ԿարևորՀասարակություն

Դալմայի այգիներում պատմական հնձանները վտանգվա՞ծ են

Դալմայի այգիներում վերջերս քանդված գինու հնձանը շարունակում է մտահոգել հնագետներին։

Եվս մեկ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան ոչնչացվում է։ Մեր հասարակության մեջ չկա հուշարձանը պահպանելու մշակույթ և ամեն ինչ փորձում են բարդել վարչակազմի վրա,  ասել է  ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը, իսկ կառուցապատում իրականացնող «Պարկ գրուպ» ընկերության  ներկայացուցիչ Նարեկ Մարտիրոսյանը պնդել է, որ ընկերությունը տեղեկացված չի եղել այդտեղ հուշարձանի առկայության մասին։ 

«Դալմայի այգիները դիմացան սելջուկների ավերակներին, իսկ անկախ Հայաստանը դա պահպանել չկարողացավ։ Սա է հասարակության վերաբերմունքը  մեր պատմամշակութային  արժեքների նկատմամբ»,– Դալմայի այգիների պատմական հնձանների վտանգված լինելու մասին իր մտահոգությունները բարձրաձայնեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը։

Ավելացրեց, որ Հայաստանը  հուշարձաններով հագեցած  երկիր է և յուրաքանչյուր հողհատկացման դեպքում  պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի տարածքը։  Երկրի առաջընթացը  չպետք  է ապահովել  հուշարձանների հաշվին, ասում է։

«Քաղաքի գլխավոր ճարտարապետը լավ է իմացել Դալմայի այգիրների արժեքը , ինչպես կարելի էր   նման որոշում կայացնել` հաշվի չառնելով մշակույթի նախարարության   կարծիքը։  Նման որոշումներ շատ են եղել։  Խնդիրը ես այստեղ տեսնում եմ, որ ոչնչացվածի համար դարդ անել պետք չէ։

Դիսնեյ լե՞նդ, թե՞ Դալմայի այգի. 2004 թվականին, փաստորեն, եղել են մարդիկ, որ Ռուսա , Արգիշտի թագավորների  ստեղծածը  վաճառել են ու դրա հաշվին որոշել  հարստանալ,  ասում է գիտաշխատողը։ Իսկ այդ տարածքում   կառուցապատում իրականացնող Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ընկերության  ներկայացուցիչ Նարեկ Մարտիրոսյանն ավելացրեց, որ  ընկերությունը չի իմացել այդ տարածքում պատմամշակութային հուշարձանի առկայության մասին։ Իմանալու դեպքում քայլերն այլ ուղղությամբ կընթանային։

 «Եթե ընկերությունն իմանար, որ դա հուշարձան է, այսինքն` ինչ- որ  պատմական արժեք ունի, նա դա շատ լավ կկիրառեր  իր այդ  ծրագիրն իրականացնելու համար, որովհետև մարդկանց գրավելու լավագույն ձևերից մեկը  զբոսաշրջիկներին պատմամշակութային արժեքներ, հուշարձաններ ներկայացնելն է»։ 

Սակայն ներդրումային ծրագիրն ունի իր հստակ ժամկետները, որի խախտման համար սահմանված է պատասխանատվություն, հավելեց ընկերության ներկայացուցիչը։  

Դալմայի այգիները հուշարձանների ցուցակի մեջ ընդգրկված եղել է, սակայն 2004 թվականին այգին  Երևանի   պատմության  և մշակույթի  անշարժ հուշարձանների ցանկում չի ընդգրկվել անհայտ պատճառներով, ասում է ԿԳՄՍ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Հարություն Վանյանը։ Շեշտում` նվազել են հուշարձանների պահպանության գործակալության լիազորություններն ու լծակները և  շատ դեպքերում գործակալությունը  սահմանափակվում է ոստիկանությանը գրություն ուղարկելով։ Նախարարությունը մշակել է լծակները մեծացնելու օրենքի նախագիծ  և արդեն 2020 թվականին`  օրենքի ընդունման դեպքում,  կփորձեն  հուշարձանների պահպանությունը պատշաճ իրականացնել։ Այժմ ստեղծվել է  հանձնախումբ, Դալմայի այգիներում կատարած ուսումնասիրությունները  պարզել են, որ  այնտեղ կան  արժևորման ենթական կիսակառույցներ և հիմա պատրաստվում են դրանց վկայագրերը։ 

«Նախարարին կից գործում է փորձագիտական  խորհուրդ, որի որոշմամբ օբյեկտը կարող է ստանալ նորահայտ  հուշարձանի կարգավիճակ, որից հետո կպահպանվեն բոլոր այն օրենքները, որը գործում  են հուշարձանների պահպանության համար։   Այնպես որ `այս գործընթացն արդեն սկսվել է և հույս ունենք, որ շատ մոտ ապագայում  մնացած շինությունների համար  արդեն կտրվի հստակ կարգավիճակ»։

 «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հենրիկ Սարգսյանը պնդում է, որ քաղաքապետարանը հողհատկացման հետ որևէ առնչություն չի ունեցել։  2006 թվականին կառավարության կողմից հանձնարարվել է ճշտել Դալմայի այգիների սահմանները, որը նախկինում  կազմել է մոտ 520 հեկտար, իսկ դրանից հետո մասնատվել և մնացել է 256 հեկտար, ինչը քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով,   միտումնավոր  համարվել է պետական սեփականություն և մտել անտառտնտեսությանը պատկանող  հողերի ցանկում։

«Քաղաքապետարանը որևէ լիազորություն չի ունեցել այդ հողերի վրա։  Քաղաքապետարանն առանց կառավարության թույլտվության չի կարող վաճառել, ստացվում է։  Դա  միանշանակ եղել է կառավարության որոշումով, քաղաքապետարանը միայն տեղայնացրել և տվել է թույլտվություններ։  Ճիշտն ասած` ասելիք չունեմ,  սահմանված կարգով, օրենքի շրջանակներում ամեն ինչ արվել է»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագատ Շուշան Դոյդոյանը պնդում է, սակայն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ–ից պատասխանել են, որ իրենց ենթակայության տակ նման հողատարածքներ չկան, իսկ Կադաստրի կոմիտեից  էլ հայտնել են, որ Դալմայի այգում  որպես անտառային հողատարածք գրանցում չի  եղել։ Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչը շարունակում է պնդել, որ տեղի ունեցածի պատասխանատուն չեն։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննության արդյունքներով` այդ տարածքում չեն հայտնաբերվել Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ ու  կենդանիներ, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններ ու վայրեր։  Իսկ կառույցն իր տեսքով և բոլոր փարձաքննություններով որևէ կերպ հնարավորություն չի տալիս գնահատել, որ  կիսաքանդ  շինությունն իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք։

Կառուցապատողն օբյեկտիվորեն չէր կարող կասկածել,  որ այդտեղ կարող  է լինել հնագիտական շերտ` ասում է կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մարտիրոսյանը, իսկ հնագետ Բորիս Գասպարյանը հավելում է, որ շինարարը չէր կարող տարբերակել այնտեղ հնագիտական շերտ կա՞, թե՞ ոչ։ Քանդող տրակտորի կողքին պետք հնագետ լինի կանգնած` ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button