ԿարևորՀասարակություն

Գույքահա՞րկ, թե՞ բնապահպանական վճար․ Հայաստանը կմաքրվի մետաղե ջարդոններից

Հայաստանը  մետաղե ջարդոններից մաքրելու ցանկություն կա, գնորդը նույնպես, սակայն,  նա չի կարողանում հարաբերվել գույքի սեփականատերերի հետ։ Կառավարության այսօրվան նիստում այսօր նորից անդրադարձել են երկիրը մետաղե ջարդոններից ու ժանգոտած կրպակներից ազատելու խնդրին։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ երկու ամսում  կազմակերպությունները  3600 տոննա ջարդոն  են ընդունել։ Դրանց 95  տոկոսը մեքենաների կմախքներն են։ Խնդրի լուծման համար օրենսդրական կարգավորումներ են  մշակվում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել` կառավարությունը լուծում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական խնդիր։

Եթե քաղաքացին ոչ պիտանի մեքենան շարունակում է պահել և միջավայրը աղտոտել, պետք է տուրք վճարի դրա համար. վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է։  Վերջին շրջանում մետաղե ջարդոններից Հայաստանն ազատելու  հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Վարչապետը  հիշեց թեմայի հետ կապված իր գրառումն ու մամուլի արձագանքը

«Երբ ես գրառում էի արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից, շատ հետաքրքիր արձագանք ստացա: Ասում են՝ փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Որ այդ մետաղը ընկած ժանգոտում է, ոչ մի կոպեկի օգուտ չի բերել այդ մարդուն, ոչինչ, որ երեխաներ են բարձրացել ընկել, ոչինչ: Ու այստեղ կրկին գալիս է ներքաղաքական դավադրությունը, որ, փաստորեն, հեղափոխությունը նրա համար էր, որ այդ «ժեշտի կուզովները» նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն»:

Կառավարության ղեկավարը չթաքցրեց՝ երբեմն նման հայտարարություններ լսում է նաև իր կուսակից ընկերներից։

«Խելագարվելու բան է: Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են այսպիսի բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու ․․․»։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը  տեղեկացրեց՝  երկու ամսում  կազմակերպությունները  3600 տոննա ջարդոն  են ընդունել, 95  տոկոսը մեքենաների կմախքներն են։ Կառավարության անդամները  մարզեր այցելելիս ուշադիր է շրջապատի նկատմամբ։ Էկոնոմիկայի նախարարն օրինակ օրերս Աբովյանից վերադառնալիս Բալահովիտում 8- 10 մեքենայի մնացորդ է տեսել, արձանագրել փաստն ու ուղարկել կազմակերպություններին.

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է 400 տոննա։ Սա 1100 մեքենայի ջարդոն է։ Տերերը չեն տալիս»։

Էկոնոմիկայի նախարարը արձանագրեց՝ փաստ է, որ մեքենաների ջարդոնները խանգարում են։ Առաջարկեց  խնդիրը կարգավորել օրենքի շրջանակներում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց՝ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկումներն սկսվել են։

Նշեց՝ մեքենան գույք է, որը պետք է գույքահարկով հարկել, եթե գրանցումից հանված չէ։  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց․

«Մի տեսակետն այն է, որ գույքահարկը պահում ենք ուժի մեջ, մինչև չի հաստատում սեփականատերը, որ մնացորդները հանձնում է մնացյալ տեղերում։ Մյուս տեսակետն այն է, որ բնապահպանական վճար գանձենք՝ անկախ նրանից` հանձնել է, թե` ոչ։ Եթե թափոն է ստեղծել, ոը վնասում է շրջակա միջավայրը, կիրառում ենք բնապահպանական վճար»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ եթե խնդիրը փորձեն հուշել գույքահարկի ռեժիմով, դա բարդ կլինի։ Խոսքը թափոնի մասին է,  մեքենայի սեփականատիրոջը գտնելը դժվար է լինելու։ Նա առաջարկեց այն հարկել որպես թափոն և ոչ թե գույք, այս դեպքում հարկվողը հայտնի կլինի։

«Վայրի սեփականատերն է դառնում վճարման պատասխանատու»։

Վարչապետն արձանագրեց՝ լուծումը շատ լավն է։

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ լուծվում է  ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական խնդիր։

Ցուցադրել ավելի
Back to top button