ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է

1985 թվականին  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը` ի նպաստ աշխարհի տնտեսական, սոցիալական զարգացման: Կամավորները մարդիկ են, որոնք իրենց ազատ ժամանակն ինքնակամ նվիրում են հասարակության բարօրությանը, այս կամ այն կերպ փորձում  են օգտակար լինել մյուսներին:

Հայաստանում ևս գործում են կամավորների աշխատանքը միավորող ու համակարգող  կազմակերպություններ։ Ինչպե՞ս են մեր երկրում վերաբերվում կամավորի անշահախնդիր աշխատանքին, շատե՞րն են արդյոք պատրաստ օգնել  մյուսներին։

1859 թվականի հունիսին Իտալիայի Սոլֆերինո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած արյունալի ճակատամարտից հետո մարտի դաշտում 36 000 վիրավոր զինվոր և 4000 դիակ էր մնացել։ Ամենազարհուրելին այն էր, որ վիրավոր զինվորներին ոչ մի օգնություն չէր ցուցաբերվում: Այդ ծանր տեսարանը փոխեց շվեյցարացի վաճառական Անրի Դյունանի կյանքը, որն  առևտրական գործերով պատահականորեն անցնում էր այդ կողմերով։

Տեսնելով այս ամենը` Դյունանը թողնում է իր գործերը և  չունենալով բժշկական գիտելիքներ՝անում է հնարավորն ու անհնարինը, որ թեթևացնի  բախտի քմահաճույքին հանձնված  վիրավորների տառապանքները` ընդ որում առանց հաշվի առնելու, թե որ բանակի զինվորներն են նրանք:

Սակայն շուտով հասկանում է, որ միայնակ չի կարող օգնել բոլորին և խնդրում է տեղացի կանանց օգնել իրեն: Սոլֆերինոյի այս կանայք էլ դարձան աշխարհի առաջին կամավորները։ Պատմական այս դրվագով սկիզբ է առնում նաև Կարմիր խաչի միջազգային շարժումը, որի ազգային ընկերություններն այսօր գործում են աշխարհի 199 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Հայկական կարմիր խաչի ընկերության Երիտասարդության, կամավորության և անդամակցության բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյան։

«Կարմիր խաչն իր գործունեությունը իրականացնում է կամավորների միջոցով։  Հայկական կարմի խաչի կամավորները ընդգրկված են սոցիալական, առողջապահական, աղետների արձագանքման, առաջին օգնության, երիտասարդական  հիմնահարցերին ու բնակչության տեղաշարժին առնչվող ծրագրերում»։  

Հայկական կարմիր խաչի  կամավորների ցանկում հիմնականում 14-25 տարեկան երիտասարդներ են, ավելի դանդաղ, բայց աստիճանաբար ընդգրկվում են նաև տարիքով  ավելի մեծերն ու փորձառուները։ Կատարինա Վարդանյանի խոսքով՝ կամավորության հիմքում նախ և առաջ մարդասիրությունն է, իսկ հայերս, ինչպես բազմիցս համոզվել  ենք, պատրաստակամ ենք արձագանքել, երբ օգնության կարիք կա։

Հայաստանում ակտիվ կամավորական գործունեություն են իրականացնում մի շարք կազմակերպություններ։  Եթե նախկինում տեղեկատվությունը տեղ հասցնելու և մարդկանց ընդգրկելու խնդիր կար, ապա, ըստ Վարդանյանի,  տեղեկատվական բազմազանության մեջ այդ խնդիրն այսօր հաջողությումբ լուծվում է։

Օգնեք մեզ, որպեսզի օգնենք․  Հայաստանում գործող ամենամեծ ու ամենահին կամավորական կազմակերպության՝ Հայկական կարմիր խաչի կարգախոսն է։ Ոլորտում գործող ավելի երիտասարդ կազմակերպություններից է  «Հայ կամավորների բանկը»։  Նախագահ  Մարինե Եղոյանի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը գրանցվել  է 2016 թվականին։ Կամավորները   հիմնականում 16-25 տարեկաններն են։  Նախագահի խոսքով՝ սա ընդհանրապես Հայաստանում գործող  կամավորների տարիքային սանդղակն է։

«Սա, թերևս, պետք է ցավով նշեմ, որովհետև շատ կցանկանայինք, որ  կամավորական աշխատանքներում ընդգրկվեին տարբեր ոլորտներում կայացած, սեփական աշխատանք ունեցող մարդիկ»։

Երիտասարդ կամավորներն ընդգրկվում են հիմնականում մարզական, կրթական ու մշակութային, երբեմն՝ առողջապահական և գիտական  ծրագրերում։  Մարինե Եղոյանի խոսքով՝ քիչ են սոցիալական նախագծերը, որտեղ  կամավորներին ներգրավելն ավելի բարդ է։

«Եթե կրթական ու մշակութային միջոցառումների ժամանակ նրանք նաև սովորում են ու հաճելի ժամանց անցկացնում, ապա սոցիալական աշխատանքը ավելի մեծ ջանք է պահանջում։ Դրա համար էլ երիտասարդները խուսափում են»։

Կամավորությունը անշահախնդիր, առանց ֆինանսական շահի գործունեություն է։  Սակայն, ինչպես նկատում է Մարինե Եղոյանը, կամավորական աշխատանքում ներգրավված  յուրաքանչյուր երիտասարդ ի վերջո շահում է։  

Ցուցադրել ավելի
Back to top button