ԿարևորՄիջազգային

Սկանդալային հայտարարություններ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում

Լոնդոնում ընթացող ՆԱՏՕ անդամ երկրների գագաթաժողովը մեկնարկել է քաղաքական մի շարք սկանդալներով՝ կապված ԱՄՆ, Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների՝ դաշինքի ապագայի հարցում ուրվագծված անհամաձայնությամբ՝ գրում է «Ամերիկայի Ձայնը»:

Լոնդոնում սկսվել է ՆԱՏՕ անդամ երկրների գագաթաժողովը, որի ընթացքում բախվել են ԱՄՆ նախագահ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Մաքրոնը՝ Սիրիայում ԴԱԵՇ -ի դեմ պայքարի հարցի շուրջ:

«Նրանցից շատերը Ֆրանսիայից են, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից: Նրանց մեծ մասը Եվրոպայից են: Չենք խոսել այս հարցի շուրջ նախագահի հետ: Եթե ցանկանում եք, կարող ենք Ձեզ փոխանցել ԴԱԵՇ -ի զինյալներին: Կարո՛ղ եք վերցնել բոլորին»,- ասել է նախագահ Թրամփը:

«Եկե՛ք լուրջ մոտենանք հարցին: Ձեզ մոտ եղած զինյալների մեծ մասը Սիրիայից, Իրաքից ու այլ վայրերից են»,- արձագանքել է Մաքրոնը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ շարունակում է մնալ վերջերս իր հարցազրույցի ընթացքում արտահայտած կարծիքին՝ նշելով, որ այսօր Թուրքիան հարձակվել է Սիրիայում նրանց դեմ, ովքեր ուս ուսի կռվել են ԴԱԵՇ -ի դեմ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ:

Իր հերթին Թրամփն ընդգծել է, որ այսօր դաշինքի անդամները սկսել են ավելի շատ գումար տրամադրել պաշտպանությանը, և դա ԱՄՆ ճնշումների շնորհիվ է:

Վերջին շրջանում, ինչպես նշում է «Ամերիկայի Ձայնը»-ը, ռազմական դաշինքի անդամ երկրների միջև ավելի ու ավելի հաճախ են գրանցվում հակասություններ: Թուրքիան վերջերս անտեսել էր ՆԱՏՕ-ի բացասական կարծիքը և ռազմական գործողություններ սկսել հյուսիսային Սիրիայում քրդերի դեմ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ դեմ հանդես կգա Ռուսաստանից մերձբալթյան երկրներին պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին, եթե դաշինքը չճանաչի քրդական ուժերին որպես ահաբեկիչներ:

Փորձագետների կարծիքով դաշինքում առկա է լարվածություն , որը պամանավորված է առաջնորդների միջև բարդ հարաբերություններով, մասնավորապես նախագահներ Թրամփի, Մաքրոնի ու Էրդողանի միջև:

Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթնբերգը պնդում է, որ դաշինքում տիրում է առողջ մթնոլորտ՝ մատնանշելով կոլեկտիվ անվտանգությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Այս օրերի հիմնական հարցերից է, թե արդյոք վերջին զարգացումներն ընդամենը առաջնորդների միջև անհամաձայնությունների դրսևորումներ էին , թե այս ամենը արտացոլում է ռազմական դաշինքում առկա լուրջ խնդիրները:

Ցուցադրել ավելի
Back to top button