ԿարևորՀասարակություն

Դուրս գանք զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից․ Փաշինյանը՝ կառավարության նիստին

Զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, որովհետև դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է՝ կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսել է սոցիալ-հոգեբանական, քաղաքակրթական այն խնդիրների մասին, որոնց  կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է։

«Մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետությունում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ և դա սկսել է մեզ մոտ ստացվել: Բայց մենք ի՞նչ խնդրի հետ ենք բախվում, երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք՝ պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ այդ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մեր հարցը:

Սա իրականում քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է, և երբեմն տպավորություն է ստացվում, թե ավելի լավ է ընդհանրապես ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ, համակերպված հուսահատության հետ, ինչպես ձեզ հայտնի նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն»,–ասել է վարչապետը:

Իսկ ինչո՞ւ է սա քաղաքակրթական խնդիր․ «Երբ մտածում եմ՝ ո՞րն է այս երևույթի հիմքը, այդ մտածումների ընթացքում եկա այն եզրակացության, որ Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում: Երբ որևէ տեղ, որևէ բան տեղի ունեցել է, ծառայություն առաջարկվել է՝ բոլորն աշխատել են հնարավորինս շուտ վազել և բռնել այդ ծառայությունը մատուցողի կոկորդից, որպեսզի նա առաջինը հենց իրենց մատուցի ծառայությունը: Սա իսկապես շատ լուրջ քաղաքակրթական խնդիր է և ես ուրախ եմ, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում սկսել են ներդրվել, մասնավորապես բանկային համակարգում, մաքսային ծառայությունում հերթ արձանագրող մեքենաներ: Ուզում եմ ասել, որ մենք պետք է ըստ էության բոլոր այն տեղերում, որտեղ այսպիսի խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների տեղադրումը և գործունեությունը»:

Վարչապետն անդրադարձել է արծվաշենցիների բողոքին․«Օրինակ, տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր սիրելի հայրենակիցները պատրաստվում են կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է՝ նոտարով հաստատված: Մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում ենք ժողովուրդ ջան այսպիսի խնդիր կա, ասում են՝ այո, այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, պարտադրել է, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, հասկանում ենք, բայց ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսևորումը տեղի է ունենում: Կա պարզ պատճառ, որովհետև մենք 1.2 միլիարդ դրամ տրամադրել ենք փախստականների համար, կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բայց փախստականները նույնիսկ դա չեն ստացել:

Այս ի՞նչ երևույթ է, չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչո՞ւ նրա հարցը լուծեցիք: Կամ ի՞նչ է ակնկալվում, մեզնի՞ց էլ է ակնկալվում, որ մենք էլ բիրտ լինե՞նք: Նույնն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ էր, ասում էինք ժողովուրդ ջան, 5 տարի ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի էր ունենում, ձեր ձայնն ինչո՞ւ չէիք բարձրացնում, ասում էին՝ մեզ կբռնեին, բիրտ էր իշխանությունը, մեզ հետապնդումների կենթարկեին։ Այսինքն ի՞նչ, ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ, ա՞յդ է մեր ակնկալիքը, ա՞յդ է մեր ուզածը»:

Փաշինյանը վստահեցրել է՝ բոլոր հարցերը լուծվելու և քննարկվելու են․ «Մենք չենք վախենալու հարցեր լուծել, ինչ է թե այդ հարցը լուծում ենք, կամ որ խմբի հարցը լուծում ենք՝ չուզող հարևանը դուրս է գալու ու ասի՝ ինչո՞ւ մեր հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, մենք բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բոլոր հարցերն էլ քննարկելու ենք, բայց զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, որովհետև դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

Հիմա նույն աղետի գոտու հետ կապված խնդիրներ են լինելու: Այո, մենք հստակ ասում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության 453 քաղաքացու նկատմամբ է արձանագրված պետության դե յուրե պարտավորությունը: Ուրիշ որևէ մարդ Հայաստանի Հանրապետությունում չկա, որ փաստաթուղթ լինի, որ պետությունն իր նկատմամբ ունի պարտավորություն: Շատ լավ, մենք հասկանում ենք, որ կարող են լինել տեխնիկական խնդիրներ, կարող են լինել այլ խնդիրներ, ասում ենք կրկին կնայենք, բայց կրկին ասում եմ՝ ցույց տալու համար, որ այս 453 շահառուի հարցը երբ մենք լուծենք, իսկ մենք դա 2020 թվականի արդյունքներով վստահաբար լուծելու ենք, կռահում եմ, որ այստեղ էլ են լինելու, ասելու են՝ ինչո՞ւ իրենց հարցը լուծեցիք, մեր հարցը չլուծեցիք:

Անեկդոտ կա չէ՞, ասում է՝ իմ դարդը քիչ էր, հարևանս էլ 06 է շահել: Հիմա այս տրամաբանությունը դարձել է Հայաստանում հանրային հարաբերությունների կանոն: Սա չի կարելի, սա անթույլատրելի  է, լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա, տրամաբանություն կա: Մեկի հարցը լուծում ես, մյուսը նեղվածությունից գալիս է կառավարության դռների առաջ է պարկում: Սա ինչքա՞ն կարելի է»:

Ցուցադրել ավելի
Back to top button