Հայ-էմիրաթական հարաբերություններն առանձնահատուկ են. ԱՄԷ-ն Հայաստանում նշում է հիմնադրման 48-ամյակը


1971 թվականի դեկտեմբերի 2-ին «Պայմանական Օմանի» յոթ Էմիրություններից վեցը հայտարարեցին նոր ֆեդերացիայի ստեղծման մասին, որը անվանեցին Արաբական Միացյալ Էմիրություններ։ Էմիրությունները հիմնադրման 48-ամյակի առիթով դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին ասել է, որ էմիրաթական գործարար միջավայրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային հնարավորությունների բացահայտմամբ, հատկապես առևտրի ոլորտում։ Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ շեշտել է, որ Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կարող է լինել բարենպաստ հարթակ՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար:
ԱՄԷ նշում է հիմնադրման 48 ամյակը: Հրավիրված են քաղաքական գործիչներ, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկացուցիչներ: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին նախ շնորհակալություն է հայտնում ներկաների ազգային տոնը միասին նշելու համար, հետո պատմում, թե ինչպես 48 տարի առաջ՝ 1971 թ-ին միավորվեցին Էմիրությունները: Դեսպանը շեշտում է, որ հիմնադրման 50-ամյակին ընդառաջ Էմիրությունները պետք է դարձնեն աշխարհի լավագույն և հարուստ պետություններից մեկը։ Այնուհետ անդրադառնում է հայ–էմիրաթական հարաբերություններին, ներկայացնում զբոսաշրջության ոլորտից վիճակագրական տվյալներ՝ զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 45 տոկոսով:
«ԱՄԷ-ն աշխարհում առաջատար տեղ է զբաղեցնում նաև անվտանգության և կայունության ցուցանիշով: ԱՄԷ-ն մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել ողջ աշխարհին խաղաղության և համագործակցության ուղերձներ հղելու հարցում՝ աշխարհի տարբեր երկրների հետ կառուցելով բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերություններ։ Ինչպես նաև պատիվ ունեմ ընդգծել 1998թ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական սկզբից ի վեր ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև առանձնահատուկ հարաբերությունները։ էմիրաթական գործարար միջավայրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային հնարավորությունների բացահայտմամբ, հատկապես առևտրի ոլորտում»։


Արաբական Միացյալ Էմիրությունները կարևորագույն կամուրջ են՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու շեշտում, որ Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կարող է լինել բարենպաստ հարթակ՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար:
«Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը:
Մենք կողջունենք և կաջակցենք նաև էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում»:
Ազգային տոնի ընդառաջ դեսպանատունը կրթության ու մշակույթի ոլորտներում հարաբերությունների ամրապնդման նպատակով հանդես եկավ մի քանի նախաձեռնություններով, որոնք իրականացնելու համար մեծ ներդրում են ունեցել էմիրաթական կազմակերպությունները: Հաշմանդամություն ունեցող «Լուսե» զարգացման կենտրոնի և «Իմ ուղին» ցերեկային վերականգնողական կենտրոնի սաները անժանացան պարգևների՝ այց ԱՄԷ : Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երեխաներին անձամբ հանձնեց ուղեգրերը:
«Մենք բազմաթիվ նախաձեռնություններ ունենք, քննարկումներն ընթանում են: Եվ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են հավասար հնարավորությունների ստեղծմանը»:
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում սերտ գործակցության մասին՝ որպես հաջողված օրինակ առանձնացնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ գործակցությունը: Կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Միացյալ Էմիրությունների հետ իրենց գործակցությունը շարունակական է լինելու, չբացեց փակագծեր, բայց նշեց որ ծրագրերը շատ են և իրականացվելու են: ԱՄԷ-ն դեսպան էլ հավելեց, որ էմիրությունները համարվում է հայկական արտադրանքի ութերորդ խոշոր արտահանողը ամբողջ աշխարհում, և 11-րդը՝ որպես ներմուծման երկիր: