ԿարևորՀասարակություն

Արծվաշենցիների հիմնախնդիրն առաջնահերթությունների մեջ չէ, բայց՝ հերթի մեջ է

Արծվաշենի նախկին բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց խոստացված փոխհատուցումը, որը դեռեւս 2009-ին է տրվել կառավարության որոշմամբ, սակայն, մինչ օրս չի հատկացվել։

Արծվաշենցիները հայտարարել են, որ անտեսված-արհամարված են կառավարության կողմից եւ պահանջել են հանդիպում վարչապետի հետ։

Առավոտյան ժամը 11.00-ից կառավարության շենքի դիմաց հավաքված արծվաշենցիները նախ լրագրողների հետ զրույցներում ներկայացրեցին իրենց խնդիրները։ Նրանք Ճամբարակ են տեղափոխվել 1992 թ.-ին՝ Արծվաշենի անկումից հետո կորցնելով ամբողջ ունեցվածքը։ 2009 թվականին կառավարության որոշմամբ արծվաշենցիների խնդրի լուծման համար 708 մլն դրամ է հատկացվել, սակայն նրանցից յուրաքանչյուրին մինչ այժմ տրվել է 360 հազարական դրամ, որով հնարավոր չէ խնդիրներ լուծել՝ ասում են արծվաշենցիները եւ պահանջում փոխհատուցման ամբողջական տրամադրումը.  

«360 ազար դրամով հարցը լուծվու՞մ է. իարկե՝ չի լուծվում։ Կորցվածի պահանջ է դրված՝ 28 տարիների ընթացքում 4 անգամ կառավարություն է փոխվել, չորսին էլ դիմել ենք, ոչ մեկի կողմից նորմալ պատասխան չենք ստացել; Ուզում ենք մենք էլ էդ ծրագրերի մեջ մտնել։ Եթե ծրագիր են մշակում երկրաշարժի, փախստականների, սիրիահայերի հարցը լուծելու ամար, թող արծվաշենցիների հարցն էլ չմոռանան։ Արծվաշենցիների հարցն էլ թող էդ ծրագրերի մեջ մտցնեն։ Մեր պահանջը միայն դա է»։    

Իրենց պահանջը ներկայացնելու համար արծվաշենցիներն այսօր եկել էին հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ու մինչ նրանք բողոքի ակցիա էին իրականացնում՝ ներսում կառավարության նիստն էր ընթանում։ Նիստի սկզբում էլ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիաներին։

«Մենք նպատակաուղղված ենք ՀՀ –ում լուծել շատ կոնկրետ՝ շոշափելի եւ տեսանելի խնդիրներ եւ, փառք Աստծո, դա սկսել է մեզ մոտ ստացվել։ Բայց մենք ի՞նչ խնդրի հետ ենք բախվում. երբ որ  մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր, «չուզող հարեւանի տրամաբանությամբ», ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սոբյեկտ, որն ասում է՝ էդ ինչու՞ իր հարցը լուծեցիր եւ ոչ թե մեր հարցը։ Ակնհայտ է, որ 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, որովհետեւ եթե մենք փորձենք մեկ գործողությամբ լուծել բոլոր խնդիրները, մեծ հավանականությամբ՝ 100 տոկոս հավանականությամբ, մենք մեր երկիրը կկանգնեցնենք կոլապսի եւ ձախողումների առաջ»։   

Ավելի ուշ կառավարությունից բողոքող արծվաշենցիներից երեք պատվիրակի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնեցին։ Ակցիայի մասնակիցներն ընտրեցին իրենց երեք ներկայացուցիչներին, որոնք մուտք գործեցին կառավարության շենք՝ ընդունելության համար։ Դուրս գալով ընդունելությունից՝ պատվիրակները հավաքվածներին հայտնեցին, որ վարչապետի հանձնարարականով իրենց ընդունել է կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։   

«Շատ արդյունավետ հանդիպում էր։ Մեզ համար առանձնապես նորություն չասվեց։ Այսինքն՝ կան առաջնահերթություններ, մեր՝ արծվաշենցիներիս պարագայում, որքան հասկացա՝ էս պահին արծվաշենցիների հիմնախնդիրները լուծելը կոնկրետ առաջնահերթությունների մեջ չէ, բայց հերթի մեջ է»։

Արծվաշենցիներին նաեւ հորդորել են՝ իրենց խնդիրների լուծման համար  սերտորեն գործակցել համայնքի եւ մարզի ղեկավարների հետ։ Ասացին, որ դա կանեն, բայց երբեք չեն համակերպվի, եթե սայլը տեղից չշարժվի։ Ասացին նաեւ, որ հույսով շարունակելու են իրենց առօրյա կյանքը, միաժամանակ՝ հետեւողական են լինելու իրենց խնդիրների լուծման հարցում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close