ԿարևորՀասարակություն

Սուր զգացողությունների ու արկածների հետևից՝ դեպի Հայաստան

Էքստրիմի ու արկածների  սիրահարները վերջին տարիներին ավելի շատ են որպես զբոսաշրջային ուղղություն ընտրում Հայաստանը։ Ոլորտի ներկայացուցիչներն ասում են՝ էքստրեմալ տուրիզմի  սուր զգացողությունները նախընտրող  զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 40 տոկոսով։ Միաժամանակ նշում են՝ եթե օրենսդրական կարգավորումներն ավելի հստակ լինեն,  արկածային ու էքստրեմալ տուրիզմն անհամեմատ  արագ կզարգանա։

«Աշխարհի առաջին տուրիստը Նոյն էր, որն  Աստծո որոշմամբ էքստրեմալ տուրիզմի համար ընտրեց Հայաստանը»․ հավակնոտ համեմատության հեղինակ Տուրիզմի հայկական ինստիտուտի  տնօրեն  Ռոբերտ Մինասյանը համոզված է, որ արկածային ու էքստրեմալ տուրիզմի ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի, բայց համաշխարհային զբոսաշրջային շուկայում իր տեղը վերագտնելու համար դեռ  խնդիրներ ունի լուծելու։ Ոլորտում որպես առավել կայացած ու խոստումնալից  ուղղություն առանձնացնում է լեռանագնացությունը, որը, սակայն, նույնպես զերծ չէ ոլորտի հիմնական խնդրից, այն է՝  կանոնակարգման բացակայություն։

«Վերջին հինգ տարիներին  կտրուկ աճել է այն զբոսաշրջիկների թիվը, որոնք գալիս են Հայաստան կոնկրետ  սպորտային ու արկածային տուրիզմով զբաղվելու։  Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը դժվարանում է թվեր նշել, քանի որ արկածային  տուրիզմի սիրահարներից շատերը ինքնուրույն են կազմակերպում իրենց  ճանապարհորդությունը։  Միայն ֆեդերացիայում գրանցված այցելուների թիվը  վերջին հինգ տարիներին  ավելացել է շուրջ 40 տոկոսով։ Իսկ հայկական ո՞ր լեռներն են հատկապես ձգում  արտասահմանցի զբոսաշրջիկներին։

«Արագածը, քանի որ Հայասատանի ամենաբարձր լեռնագագաթն է, և Գեղամա լեռնաշղթան։ Իհարկե շատ խնդիրներ կան, որոնց լուծումը մենք տեսնում ենք ոլորտի լիցենզավորման մասին օրենքում, այդ հարցը քննարկել  ենք  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ»։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն առհասարակ կարևորում է ոլորտի օրենսդրական կարգավորումները։  Նշում է՝ ոլորտի կանոնակարգումը կնպաստի  նաև արկածային ու էքստրեմալ տուրիզմի զարգացմանը։ Իսկ այս ոլորտներում վերջին տարիներին բավականին հետաքրքիր դրսևորումներ ենք ունեցել, ասում է։

 «Գնալով ավելանում է և՛զիփլայնով, և  օդապարիկներով թռչելու հանդեպ հետաքրքրությունը։ Ռաֆթինգն է սկսել զարգանալ։ Զարգանում է ձիավարությունը։  Ոլորտը գնալով ընդլայնվում է»։

«Հայաստանը մեծ հնարավորություն ունի զարգացնելու  արկածային տուրիզմը ՝ շեշտը դնելով համայնքների վրա»․ իր հարազատ Կալավան համայնքում վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը սրանում արդեն վաղուց համոզվել է։ Նրա խոսքով համայնքներում են գտնվում մեր բնական հարստությունները՝  առաջին հերթին լեռները, որոնք արկածների անսպառ աղբյուր են։ Ջրային մեր գանձը՝ Սևանը, շատերը որպես հանգստավայր են դիտարկում միայն ամռանը՝ լողալու կամ էլ նավակով զբոսնելու համար։ «Իսկ ինչու Սևան չգնալ ձմռանը, ափին նստելու, լճով հիանալու, պարզապես հանգստանալու համար»։

Ի՞նչ է պետք դրա համար․ ըստ Ղուկասյանի՝ ցանկություն, տաքուկ անկյուն։ Տաքուկ անկյան մասով հետաքրքիր առաջարկ է ներկայացրել Ռուսաստանից վերադարձած գործարար Կարեն Խաչատրյանը: Այս մասին Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում էր տեղեկացրել»

«Վերջերս հանդիպեցի մի մարդու, որը հեղափոխությունից հետո ցանկանում էր վերադառնալ Հայաստան, զբաղվել այս բիզնեսով՝ նորվեգական էկո տների վաճառք։ Եկել և սկսել է՝ հունվարից արդեն պատրաստ կլինի։ Այսպիսի ծրագրերն անչափ կարևոր են։ Մեր հայրենակիցները պիտի վերադառնան Հայաստան և իրենց հետ բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր։ Նմանատիպ գաղափարները կարող են վերակենդանացնել Հայաստանի հեռավոր և աղքատ բնակավայրերը, ինչպես նաև նոր շունչ հաղորդել Սևանա լճի ափամերձ տարածքներին»։

«Մեգա ծրագրերից էլ ավելի կարևոր են փոքրիկ, բայց շղթայական էֆեկտ ունեցող  կամ «վարակիչ» փոքր ծրագրերը։ Մեկ հյուրանոց, մեկ սեփականատեր ձևաչափը Հայաստանում պետք է փոխարինել  կոլեկտիվ բիզնես հիմնելու սկզբունքով »,-արդեն «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում ասաց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը՝ մեր խնդրանքով մանրամասնելով, թե ինչ է ենթադրում Խաչատրյանի առաջարկած էկո տնակների նախագիծը։

Ընդամենը մեկ ամսվա ընթացքում շուրջ 15 հազար դոլարով պատվիրատուն կարող է ձեռք բերել իր էկո տնակն ու այն  տեղադրել նախընտրած վայրում։  Ղուկասյանի խոսքով՝ էականը ոչ թե կոնկրետ նախագիծն է, այլ արագ կառուցվող, մոբիլ ու մատչելի տնակների գաղափարը։ Հայաստանի հեռավոր գյուղերում  արկածային ու էքստրեմալ տուրիզմով զբաղվելու, պարզապես  հանգստանալու համար նորվեգական ծագմամբ էկո տնակները, ըստ նրա,  հրաշալի  լուծում են։  Հավելում է․ «Շվեյցարիայում, Ալպիական լեռներում նման տնակները գրեթե ամենուր են։ Մնում է դրանք տեղայնացնել ու վայելել  հայկական լեռներն ու բնության մյուս բարիքները»։

Ցուցադրել ավելի
Back to top button