ԿարևորՀասարակություն

Անվստահության հարցապնդում խորհրդարանում․ ԼՀԿ–ն խոստանում է շարունակել շարքը

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկն այսօր ցուցադրաբար լքել է խորհրդարանի դահլիճը՝ հայտարարելով քաղաքական բոյկոտ, մյուս խմբակցությունն օգտվել է ԱԺ կանոնակարգով ընձեռված հնարավորությունից եւ հարցապնդում ներկայացրել նախարարություններից մեկի աշխատանքի վերաբերյալ։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ դժգոհ է կառավարության մի շարք անդամների աշխատանքից,  եւ առաջիկայում այդ դժգոհությունը կոնկրետ քայլերի է վերածվելու։ Այսօր, ըստ էության, արվել է առաջին քայլը։  

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դժգոհ է շրջակա միջավայրի նախարարության աշխատանքից։ Անվստահության հարցապնդումը ներկայացվեց խորհրդարանում՝ Էրիկ Գրիգորյանի բացակայության պայմաններում։ Շրջակա միջավայրի նախարարը գործուղման մեջ է՝ տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինայնը։ Հարցապնդումը նախաձեռնող քաղաքական ուժի ղեկավար Էդմոն Մարուքյանը տարակուսեց՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է, թե երբ է քննարկվում որեւէ հարցապնդում՝ հստակ են ժամկետները, անգամ օրն ու ժամը։  

«Ո՞ւր է շրջակա միջավայրի նախարարը։ Իր գործերը պլանավորել է այնպես, որ այսօր ինքը չլինի։ Ես կարծում եմ, որ սա պրոբլեմ է։ Նաեւ նախկինում ենք քննարկել, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը եսիմ ուր էր գնացել եւ չմասնակցեց հարց ու պատասխանին։ Սա արհամարհական կամ խորհրդարանի դերը չկարեւորող վերաբերմունք է։ Գնահատելի է, որ փոխվարչապետն է եկել, բայց մասնագիտական հարց է այստեղ քննարկվում»։  

«Լուսավորականները» դժգոհ են, որ 2020թ․ բյուջեով բնապահպանական ծախսերի համար 40 մլրդ դրամ պակաս է հատկացվելու օրենքով նախատեսվածից։  Թվարկում են՝ Թեղուտ, Ամուլսար, Դեբեդի եւ Շնող գետերի աղտոտվածություն, ծառահատումներ, Սեւանի խնդիր, Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի թողած հետեւանքներ եւ խնդրահարույց պոչամբարներ։  Կարծում են, որ այս խնդիրներով որեւէ գործ շրջակա միջավայրի նախարարությունը չի անում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի բացատրությունները ընկալվեցին այնպես, որ կառավարությունը բնապահպանական հարցերը ստորադասում է տնտեսական հարցերին։ Մինչդեռ փոխվարչապետը ներկայացնում է ծրագրերի շարքը, որ կառավարությունն առաջիկայում  նախատեսում  է իրականացնել բնապահպանական խնդիրները թեթեւացնելու համար։

 «Ջրերի կառավարման ծրագրերը, ջրամբարների շինարարության ծրագրերը, ճանապարհաշինության ծրագրերը, կոյուղատարերի կառուցման ծրագրերը, աղբահանության ծրագրերը։ Այո, Սովետական Միությունից լքված բոլոր հանքերը մնացել են պետության ուսերին որպես բեռ եւ այո, այդ խնդիրների լուծումները մենք պետք է կարողանանք տալ։ 27 հանքարդյունահանողներից 10–ը զգուշացումներ են ստացել։ Ասում եք՝ արեւային էներգետիկայի ոլորտում մեկ լումա անգամ նախատեսված չէ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս կառավարության օրոք ամենախոշոր զարգացումներն են տեղի ունեցել։ Նախորդ տարի 200 մեգավատի լիցենզիաների տրամադրման պրոցես ենք սկսել, հաջորդ տարի 120 մեգավատի արեւային էներգետիկայի մրցույթ  է դրվում  եւ դուք ասում եք, որ մենք բնապահպանական ծրագրեր չենք իրականացնո՞ւմ»։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ  օրինակներ է պահանջում․  ո՞ր դեպքում  է ստորադասվել բնապահպանական խնդիրները եւ կարեւորվել  տնտեսականը։

«Բերում եք Ամուլսարի օրինակը, որը լրիվ հակառակն է։ Ամուլսարում այսօր բնապահպանական խնդիրները չեն ստորադասվել տնտեսականին։ Հակառակը՝ տնտեսական շահն է ստորադասվել է շրջակա միջավայրի պահպանության կամ պաշտպանության խնդրին։ Երկրորդը՝ իրական սեփականատերերի մասին․ մենք օրենքի փոփոխություն ենք արել, այդ ամբողջական ռեեստրը հրապարկվելու է եկող տարվա հունվարին։ Հրապարակվելու է ոչ միայն իրական սեփականատերերի ցանկը, այլեւ թոփմենեջմենթի վերաբերյալ տվյալները։ Այսինքն՝ մի բան էլ ավելին, քան պահանջվում էր»։

«Լուսավոր Հայաստան»–ի անդամներին չբավարարեցին կառավարության պատասխանները: Ըննդիմադիր խմբակցությունը դժգոհ է կառավարության մի քանի այլ անդամների աշխատանքից ևս։ Մտադիր են հերթով անվստահություն հայտնելու գործընթաց իրականացնել: Առաջին հարցապնդման քննարկումն անցավ առանց երկրորդ խմբակցության մասնակցության։ «Բարգավաճ Հայաստան»–ը այսօր քաղաքական բոյկոտ հայտարարեց եւ ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը։ Բողոքի ակցիան «նվիրված» էր Հայկ Մարության–Գագիկ Ծառուկյան հեռակա բանավեճին՝ չիրականացված ներդրումների հարցի շուրջ։   

Ցուցադրել ավելի
Back to top button