ԿարևորՀասարակություն

Ե՞րբ կլուծվի աղետի գոտու փայտե կացարաններում ապրող բնակիչների խնդիրը

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման 2008-2020թթ. ծրագրի շահառու են ճանաչվել Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի 5396 ընտանիք:

2019–ին Սպիտակի երկրաշարժից տուժած 288 ընտանիք ապահովվել է բնակարանով: Ընդհանուր առմամբ`լուծվել է 4838 ընտանիքի բնակարանային խնդիրը: Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը լուծում կստանա գալիք տարում։ 

1988 թվականի երկրաշարժից անցել է 31 տարի, սակայն «աղետի գոտի»   արտահայտությունից  դեռևս  ձերբազատվել  չի հաջողվում։ 2019–ին   Սպիտակի երկրաշարժից տուժած 288 ընտանիք ապահովվել է բնակարանով:   Ընդհանուր առմամբ, լուծվել է 4838 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդուհանդերձ` մինչեւ այսօր էլ կան տնակներում և փայտյա կացարաններում ապրողներ։ Աղետի գոտում ներառված քաղաքներից է նաև Ստեփանավանը։ 88- ի աղետալի երկրաշարժից հետո միջազգային դոնորների աջակցությամբ փայտե կացարաններ կառուցվեցին, որոնք այդ պահին լուծեցին բնակիչների ՝ փողոցում չհայտնվելու խնդիրը։

Խոսքը Աշոտաբերդ և Գերմանական կոչվող թաղամասերի մասին է։ Մեկ տարի հետո՝  1989 թվականին, բնակիչներին տրվեց սեփականության իրավունք և նրանք այդ օրվանից համարվել են սեփականատեր՝ դուրս մնալով հետագայում   պետության կողմից բնակարանների ապահովման ծրագրից։   Հանրային ռադիոյի  հետ զրույցում բնակիչները հույս հայտնեցին,  որ մի օր կսկսեն ապրել մարդկային պայմաններում, քանի որ տարեց տարի անհնար է դառնում  փայտե կացարաններում ապրելը․

Միայն Ստեփանավան քաղաքում  428 ընտանիք ապրում է փայտե կացարանում։ Նման ընտանիքներ կան նաև Սպիտակում և Աշոցքում, տեղեկացրեց  ՀՀ քաղաքաշինության  կոմիտեի բնակֆոնդի  կառավարման և  կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ  Տանյա Արզումանյանը։ Միաժամանակ`պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է լուծվելու վերոնշյալ բնակիչների խնդիրը․

«Արդարության համար պետք է նշեմ, որ երկրաշարժից  հետո, երբ մարդիկ ստացել են, այդ տարիների համար եղել է բարիք։ Բայց քանի որ նյութը փայտից է, ինքս  էլ տեսել եմ, բորբոսնած, փտած և մենք փայտե տների պահպանման մշակույթ էլ չունենք։ Այսինքն ՝խնդիրը կա ։ Այն  նույնական չէ ոչ հիմնական շինության հետ, սակայն օրակարգում մնացած վթարայինների հետ  դրված է։ Բայց այստեղ թաղամասային  քաղաքաշինական լուծում պահանջող հարց է»։

Իսկ ընդհանուր առմամբ աղետի գոտում  տնակներում բնակվողների թիվը  կազմում է 7219-ը։   Կան տնակներ, որոնք, ըստ Արզումանյանի, առևտրային նպատակներով են օգտագորվում՝ վարսավիրանոց , մրգի խանութներ և այլ : Սակայն հիմնականում , շուրջ  99 տոկոսը, բնակության համար են օգտագործում:

«Տնակներում ապրողների զգալի մասը երկրաշարժի հետևանքով տուժածներն են, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բնակարան են ձեռք բերել ու վաճառել: Մյուս կողմից էլ, կան մարդիկ, որոնք իսկապես երկրաշարժի հետևանքով կորցրել են բնակարանները, բայց բնակարան ստանալու համար սահմանված ժամկետներում չեն դիմել պետությանը»:

Խոսելով առաջիկա ծրագրերից` Տանյա Արզումանյանը նաև տեղեկացրեց, որ  2020թ.-ին Սպիտակի երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան կունենա։ Այս նպատակով պետբյուջեից բնակարանների ձեռքբերման համար տրամադրվել է երեք մլրդ դրամ․

«3 մլրդ-ն ի սկզբանե նախատեսված էր 453 ընտանիքների համար, բայց քանի որ այս տարի հնարավորություն   ընձեռնեց  ընտանիքների ուղիղ կեսին ֆինանսավորում ապահովել, 3 մլրդ մնացել է անփոփոխ և բնակիչների ընտրած եղանակով ՝ շինարարություն, թե բնակարանների գնման վկայական, բնակիչների խնդիրներին լուծում կտրվի»։

Ինչ վերաբերում է աղետի գոտում վթարային շենքերի խնդրին, ապա բնակֆոնդի  կառավարման և  կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը տեղեկացրեց, որ  նախատեսվում է բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել 2020-22 թթ.- ին Գյումրի, Սպիտակ և Վանաձոր քաղաքներում  5 բազմաբնակարան շենքերի  կառուցման համար։ Հավելենք, որ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման 2008-2020թթ. ծրագրի շահառու են ճանաչվել Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի 5396 ընտանիք: Մինչև 2020-ը պետք է լուծվեր  բոլոր շահառուների բնակարանների խնդիրը։ Պաշտոնյան  կարծում  է, որ մինչև 2020–ի  ավարտը   կհասցնեն ապահովել մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը ևս։

Ցուցադրել ավելի
Back to top button