ԿարևորՀասարակություն

Բազմամասնագիտական ճիշտ աշխատանքը կտա սպասելի արդյունք

Գյումրի քաղաքի «Էմիլի Արեգակ» հաշմադամություն ունեցող անձանց աջակցության ռեսուրս կենտրոնում բազմամասնագիտական աջակցություն է ստանում 120 շահառու: Կենտրոնում կան վերականգնողական թերապիայի համար անհրաժեշտ պայմանները:

Ծառայությունները մատուցվում են անվճար, հնարավորություն է տրվում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին ստանալ հմտություններ և ուղղորդել աշխատաշուկա։

«Էմիլի Արեգակ» հաշմադամություն ունեցող անձանց աջակցության ռեսուրս կենտրոնը Շիրակի մարզում համակարգված ծառայություններ է մատուցում ոչ միայն շահառուներին, այլև նրանց ընտանիքներին: Հիմնական շեշտը դրվում է վաղ հասակից երեխաների կարողությունների զարգացման վրա: Կենտրոնի համակարգող Թամարա Վանոյանն ասում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ տարվում է բազմամասնագիտական թիմային աշխատանք:

«Մենք ընդունում ենք տարբեր, բազմապրոֆիլ խնդիրներով երեխաներ, որոնց հետ աշխատում են հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպետը, սոցաշխատող, արտթերապիստ, մյուսիքթերապիստ, ֆիզիոթերապիստ՝ նույնիսկ երեքն ենք ընդունել, քանի որ կենտրոնի երեխաները լիարժեք չէին ստանում ֆիզիոթերապիան: Վերականգնողական կենտրոնը միակն է Գյումրիում: Մեզ մոտ ամեն ինչ անվճար է և մենք հնարավորինս շուտ ենք ցուցաբերում էդ աջակցությունը,որպեսզի երե՛խայի ինտենսիվ զարգացման շրջանը չանցնի»:

«Էմիլի Արեգակ» կենտրոնը տարածքով մեծ է, սենյակները լուսավոր, յուրաքանչյուր սենյակից դուռ է բացվում դեպի բակ, խնդիրներ ունեցող երեխաներին հնարավորություն տալով շփվել բնության և հարևանությամբ ապրող շենքերի երեխաների հետ: Նրանք այստեղ տնկել են Սակուրա ճապոնական բալենիներ: «Էմիլի Արեգակ» կենտրոնում գնահատելով երեխայի խնդրի աստիճանը կազմակերպվում է անհատական և թիմային աշխատանք: Անի Մկրտչյանը հոգեբան է և անհատական պարապմունքներն անցկացնում էր երեխայի մոր ներկայությամբ. «Երեխադս 3.5 տարեկան է և խոսքի հապաղման խնդիր ունի: Երկար ժամանակ է հաճախում ենք կենտրոն, կարողանում է արտաբերել «տուր, մամա, պապա», շատ բառեր է ասել: Փոփոխությունը դրական է»:

Սովորաբար երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում մարդու վրա անկախ նրա ֆիզիկական կամ մտավոր առողջական խնդիրներից: Սա երաժշտաթերապևտ Գոհար Շախուլյանի կարծիքն է.

«Գրեթե բոլոր երեխաները շատ են սիրում երաժշտություն, շատ դրական ազդեցութուն է ունենում իրենց վրա, եթե ճիշտ ես ընտրում մեղեդին, երաժշտությունը, որին դրական են արձագանքում: Մենք ունենք 20 –ամյա երիտասարդ, ով տիրապետում է մի քանի հարվածային գործիքների»։

Հաշմանդամություն ունեցող երեխաներին վաղ տարիքում աջակցություն ցուցաբերելն ու նրանց հասարակությունում ներառելը հիմնական խնդիրներից է: Թամարա Վանոյանը նշում է, որ իրենց համար հաջողություն է, երբ իրենց շահառուն հաճախում է սկզբում մանկապարտեզ, ապա դպրոց: Գյումրիում Հայկական կարիտասի ծրագրերով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու հմտություններ են ձեռք բերել 8 մանկապարտեզի աշխատողներ: Ընտրվել են դպրոցներին մոտ գտնվող մանկապարտեզները:

Կենտրոնն այժմ ունի 120 շահառու, այդ թվում երիտասարդներ, որոնց հետ տարբեր բնույթի աշխատանքներ են տարվում: Այս երիտասարդների ինքնագնահատականը ցածր է, նրանց ուղղորդում են ստանալու մասնագիտական հմտություններ և գտնել աշխատանք: Այս հարցում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին ԵՄ ծրագրով օգնում է Մարինե Աթայանը.

«Ծրագրի ընթացքում հայտնաբերեցինք շատ խնդիրներ, հաշմանդամություն ունեցող շատ երիտասարդներ փակված էին իրենց տանը, դուրս գալու, տրանսպորտից օգտվելու խնդիրներ ունեին, հետևաբար սկսեցինք այստեղից, հետո ուղղորդեցինք այլ կազմակերպություններ տառերը սովորելու, գրաճանաչ լինելու համար: Իսկ ուսոիմնարաններում սովորողների հատ այլ աշխատանքներ կազմակերպեցինք՝ ուղղորդելով աշխատաշուկա»։

ԵՄ ծրագրով տարբեր խնդիրներ ունեցող 10 երիտասարդ աշխատում է Գյումրու կենտրոնում գտնվող ներառական փուռ սրճարանում:

«Էմիլի Արեգակ» կենտրոնի խոհանոցում աշխատանքային հմտություն էր ձեռք բերում 4 երիտասարդ: Կենտրոնի երեխաների համար պատրաստվող ճաշերին իր մասնակցություն էր բերում 16 ամյա Կարենը: Նա ասաց, որ այստեղ գործնական աշխատանքում խոհարարական տարրական գիտելիքներ է ձեռք բերում և փորձում ճիշտ կատարել ցուցումներ:

Թամարա Վանոյանը նշում է, որ իրենք ուշադրություն են դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալականացմանը, ովքեր կկարողնան լիարժեք ապրել ու աշխատել ներառվելով հասարակությանը։

Back to top button