ԿարևորՎերլուծական

Ինչ կասեն ՄԽ համանախագահները

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարեսկզբին: ԼՂՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ մոտավորապես 3.5 ժամ տևած հանդիպման ընթացքում սկզբունքային բանավեճ է տեղի ունեցել՝ Արցախին բանակցություններում ներգրավելու հարցի շուրջ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ կարծում է, որ մինչև հանդիպումը Բաքվից հնչած կոշտ դիրքորոշումը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է հրաժարվեր բանակցություններից։

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում կայացած Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հետո, ինչպես և միշտ, հայկական ու ադրբեջանական կողմերը իրարամերժ տեղեկություններ են տարածում։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը անընդունելի է համարում տրամագծորեն իրարից տարբերվող մոտեցումների պայմաններում Հայաստանի՝ բանակցություններին մասնակցելը։ Նրան հատկապես անհանգստացնում են հանդիպումից առաջ հնչած ձևակերպումները․

«Հենց սկզբից ադրբեջանական կողմը հանդիպման էր եկել իր օրակարգով՝ պնդելով տարածքային ամբողջականության սկզբունքն ու Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկությունը։ Նման պայմաններում հայկական կողմն ընդհանրապես չպետք է բանակցեր։ Դա նշանակում է, որ թելադրողը Ադրբեջանն է եղել։ Եթե հակառակն է տեղի ունեցել,  ապա հայկական կողմը պետք է ներկայացներ, բայց առայժմ նման բան չի եղել։ Հայակական կողմն ասում է՝ եկեք շփումները ակտիվացնենք»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի արտգործնախարարության  տարածած հայտարարության մեջ նշվում է, որ  Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են  հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։

Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես՝ կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ մոտավորապես 3.5 ժամ տևած հանդիպման ընթացքում սկզբունքային բանավեճ է տեղի ունեցել՝ Արցախին բանակցություններում ներգրավելու ուղղությամբ։ Նա առավել ուշագրավ է համարում  ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝  մինչև Մնացականյան–Մամեդյարով հանդիպումն արած  հայտարարությունը, թե պետք է սպասել հնգակողմ հայտարարության, եթե դա չլինի,  ապա՝ միջնորդների եռակողմ հայտարարությանը․

«Կարծում եմ՝ հանդիպումը էական չի եղել։  Դատելով ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարությունից ու հաշվի առնելով, որ հանդիպումը տեւել է 3.5 ժամ՝ կարծում եմ, որ  հայկական կողմը պնդել է, որ Արցախը մասնակցի բանակցություններին, ինչին ընդդիմացել է ադրբեջանական կողմը»։

Առայժմ ոչ հնգակողմ հայտարարություն կա, ոչ եռակողմ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close