
Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարզահամերգային համալիրում ներկայացնելու է «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագիրը: Փոփի արքայի ամենաճանաչված և սիրված կատարումները մատուցվելու են նոր գործիքավորմամբ, դասական հնչողությամբ։
Վերջին, գլխավոր փորձը՝ մեծ երեկոյից առաջ. Մարզահամերգային համալիրում Սերգեյ Սմբատյանի նվագախումբը Ջեքսոնի երաժշտությունը դասական մատուցմամբ փոխանցում է դահլիճին, իսկ հետո արդեն ինքդ ես գտնում փոփի արքայի՝ քո սեփական ռիթմերը։
Մայքլ Ջեքսոնի “They Don’t Care About Us”–ը սկսվում է մի խումբ երեխաների երգով։
«Մենք ուզում ենք ասել, որ նրանք իրականում չեն մտածում մեր մասին»: Երգչախմբի երեխաներից մեկը վանկարկում է. «Մի անհանգստացե՛ք, մենք գիտենք ճշմարտությունը»: Հետո մյուսը շարունակում է. «Բավական է այս աղբը»:
Այս տողերը 1995–ի հունիսի 16-ից սկսած երգվել են հազարավոր անգամներ, Ջեքսոնի երաժշտությունը փոփից դասական է դարձել աշխարհի լավագույն բեմերում, ունկնդիրներով լեցուն տարբեր դահլիճներում ու մարդաշատ քաղաքներում։
Մարզահամերգային համալիրում փոփից դասական Ջեքսոնի երաժշտությունը կտանի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Այս երգը էստրադային է, ունի չափավոր դանդաղ տեմպ՝ 90 հարված մեկ րոպեում: «Դասական Ջեքսոն»–ում կօգտագործվի տերմենվոքս երաժշտական գործիքը։


«Ընտրությունը կատարվել է հետեւյալ սկզբունքով. ընտրվել են այն ստեղծագործությունները‚ որոնք կարող են լավագույնս հնչել սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Առանձնացրել ենք նաև այն երգերը‚ որոնք դրսում այնքան էլ շատ չեն գործիքավորվել սիմֆոնիկ նվագախմբի համար։ Ջեքսոնի երկրպագուները‚ որոնք հազարավոր անգամներ լսել են նրա երգերը‚ մեր համերգին գալով՝ դրանք կունկնդրեն նոր հնչողությամբ»,– ասում է Սերգեյ Սմբատյանը։
“You Are Not Alone”, “Black Or White”, “They Don’t Care About Us”, “Remember The Time”՝ Ջեքսոնի ամենահիթային կատարումները նույնպես կհնչեն։
Մեր նպատակը մեգաաստղերին ներկայացնելը չէ՝ մեծ երեկոյից առաջ ասում է Սմբատյանը ու բացատրում՝ բոլոր հայտնի երգերը չեն‚ որ կարող են դառնալ սիմֆոնիկ, սիմֆոնիկ հնչողություն կամ բովանդակություն միշտ չէ‚ որ կարող ենք ստանալ։ Բայց կա երաժշտություն, որի մոդելավորումը պետք է լինի սիմֆոնիկ։
Իսկ վերջում՝ մինչեւ մեծ երեկոն, մաեստրո Սմբատյանի նվագախումբը “Earth song”-ը՝ «Երկրի երգն» է կատարում։
Ջեքսոնը մի առիթով պատմել է, որ Երկիր մոլորակը ցավ է զգում ու վերքեր ունի։ Ջեքսոնն այս երգը գրել է ծնկների վրա՝ Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոցում՝ հույսով, որ այն հնարավորություն կտա մարդկանց լսելու Մոլորակի ձայնը։
Մարդիկ լսեցին Մոլորակի ձայնը՝ Ջեքսոնի միջոցով , հիմա հերթը Ջեքսոն լսելունն է՝ դասականով։