ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է «Խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը

Կիբեռանվտանգությունից մինչև արհեստական ինտելեկտ և տեխնո ապագա. «Խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովն արդեն  մեկնարկել է։ Մատենադարանի մեծ սրահում այսօրվա  միջոցառումների մեծ մասը փակ դռների հետեւում են։

Հենց  այդ դռների հետեւում հայտնի փորձագետները հայ գործարարներին, ստարտափերներին և ուսանողներին կծանոթացնեն ժամանակակից տեխնոլոգիաների ապագային ու կօգնեն միասին գտնել խելացի լուծումներ ՏՀՏ ոլորտի եւ համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին դիմակայելու համար։

Մատենադարանի կոնֆերենս դահլիճում փակ դռների հետեւում ապագայի համար բաց լուծումներ են քննարկվում. աշխարհի լավագույն տեխնոմտքերը Սիլիկոնյան սարերի «լանջին» են, փորձելու են միասին հասկանալ, թե ո՞ւր է գնում ամբողջ աշխարհը եւ ի՞նչ լուծումներ պետք է կիրառել ՏՏ ոլորտում առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար։

Սիլիկոնյան սարերը Սիլիկոնյան հովտի հայկական տարբերակն է, այս համաժողովը ամրապնդելու է Հայաստանի դիրքերը տեխնոլոգիաների քարտեզում, վստահ են կազմակերպիչները: Հատուկ համաժողովին մասնակցելու համար Հայաստանում է  ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն։

Ի՞նչ սպասել վաղը՝ համաժողովի գլխավոր «մեղավորներից» մեկը՝ Էդուարդ Մուսայելյանն է ներկայացնում։

«Վաղը՝ «Մարիոթում», ունենալու ենք փակ քննարկումներ բիզնեսմենների եւ խոսնակների միջեւ, որոնք կօգնեն տեղական բիզնեսին առաջխաղացման մեջ»,– ասում է Էդուարդ Մուսայելյանը։

Սան Ֆրանցիսկոյի «Սիլիկոնյան հովիտը» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում իր հստակ տեղն ունի, իսկ Հայաստանը մոտ ապագայում մեծ պոտենցիալ ունի դառնալու տարածաշրջանի «Սիլիկոնյան սարերը»։ Իսկ ինչո՞ւ սարեր, պատասխանը շատ պարզ է՝ մենք լեռների երկիր ենք։

Միջոցառման գլխավոր գործընկերն ու գաղափարակիցը  «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունն է։ Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային տիրույթում Հայաստանի դերն ամրացնելն իրենց համար մեծ նշանակություն ունի, այդ պատճառով էլ համաժողովի կողքին են։

«Այս հարթակի վրա կփորձենք բոլորս եզրեր գտնել, հատկապես, որ Հայաստանում կա ներուժ, ու այդ ներուժն օգտագործել ու տեղ տալ նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին»,– ասում է Ռալֆ Յիրիկյանը։

Հավատում են նաեւ կազմակերպիչները ու նախատեսում, որ 2020-ին համաժողովը կդառնա գագաթաժողով՝ էքսպոյի որոշակի էլեմենտներով։ Այն կլինի բավականին մեծ տարածաշրջանի համար։ Նախատեսվում է նաեւ, որ Սիլիկոնյան սարերը 2020-ին դուրս կգան Երեւանից ու կգնան մարզեր։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button