ԿարևորՄիջազգային

Մակրոնի կենսաթոշակային ռեֆորմը ալեկոծել է Ֆրանսիան

Ֆրանսիայում այսօր մեկնարկած համընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995 թվականից ի վեր։ Առավոտվանից փակ է Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը, կաթվածահար է երկաթուղիների ցանցը, չեն աշխատում ուսումնական հաստատությունները:

Բողոքում են ուսուցիչները, ոստիկանները, հասարակական տրանսպորտի վարորդները, դատարանների աշխատակիցները, ավիադիսպետչերները։ Չեն գործում բազմաթիվ ուսումնական հաստատություններ։ Մարսելում և Թուլուզում ամբողջությամբ դադարեցվել են երկաթուղային փոխադրումները քաղաքների կենտրոնական թաղամասերի և արվարձանների միջև, արագընթաց  գնացքների աշխատանքը ապահովվում է 10 տոկոսով: Իշխանությունները նախապես՝ դեռ մեկ ամիս առաջ են իմացել սպասվող գործողության մասին և փորձել են պատրաստվել՝ խուսափելու տրանսպորտային կոլապսից և տնտեսությանը հասցվելիք լուրջ հարվածից։

«Իրավիճակն այդքան լարված չէ, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները։ Կան հասարակական տրանսպորտի ուշացումներ, բայց երթևեկությունը կաթվածահար չէ»,– Փարիզից փոխանցում է Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցը՝ Լիանա Մարգարյանը։

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է չեղարկել մասնագիտական ավելի քան չորս տասնյակ խմբերի համար տարիներ առաջ ներդրված արտոնությունները, որոնք թույլ էին տալիս Ֆրանսիայի բնակչության մի զգալի մասին ավելի վաղ գնալ թոշակի` անհամեմատ ավելի մեծ կենսաթոշակ ստանալով: Ֆրանսիայում կան մի քանի տասնյակ կենսաթոշակային ծրագրեր։ Մակրոնն ասում է, որ համակարգը բարդ է և թանկարժեք, ցանկանում է համընդհանուր կանոններ սահմանել բոլորի համար։ Ֆրանսիայի նախագահի ծրագիրը ենթադրում է բալային համակարգի ներդրում, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշխատած օրը։ Երկրի համար տնտեսական օգուտը հետևյալն է. ըստ Մակրոնի, պետք է կրճատվի կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման ընթացքում նկատվող դեֆիցիտը, որի ծավալը, ըստ կառավարության ներկայացուցիչների, մոտ ապագայում կարող է աճել` հասնելով մի քանի միլիարդ եվրոյի:

Չնայած Ֆրանսիան աշխարհի ամենազարգացած  պետություններից մեկն է, սակայն կյանքը երկրում շարունակում է դժվարանալ։

«Բողոքի գործողություններն սկսվեցին վառելիքի գների բարձրացումից, սակայն հետագայում բողոքը ավելի մասշտաբային բնույթ ստացավ։ Ֆրանսիացիները բողոքում են երկրի տնտեսական դրությունից, բարձր հարկերից, իրենց կենսակերպից։ Ֆրանսիայում, հատկապես Փարիզում ապրելը շատ թանկ հաճույք է։  Հարկերը բարձր են, առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են թանկանալ։ «Բագետ» տեսակի հացը, օրինակ, մեկ տարի առաջ արժեր 90 ցենտ, հիմա արդեն մեկ եվրո, կամաց–կամաց ամեն ինչի գինը բարձրանում է։  Ֆրանսիան ամենազարգացած պետությունների առաջին տասնյակում է, սակայն շարքային ֆրանսիացու կենսամակարդակն այդքան էլ բարձր չէ»։

Բողոքի գործողությունը մեկ օրով չի սահմանափակվում, որոշ արհմիությունների ղեկավարներ նախազգուշացրել են, որ չեն դադարեցնի գործադուլը, քանի դեռ Մակրոնը չի հրաժարվել իր ծրագրերից։

Բողոքի գործողությունների ֆոնին ներկայացվել են նաև սոցհարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ ֆրանսիացիների գրեթե  70% սատարում են բողոքավորներին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button
Close