ԿարևորՀասարակություն

Այն, ինչ թվում է վերջն էր, նա դարձրեց սկիզբ․ Գոհար Մարտիկյանի ապրելու բանաձևը

Հանրային ռադիոյի աշխատանքային առօրյայում այսօր տոնական շունչ կա։ Նշում ենք մեր ավագ գործընկերոջ, ռադիոյի նվիրյալ Գոհար Մարտիկյանի աշխատանքային գործունեության հիսունամյակը։

50 տարի նրա հաղուրդումները յուրահատուկ ճաշակ, արժեհամակարգ ու գույն են հաղորդում Հանրային ռադիոյի եթերին։  Տարիներ շարունակ մեր  եթերում հնչում է  արցախյան պատերազմի հաղթանակը կերտած քաջորդիներին նվիրված՝ Գոհար Մարտիկյանի  «Ապրելու բանաձև» հաղորդաշարը, որը  հույս, հպարտություն ու նաև լավատեսություն է ներշնչում բոլորիս։

Այդ հույսի, հպարտության ու լավատեսության համար այսօր շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի գործընկերոջը, մաղթում  նրան առողջություն ու ստեղծագործական կյանքի  երկար ու ոչ պակաս հետաքրքրիր ուղի։

50 տարի առաջ նա մուտք գործեց Հանրային ռադիո՝ որպես մանկական հաղորդումների խմբագիր։  Արդեն 50 տարի Հանրային ռադիոեթերը հարստացնում են Գոհար Մարտիկյանի մանկական հաղորդումներն ու «Ապրելու բանաձև» հաղորդաշարի թողարկումները։

 «Ապրելու բանաձև»-ը նաև 12  հատորյա մատենաշարի է վերածվել, որտեղ  տիկին Գոհարը  մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած մեր քաջազունների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով  սեփական վիշտը։ Գոհար Մարտիկյանի որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր: Այն, ինչ թվում էր վերջն է, նա կարողացավ դարձնել սկիզբ։

«Որքան էլ զարմանալի է, ես ուրախությամբ եմ պատմում այս պատմությունները, որովհետև յուրաքանչյուր հատորից հետո ինձ թվում է, որ մոտ հարյուր երիտասարդ այդ արքայության մեջ կարողանում է ուրախանալ։ Եթե նրանց ուրախությամբ ես կարողանում եմ դաստիարակել նաև հողեղեններին, ուրեմն ես կկարողանամ անել այն, ինչ ինձ վերապահված է»,- ասաց Գոհար Մարտիկյանը։

«Ապրելու բանաձևը» սոսկ հերոսների կենսագրականներ չեն, ամբողջության մեջ սա նորանկախ Հայաստանի պատմությունն է, որը հեղինակը պատմում է, ինչպես լրագրող Դավիթ Սարգսյանն է բնորոշում, առանց պաթոսի ու դեպրեսիայի։ Դավիթը Գոհար Մարտիկյանին ճանաչում է դեռևս ինը տարեկանից։  Հանրային ռադիոյի մանկական հաղորդումների խմբագրությունում Մարտիկյանը նրա առաջին խմբագիրն էր։ «Երբեք մտքովս չէր էլ կարող անցնել, որ տիկին Գոհարը նման վիշտ է ապրել, նա այնքան կենսախինդ էր»,-մի առիթով պատմում էր Դավիթը։  Տիկին Գոհարի զոհված որդու՝ Աշոտի մասին բավական ուշ էր իմացել՝ ընկերոջից։

«Տիկին Մարտիկյանի հետ ոչ ոք համեմատելի չէ, որովհետև նա չունի այն երկու տարրերը, որոնք բնորոշ  են արցախյան պատերազմի հետ կապված գրեթե բոլոր  վավերագրություններին, նա չունի պաթոս և դեպրեսիա»։

«Ինքն էլ հերոս դարձած հերոսի մայր, որը երբեք չանձնավորեց սեփական  վիշտը, ավելին՝ որդու և նրա ընկերների կռիվը շարունակեց գրչով»,-Գոհար Մարտիկյանին այսպիսին է ճանաչում գրող, հրապարակախոս ավագ Դավիթ Սարգսյանը․

Վաստակավոր մանկավարժ, կրթության ու գիտության նախարարի նախկին տեղակալ Աիդա Թոփուզյանը մեր զրուցակիցներից տիկին Գոհարին, թերևս, առավել քաջածանոթն է։ Նրանց մտերմությունը գալիս է դեռ մանկությունից ։  Միասին սովորել ու հասարակական ակտիվ գործունեությամբ են զբաղվել Կանանց հանրապետական խորհրդում ։ Ահա թե տիկին Աիդան ինչպես է բնորոշում իր բացահայտած Գոհարին։

«Նա միշտ հավասարակշռված է եղել, չափազանց հավատարիմ ու նվիրված, ինչը դրսևորվել է նրա կյանքի բոլոր բնագավառներում»։

Աիդա Թոփուզյանը ևս չշրջանցեց զոհված հերոսի մոր ստանձնած ծանրագույն առաքելությունը, որը նյութի է վերածվել «Ապրելու բանաձև»-ի արդեն 12  հատորյա մատենաշարի տեսքով․

«Ես կարծում եմ, որ դա անգնահատելի  է, մանավանդ, երբ   որդեկորույս  մայրն է դա նախաձեռնում»։

«Ապրելու բանաձև»-ի 12-րդ հատորը լույս տեսավ  2019-ի ապրիլին,  Առաջին հանրապետության 100 ամյակին: Շնորհանդեսին, որին ներկա էի, հեղինակը թեթև ակնարկեց՝ գուցեև վերջինը լինի։ Տիկին Գոհար, ասեմ, որ չենք հավատում ։ Տառապանքից ու հպարտությունից ծնված մատենաշարի կողքին նոր հատորներ են ավելանալու, մինչև, ինչպես դուք եք երազում, մեր հերոսների սխրանքի պատմությունն ու նրանց ապրելու բանաձևը չդառնան յուրաքանչյուրիս ապրելու բանաձևը։

Ցուցադրել ավելի
Back to top button