ԿարևորՔաղաքական

Շեյխի պատմությունը փոթորկեց խորհրդարանը

Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի  հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ աղմուկն այսօր ողողել էր ոչ միայն ինտերնետը, այլեւս Ազգային ժողովը։

Իշխող և ընդդիմադիր ԲՀԿ- ի պատգամավորները շատ բուռն քննարկումներ են ծավալել, մերթընդմերթ միմյանց հորդորելով պահպանել կոռեկտության սահմանը։ Բանավեճն անգամ խորհրդարանից տեղափոխվել է Երեւանի քաղաքապետարան։

Հայկ Մարության-Աբու Դաբիի թագաժառանգ, թե` նրա ներկայացուցիչներ: Շատ լրատվամիջոցներ անդրադարձան, որ քաղաքապետ Հայկ Մարությանի  հետ հանդիպել  է  Աբու Դաբիի թագաժառանգը, սակայն հետագայում նրա հետ հանդիպած արաբ գործարարներն իրենք նշեցին, որ թագաժառանգի ներկայացուցիչներն են։ Ինչեւէ, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր ասաց, որ քաղաքային իշխանության համար կարևոր են ներդրումները, թե ովքեր են ներդրողները` երկրորդական նշանակություն ունի.  

«Կլինեն թագավորական, կայսերական ընտանիքի անդամներ, շեյխեր, էմիրներ. ամենայն հարգանքով նրանց բոլոր տիտղոսների  նկատմամբ, բայց քաղաքն առաջնորդվում է միայն ՀՀ օրենսդրությամբ  և քաղաքի զարգացման առաջնահերթություններով»,– ասացՀակոբ Կարապետյանը։

Հանդիպման արդյունքների  վերաբերյալ  Մարության-Գագիկ Ծառուկյան հեռակա բանավեճն այսօր արդեն հասավ խորհրդարան։  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը զարմանք հայտնեց, որ ավելի օպտիմալ  քննարկումը քաղաքապետը  բաց է թողել և  այժմ հարցազրույցներ է տալիս ու խոսում հանդիպման ընթացքում տեղի ունեցած անհարթություններից, թե ով ինչ հագուստով է ներկայացել  հանդիպմանը,  ինչպես է  պահել զրույցի ընթացքում և ի վերջո  անվճար հիվանդանոց կառուցելու պատրաստակամություն հայտնածը թագաժառա՞նգն է, թե՞  նրա ներկայացուցիչները։  

«Ես այստեղ մտահոգություններ ունեմ և զուգահեռներ եմ տանում և խնդրում եմ, լուրջ ուշադրություն  դարձնել քաղաքապետի  կազմակերպչական ունակությունների, այդ իմաստով  նաև կառավարման հնարավորություններին, կոչ եմ անում հստակեցնել, որպեսզի մենք հետո չունենանք քննարկումներ»,– ասաց  Տիգրան Ուլիխանյանը։

Խորհրդարանական բուռն քննարկումը շարունակվում  էր։  Ընդդիմադիր խմբակցության  պատգամավորի ելույթը իրեն ոչ սազական որակեց   « Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։  Հիշեցրեց, որ հակազդեցությունը կարող է նոր սադրանք  ծնել և հորդորեց  զերծ մնալ  այդ գործելաոճից։

«Սա արջի ծառայություն է անձամբ Ծառուկյանին։ Ես չգիտեմ ինչ քննարկումների արդյունքում է ծնվում նման մտքեր արտահայտելու գործելաոճը, բայց եթե անգամ  դա քննարկումների արդյունք է, ես ուզում եմ ասել, որ Դուք սխալ ուղու վրա եք, և դա ճիշտ տեղ չի տանում»,– նշեց Հակոբյանը։  

Ցուցումներ անելու տեղ չէ, հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններին անդրադառնալով  հակադարձեց   ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խորհուրդը  մեկն էր ամբիոնից`  հատկապես երիտասարդները չզբաղվեն խորհուրդներ տալով։

«Որևէ մեկը մեծերի գործերի մեջ  չպետք է խառնվի։ Այո՛,   ներդրողների հետ  Հայաստանում աշխատանքը 0–ական մակարդակի վրա է։ Վաղը վիճակագրական ծառայությունը կհրապարակի թվեր,  և դուք կտեսնեք թվերն ինչքան խայտառակ են»,– նշեց  Մելքումյանը։

Ի պատասխան` « Իմ քայլից » Հայկ Կոնջորյանը խորհուրդ տվեց հղումներ չանել  իշխող խմբակցության  պատգամավորների  տարիքին,  անցած ճանապարհին ու անփորձ լինելուն։ Շատ հարցերում անփորձ ենք, սակայն դրան հակառակ շատերում`փորձառու։   

«Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք անփորձ ենք մի շարք բաներում և դա լավ է։ Մենք   անփորձ ենք արատավոր  հարցերում»,–ընդգծեց Կոնջորյանը։ 

Բանավեճը խորհրդարանում դեռ երկար շարունակվեց, անգամ դրան միացավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ի պատասխան ԲՀԿ- ական Արման Աբովյանի, որը հայտարարում էր, որ թեման չի հաջողվի լղոզել ու փոշիացնել։

«Կարծում եմ ներդրումների հետ կապված այն  մեղադրանքները, որոնք հնչեցվեցին, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում։ Եթե որոշ ներդրողներ ենթադրում են, որ  ներդրումը ենթադրում է Երևանի կենտրոնում որոշակի հողերի նվիրատվություն, կարծում եմ, որ այդտեղ որոշակի խնդիրներ կան և պետք է հասկանալ, թե որտեղ են ավարտվում ներդրողների շահերը և որտեղ են սկսվում համայնքային շահերը։ Ես կարծում եմ, որ համայնքապետարանի դիրքորոշումը հստակ է եղել և դա ընդհանուր կանոն է բոլորի համար  և ոչ թե մեկ ներդրողի»,– ասաց Ավինյանը։    

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն խորհրդարանի միջանցքում  լրագրողների հետ զրույցում հակադարձում էր երեկ քաղաքապետ Հայկ Մարությանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շեշտադրումներին։

«Մուլտի Գրուպ» ընկերության կողմից Աբովյան 5 հասցեում  իրականացվող ապօրինի  շինարարության մասին քաղաքապետի երեկ արած հայտարարությանն ի պատասխան` Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց Հայկ Մարությանի կողմից ստորագրված, իր ձևակերպմամբ, շինթույլտվության փաստաթուղթը։

Գագիկ Ծառուկյանի ելույթին անմիջապես արձագանքեց Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետի  մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հանդիպեց լրագրողների հետ։ Խոսեց ապօրինի շինարարության և ԲՀԿ  ղեկավարի ցույց տված փաստաթղթի մասին։  Հակոբ Կարապետյանն ասաց, որ այդ փաստաթուղթը նախագծման թույլտվություն է, ոչ թե  շինթույլտվություն։  Նախագծման թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը, սակայն  դրանից հետո կառուցապատողը կրկին պետք է դիմեր  համայնքին շինարարական թույլտվություն  ստանալու համար։ Նման  դիմում քաղաքապետարանը չի ստացել։

«Քաղաքը շահագրգռված է, որ հատկապես քաղաքի կենտրոնում կիսակառույց շինությունները արագորեն կառուցվեն, որպեսզի փոշու հարցը կարգավորվի։ Քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թվականի ապրիլի 19–ին որոշակի փոփոխություններով վերահաստատել է նախագծային թույլտվությունը, որպեսզի  այս կառույցը շարունակի հետագա գործընթացը, սակայն դիմում- նամակ քաղաքապետարանը  մինչ այս պահը չի ստացել»,– նշեց Կարապետյանը։   

Ընկերությունը մինչ  շինթույլտվություն  ստանալը իրականացրել է շինարարական աշխատանքներ և  երկու անգամ տուգանվել` 200 հազար և 2 մլն դրամ գումարի չափով։ Դրանից հետո գործերն ուղարկվել են  իրավապահ մարմիններին։

Իսկ ինչ եղավ Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցչի հետ։ Քաղաքապետի եւ արաբ գործարարների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնում էր Ջաբեր Ալմարզուքին։ Սփյուռ որոնողական համակարգի համաձայն` Ջաբեր Ալմազրուքին «Եվրոմոթորս» փակ փաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է։ Հասցեն` Կոտայքի մարզ, Առինջ համայնք։ Ի դեպ` մեկ տարի առաջ` դեկտեմբերի 18- ին Ջաբեր Ալմազրուքին Երեւանում մամուլի ասուլիս էր հրավիրել, որի թեման իր ղեկավարած «Եվրամոթորսի» եւ Զարուհի Սարգսյանի ղեկավարած «Սմարթ Քոնսթրաքշընի» միջեւ եղած հակասություններն էին։

Back to top button