության համակարգի մեջ, որը ներկայում կլինիկական փորձարկումներ է անցնում:

Տես նաև՝ Հայաստան կգա «վիրտուալ իրականության» հեղինակը

Ցուցադրել ավելի
Back to top button