ԿարևորՀասարակություն

Սևանա լճի անտառամերձ տարածքները մաքրվում են ծառերից, արմատներից ու թփերից

Տիգրան Հովակիմյան
«Ռադիոլուր»

Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման նպատակով  վերջին տարիներին  ափամերձ տարածքներում կատարվում են ջրի տակ անցնող ծառերի, թփերի եւ բուսական այլ համակեցությունների մաքրման աշխատանքներ: Այս տարի դրանք մեկնարկեցին  սեպտեմբերի 24-ից:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սիրաս Օհանյանը, մաքրման աշխատանքներն իրականացվում են «Սեւան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմաններում:

«Այս տարվա համար նախատեսված է 98 հա, որից 94-ը՝ ճահճացված, 4 հա էլ ջրածածկ տարածք է: Աշխատանքներն իրականացնում են անմիջապես ջրից մինչև 1901.5 նիշը, այսինքն, եթե ափից հեռանանք, որտեղ որ հասնում ա 1901.5 նիշը, մինչև այդ սահմանագծով է ամբողջովին մաքրվում, տարածքը ռեկուլտիվացիայի է ենթարկվում մինչ 1 մետր խորությամբ, այդ արմատային համակարգն ա հանվում»,- նշեց Սիրաս Օհանյանը:

Աշխատանքները կատարվում են Շրջակա միջավայրի նախարարության պատվերով: Սևանա լճի էկո համակարգի պահպանման , վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման համալիր ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթում շահող կազմակերպություն է ճանաչվել «Հարություն-Շին» ՍՊԸ, որը բացի այս տարվանից Ծովակ համայնքի վարչական տարածքում մաքրման աշխատանքներ կիրականացնի նաև առաջիկա երեք տարիներին: Սեւանի անտառամերձ տարածքների մաքրման համար, որն այս տարի ընդգրկում է 98 հա,  պետբյուջեի միջոցներից հատկացվել է ավելի քան 112 միլիոն դրամ, իսկ 2020, 21 և 22 թթ-ին 750 հա տարածք մաքրելու համար պետբյուջեից կտրամադրվի շուրջ 500 միլիոն դրամ:

Ըստ «Հարություն-Շին» ՍՊԸ գլխավոր ինժեներ Ռաֆիկ Հարությունյանի, իրենց աշխատակիցների և համապատասխան տեխնիկաների համար հատկացված տարածքի մաքրումը մեծ  դժվարություններ է առաջացնում: Թեեւ նախատեսված է ափամերձ հատվածներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ դեկտեմբերի 24-ը, սակայն դրանք ընդհանուր առմամբ դանդաղում են տարածքների ճահճապատ լինելու պատճառով: Ամեն դեպքում, մաքրողներն անում են հնարավորը, որպեսզի թե՛ ջրում, թե՛ ճահճապատ տարածքներում բույսերն ու արմատները սահմանված ժամկետներում ամբողջությամբ հեռացվեն:

«2006թ.-ից սկսած, ամենավատ տարածքն է, որ մեզ հատկացրել են՝ խտությունը շատ, ճահճային տարածքներ են դուրս գալիս, ոչ միայն Սևանի ջրերն են լցվում, այլ աղբյուրներ կան այնտեղ կամ վերևից եկող գետերի ջրերն են լցվում: Բայց մենք տրամադրված ենք և կատարում ենք աշխատանքներն այնպես, որ բարձր որակով ամբողջ տարածքը հանձնենք, ոնց որ ասած շահագործման, որ ոչ մի արմատ չմնա, ոչ կոճղ, ոչ մի բան, բոլոր աշխատանքները կատարվեն բարձր որակով»,-ասաց կապալառու ընկերության գլխավոր ինժեներ Ռաֆիկ Հարությունյանը: Նրա խոսքով, մասնագիտական խորհուրդներով ու աջակցությամբ մշտապես իրենց կողքին են Շրջակա միջավայրի նախարարության, Սևան Ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները:

«Հիմա էս տարածքները, որ մաքրվում ա, բարդիներ են, թուփ, եղեգ: Ավելի շատ էդտեղ արմատային համակարգեր կան, կոճղեր կան, որ նախկինում, տարիների ընթացքում կտրել են, մնացել ա ու ճահճացվել, փակվել, չի էլ երևում էդտեղ ինչ ա: Թվում ա, թե մենակ ճահիճ ա: Տարածք կա, որ ասում ենք ճահճացված ա, բայց ամբողջովին դրենաժային համակարգ են ստեղծել, առվակներ են բացում-փակում, ջուրը լցվում ա լիճ, մի քիչ ցամաքում ա, նոր սկսում են աշխատել, որովհետև ամբողջությամբ ջրածածկ տարածք, ա և վերևից դա չի երևում»,-ասաց Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ Սիրաս Օհանյանը:

Աշխատանքներում ներգրավված են ամբարձիչներ, էքսկավատորներ, բուլդոզերներ, տրակտորներ, ինքնաթափ բեռնատարներ, արտասահմանյան մակնիշի այլ տեխնիկաներ: Այս ամենին զուգահեռ, հաջորդ տարվանից վերանորոգումից հետո գործի կդրվի նաև «Վոթեր մասթեր» ջրագնացը:

«Սևան ազգային պարկ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հունանյանը տեղեկացրեց, որ անտառամերձ հատվածների մաքրման աշխատանքների արդյունքում կուտակված վառելափայտի, ջախի խմբաքանակները տնօրինում են իրենք:

Ցուցադրել ավելի
Back to top button