ԿարևորՀասարակություն

600 հազար աշխատողները՝ 3 միլիոնի առողջության համար․ առողջապահական հարկի ներդրման հետքերով

«Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ» անվանումով նախագիծը բուռն  քննարկումների առիթ է  դարձել: Ինչո՞ւ պետք է 600 000 աշխատողները վճարեն 3 մլն  քաղաքացու համար։ Որո՞նք են նախագծում առկա բացերն ու մտահոգության առիթները։

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ» նախագիծը, որով առաջարկում է սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ նախագիծը դեռ հղկվելու, մշակվելու կարիք ունի, քանի որ առնչվում է հանրության բոլոր շերտերին՝ առանց տարիքային սահմանափակման․

«Մի օր մեզ  պետք  կլինի սոցիալական, քաղաքական կամք ցուցաբերել՝  հասկանալու, որ առողջապահական համակարգը բացի քննադատվելուց, թե պետական պատվերով  մեզ լավ չսպասարկեցին և այլն, լուրջ քայլերի ու որոշումների կարիք ունի։ Կայուն առողջապահություն ունենալու համար ֆինանսական կայուն համակարգ է պետք։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հաջողված մոդելն առողջապահության ապահովագրական համակարգի ներդրումն է»։

Լուրջ քայլը առողջապահության ապահովագրական համակարգի ներդրումն է, որի բեռն,  ըստ  «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ  Թադևոսյանի, ընկնում է  600 000 աշխատողների ուսերին․

 «Առողջապահության նոր  հարկը գլխացավանք է դառնալու մարդկանց  համար։ Վարչապետը հայտարարում է, թե օրենսդրական փոփոխությունների արդյունքում  գործատուների ծախսերը կնվազեն, քանի որ աշխատավարձից պահվող հարկերը պակասում են։ Միաժամանակ  ներդրվում է նոր հարկատեսակ, որն իր բնույթով որևէ կապ չունի հարկի հետ։ Ստացվում է՝ մի հարկատեսակը  5 տոկոսով նվազեցվում է, որ  մյուսը 6 տոկոսով բարձրանա։ Մյուս կողմից էլ՝ ինչու պետք է 600 000 աշխատող քաղաքացին հոգա  3 մլն բնակիչության առողջապահական ծախսերը»։

Արձագանքելով  դիտարկմանը՝ ԱՆ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այդ վեց տոկոսը վերադարձվում է հանրությանը՝ առողջության տեսքով․

«Առողջության հարկը համեմատելի  չէ այլ  հարկատեսակի հետ, ընդհանուր առմամբ այդ  հարկը  վերադառնում է հանրությանը՝ առողջության տեսքով»։

ՀՀ–ն  սոցիալական պետություն է ՝ ամրագրված Սահմանադրությամբ և պետք է հավատարիմ մնալ այդ սկզբունքին։ Բժիշկ Հայկ Մանասյանը կարծում է, որ նախագիծը  խախտում է սոցիալական հավասարության սկզբունքը․

«Սոցիալական հաշտություն կլինի, երբ թոշակառուից վերցնի մեկ դրամ, իսկ ինձնից՝ 100 000։ Ենթադրենք հենց այս պահին ունեմ այդ  150 մլդ դրամը, դուք ունե՞նք այդ առողջապահությունը ինձ տալու, հարգելի առողջապահության համակարգ։ Ոչ, դուք չունեք, դուք չունեք ուղեցույցեր, դուք  չունեք սքրինինգային ծրագրեր, դուք չունեք  պատրաստված մասնագետներ, ի՞նչ ունեք դուք տալու»։

Այսուհանդերձ, ընդհանուր առմամբ  բանախոսները դեմ չեն փոփոխություններին, սակայն ոչ այս ձևով։ Բժիշկ Մանասյանն առաջարկում է հարցը լուծել քայլ առ քայլ․

«Այո, համապարփակ ծրագիր պետք է, սա քննարկման առարկա չէ։ Բայց փուլ առ փուլ, նախ՝ փոքր ներդումներով , հետո՝ ավելի մեծ։ Սկսենք ամեն մեկս 500 դրամ տրամադրել՝ թոշակառուները ներառյալ ,  թողառողջապահության նախարարությունը մեկ տարում կազմակերպի քաղցկեղի ողջ ծածկույթի  բուժումը, թող փակի և ցույց տա, որ ինքը լավ մենեջեր է  և կարողանում է մեզ համար առողջապահություն կազմակերպել»։

ԱՆ ներկայացուցիչը ընդգծում է՝ նախարարությունը պատրաստ է լսել բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, նախագիծը դեռևս քննարկման փուլում է  և  լրամշակվելու կարիք ունի։

Ցուցադրել ավելի
Back to top button