ԿարևորՔաղաքական

Ինչ են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը Բրատիսլավայում․տեսակետներ

Այսօր Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ամենայն հավանականության կքննարկվեն hումանիտար ու փոխվստահության հարցեր՝ կարծում է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

Ադրբեջանում  առաջիկայում  նախընտրական քարոզարշավ է սպասվում։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ճիշտ կլիներ, որ  հանդիպման ընթացքում խոսվեր ռազմատենչ հռետորաբանությունը բացառելու մասին, քանի որ  այդ ընթացքում ռազմատենչ հայտարարությունների պակաս, ըստ պատգամավորի,  Ադրբեջանում չի նկատվի։

Երեկ  Բաքվում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ Ալիևի հետ հանդիպումից հետո նա լրագրողներին հայտարարել է, որ  կա փոխընբռնում և փոխզիջման հասնելու հնարավորություն: «Գործը դյուրին չէ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն Է ԱՊՀ տարածքում»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: Բաքվում ունեցած շփումներն,  ըստ նրա,  հնարավորություն են տալիս  ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել: Լավրովը հույս ունի, որ արդյունքներ կլինեն։  

Փոխարենը Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ  կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմն առաջընթաց չի տեսնում:

ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Ալիեւը փորձում է ոչ կառուցողականության մեջ մեղադրել հայկական կողմին, բայց ձեռնարկված քայլերը ու իրավիճակը ցույց են տալիս, որ  մթնոլորտի առողջացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնություններն ավելի քան ընդունելի են ՄԽ–ի  ու հատկապես ՌԴ–ի կողմից։ Բոլորը քաջ գիտակցում են, որ մինչեւ  կոնկրետ լուծումների քննարկմանն անցնելը անհրաժեշտ է շարունակել  հումանիտար  միջոցառումներին կամ փոխվստահության մեխանիզմներին ուղղված քայլերը։

Սերգեյ Լավրովը կարևորել է հումանիտար միջոցառումների անցկացումը. Դրանցից մեկը լրագրողների միջև շփումներն են, ինչն ըստ ՌԴ ԱԳ նախարարի, շատ կարևոր է, քանի որ ցանկացած որոշում պետք է ընդունեն մարդիկ, որոնք ապրում են այդ տարածքում՝ Հայաստանում, Ղարաբաղում, Ադրբեջանում։ «Որքան շատ շփվեն նրանք, որքան օբյեկտիվորեն լուսաբանեն շփման գծի երկու կողմերում տեղի ունեցողը, այնքան կայուն կլինեն ձեռք բերվող  պայմանավորվածությունները»,– ասել է Լավրովը։

Ուշագրավ էր նաև  Մոսկվայի ու Բաքվի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ակտիվացնելու մասին ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը։ Ըստ Լավրովի՝ այդ համագործակցությունը կարեւոր է կայունության պահպանման համար։

Ցուցադրել ավելի
Back to top button