ԿարևորՀասարակություն

Օրակարգում Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցն է, բայց դատավորը մեկնում է արձակուրդ

Այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը։ Նիստի ընթացքում այսօր կրկին մի շարք միջնորդություններ են ներկայացվել։ Դրանցից մեկի քննարկման ժամանակ վատացել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի ինքնազգացողությունը․ դատարանը ստիպված է եղել ընդմիջել դատական նիստը։

«Մարտի 1»–ի դատավարությունն առաջիկայում ընդմիջվելու է մեկ ամսով։ Գործով դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10–ից 30-ը լինելու է իր ամենամյա արձակուրդում։ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են, որ մինչև արձակուրդ մեկնելը նոր դատական նիստ նշանակվի եւ կրկին քննարկվի գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։

«Միջդատական վարույթում երկու ամիսը մեկ խափանման միջոցի վերանայման անհրաժեշտություն կա։ Եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ անձը չի կարող  կալանքի տակ գտնվել անորոշ ժամկետում։ Եվրախորհրդի մի շարք երկրներում նախատեսված է, որ եթե անձը կալանքի տակ էդատաքննության փուլում, ապա  այդ ժամկետի բացակայությունը կարող է կոմպենսացվել նրանով, որ պարբերաբար կարող է վերանայվել խափանման միջոցի հարցը։ Վերջին անգամ այս հարցը քննարկվել է հոկտեմբերի 20–ին, հունվարի 20–ը արդեն երեք ամսից ավելի է ստացվում։ Շանս ենք տալիս ՀՀ–ին տեղի ունեցած դատավարական խախտումները վերացնել, որպեսզի վաղը ԵԴ–ում Հայաստանը կարողանա ասել՝ տեղի է ունեցել խախտում, բայց վերացվել է ինչ–որ փուլում»,–ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը դատավորը պատրաստ էր լսել տեղում։ Այս շաբաթ դատարանն արդեն ծանրաբեռնված է, եւ ազատ օրեր արդեն չկան նոր դատական նիստ նշանակելու համար։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն առարկեց, որ անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հարց պիտի քննարկվի, իսկ երաշխավորների ներկայությունը այսօրվա նիստին ապահովել հնարավոր չէ, միջնորդության  բավարարման դեպքում անհրաժեշտ գումարները վճարել ևս չեն հասցնի։

Այսօր  այլ միջնորդություններ էլ  ներկայացվեցին՝ կապված ամբաստանյալների իրավունքների խախտման դեպքերի հետ։ Միջնորդության առիթ էր, օրինակ,  Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելքի վերացման հարցը կամ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պնդումը։ Կրկին հնչեցին դատավարությունը ձգձգելու կասկածները։

Սարգիս Քլոյան․ «Հարգելի փաստաբաններ, բոլորդ ասում եք՝ մենք անմեղ ենք։ Եթե անմեղ եք եկեք մտնենք դատական փուլ, թող դատարանը որոշի»։

Սեդա Սաֆարյան․«Ակնհայտորեն այս բոլոր գործընթացրեն ուղղված են դատական նիստերը բնականոն հունից շեղելուն։ Ժամանակն է, որ դատարանը վերաբերմունք արտահայտի՝ արդյո՞ք ներկայացված միջանորդությունները չեն պարունակում պաշտպանության կողմի համար որդեգրած իրավունքի չարաշահման իրավիճակ եւ գնահատական տա այս հանգամանքներին»։  

Արամ Օրբելյան․ «Առարկում եմ ցանկացած պնդում առ այն, որ մենք ձգձգում ենք գործընթացը։ գործը մտնելու է դատաքննության փուլ, երբ համապատասխան գործընթացները տեղի ունենան»։  

«2008 թվականի մարտի 1–ին սահմանադրական կարգը տապալելու» գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը,  այսօր, ինչպես միշտ դատարանում էր։ Նա չի զրուցել Քոչարյանի կողմնակիցների հետ, բայց նրանց կոչով դիմել է։ Նախորդ դատական նիստին Սարգիս Քլոյանը դժգոհել էր  դատական նիստերի մթնոլորտից ու Քոչարյանի կողմնակիցների վարքագծից։

«Մենք ձգձգելու նպատակ չունենք։ Երկրորդը՝ անընդհատ լսում ենք, թե հեսա նենց բաներ ենք լսելու, նենց բաներ են բացահայտվելու, ամբողջ նյութը կա, շատ մարդկանց ցուցմունքները հրապարակվել են։ Միշտ պատրանեք են ուզում ստեղծել, որ հեսա–հեսա ինչ որ բան է լինելու։ Ուզում եմ հիասթափեցնեմ՝ ոչ մի բան էլ չի լինելու։ Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթը մեկ օր։ Ինչի՞ համար։ Մենք դեմ չենք, թող ամեն օր նիստ դրվի»։   

Լեւոն Քոչարյանն, ի դեպ, հերքեց լուրերը, թե ավագ եղբոր հետ առաջիկայում պատրաստվում են կուսակցություն հիմնել կամ ֆինանսավորում են նոր ձեւավորված «Վերնատուն» ակումբը։

Ցուցադրել ավելի
Back to top button