ԿարևորՀասարակություն

Շանս 30 տարի անց․ կօգտագործե՞ն բնակիչները

ՀՀ կառավարությունը ներկայացրել է նախագիծ, որի համաձայն Կապանի Շինարարների 20 և Սիսիանի Ֆիզկուլտուրնիկների 6 վթարային քանդման ենթակա շենքերի 109 ընտանիքների  բնակարանային պայմանների բարելավման համար 2019 թվականին կտրամադրվի 615 մլն 342 հազ դրամ ֆինանսական աջակցություն, պայմանով, որ երկու ամսում պետք է լքեն շենքը։ Բնակիչների մի մասը համաձայն է, մյուս մասը՝ դեմ։ Իսկ կառավարություն նախագիծը որպես որոշում կընդունվի միայն  երկու քաղաքների վթարային շենքերի բոլոր բնակիչների համաձայնություն դեպքում: Բնակիչները որոշում կայացնելու համար ունեն 16 օր ժամանակ։

Կապանի Շինարարների 20 և Սիսիանի Ֆիզկուլտուրնիկների 6 վթարային քանդման ենթակա շենքերի խնդիրը  արդեն 30 տարի  է՝ գլխավորում է այս քաղաքների առաջնահերթ խնդիրների ցանկը։ Սայլը տեղից շարժվեց․ կառավարությունը վերջերս ներկայացրել է մի նախագիծ, որի համաձայն հիշյալ շենքերում բնակվող 109 ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի` պայմանով, որ երկու ամսում պետք է լքեն շենքը։ Բնակարանների շուկայական գինը որոշվել է Կապանում 1 սենյականոց բնակարանի համար՝ մոտ 5 մլն դրամ (4մլն 887հզ), 2 սենյականոցի համար մոտ 6 մլն (5մլն 973 հզ), 3-ի համար՝ մոտ 7 մլն (7մլն 59հզ դրամ)։

Սիսիանում 1 սենյականոցի համար կտրամադրվի մոտ՝ 4 մլն (3 մլն 834 հզ), 2-ի համար՝ մոտ չորսուկես մլն (4մլն 686 հզ), 3-ի համար՝ մոտ հինգուկես մլն (5 մլն 538 հզ), 4-ի համար` մոտ վեցուկես մլն (6մլն 390 հզ) դրամ։ Երկու քաղաքներում էլ  բնակիչները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։

Կապանի բնակիչ Ամասիա Առաքելյանն ասում է․ «Ի՞նչ գումար են տալիս, որ համաձայնվեմ։ Ինձ բացատրի տեսնեմ հիմա Կապանում որտե՞ղ է երեք սենյականոցը 14 հազար դոլարով վաճառվում։ Ո՞ւր պիտի գնամ։ Անձրևանոցը դնեմ տակը նստեմ, թե ձմեռն անց եմ կացնում, թե՞ ոնց։ Այդպիսի բան կլինի՞։ Գոնե 20- 22 հազար լինի երեք սենյականոցը, որ կարողանան մարդիկ մի բանի հասնեն»։

Կապանի բնակչուհի Անուշ Պետրոսյանն է․ «Ես համաձայն եմ, լիովին համաձայն եմ։ Տղաս Երևան ուսանող է, գնացել ենք վարձով ենք մնում։ Սպասում ենք այդ գումարին։ Կտան, մենք էլ մի քիչ վարկ կվերցնենք, տուն կվերցնենք»։


Սիսիանի Ֆիզկուլտուրնիկների 6 շենքի բնակիչ Զոյա Հովհաննիսյանը նույնպես համաձայն է կառավարության առաջարկին․ «Մեզ հարմար է գումարը։ Գումարը վերցնենք, ինչքան էլ որ կլինի, մենք գումարը կավելացնենք, մեր կյանքը կապահովենք»։

Սիսիանի բնակչուհի Աստղիկ Ալավերդյանն էլ համաձայն է մասնակի․«Ունեմ չորս սենյականոց բնակարան, ես համաձայն եմ չորսը տամ երեքը վերցնեմ, բայց այդ գումարով մենք նույնիսկ երեք սենյականոց բնակարանում չենք կարող ապրել։ Ինչ անենք, գնանք մեկ սենյականոց առնե՞նք, չէ՞ որ մերը 94 քառակուսի է, գոնե երեքի գումար իրենք չեն տալիս մեզ»։

Սյունիքի մարզպետարանի բնակարանային և   ենթակառուցվածքների բաժնի պետ Էդուարդ Միրզոյանը դժվարանում է հասկանալ առաջարկը մերժող բնակիչներին. «Իմ կարծիքով` սա ուղղակի մարդկային գործոնն է, իրենք մտածում են` քանի դեռ կառավարությունը փող է տալիս, ինչքան շատ տա, այդքան լավ։ Այս հոգեբանությունն է մարդկանց մոտ։ Այս նույն մարդիկ ժամանակին խնդրում էին, որ թեթև օգնության պայմաններում կարող են իրենց բնակարանային խնդիրները լուծել, իսկ այսօր, եթե 5․ 6, 7 միլիոն փող ենք  տալիս, մարդիկ ասում են էլի քիչ է։ Իմ համոզմամբ` այս գները լրիվ նորմալ է  տուն գնելու համար»։

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը  նշում է` համաձայն չեն նրանք, ովքեր հավելյալ ծախսեր են կատարել իրենց բնակարանների համար։

«Ըստ նրանց` իրենց բնակարանի շուկայական գինն ավելին է, քան առաջարկում է պետությունը, բայց կարծում  եմ, որ այս խնդիրը առնվազն 25 տարի չի լուծվել, բայց այսօր ստացել է դրական լուծում։ Կարծում եմ, որ ոչ Կապանի կենտրոնից, բայց «Հալիձոր», «Ձորք» թաղամասերում հնարավոր է այդ գներով համարժեք բնակարաններ գնել։ Ուզում եմ շեշտել, որ պետությունը սա չի դիտարկում որպես փոխհատուցում, այլ տրամադրում  է գումար բնակիչների բնակարանային պայմանները բարելավելու համար»։

Վերջնական որոշումով գրությունը մարզպետարանից կառավարություն պետք է ուղարկվի դեկտեմբերի 20-ին: Կառավարությունը որոշում կընդունի միայն, եթե առաջարկն ընդունելի լինի երկու քաղաքների վթարային շենքերի բոլոր բնակիչների համար։ 

Ցուցադրել ավելի
Back to top button