ԿարևորՀասարակություն

Ակտիվացված ածուխով մթերքների ամենօրյա օգտագործումն անվնաս չէ

Էնդոկրինոլոգի մեկ ահազանգը եղավ այս նյութի  հետքերով գնալու  պատճառ։ Վերջինս դժգոհեց  խանութներում վաճառվող  դիետիկ` հանրության շրջանում հայտնի սև կամ ածուխով հացից։ Դրա ամենօրյա կիրառումը հանգեցնում է շատ խնդիրների, իսկ սննդագետը պնդում է, որ նման մթերքները պետք է անցնեն գրանցման հատուկ ընթացակարգ` առողջապահական որոշ ռիսկերից ելնելով։

Շատ սուպերմարկետներում  կարելի է հանդիպել,  այսպես ասենք,  ածուխով հաց կամ   սև հաց։ Դրանք աչքի են ընկնում իրենց մգությամբ, բացարձակ սևությամբ։ Սովորական մթերքն անսովոր գույնի մեջ. սա է գրավում մարդկանց: Զրուցակիցս` էնդոկրինոլոգ Նվարդ Հակոբյանը, աշխատանքի ընթացքում հիվանդների խնդիրները լսելուց հետո է իմացել, որ վերջիններս  սպիտակահացը  փոխարինում են  սևով` ակտիվացված ածուխով հարստացված հացով։ Ածուխը  հիմնականում օգտագործում են սննդային թունավորումների  և դեղային գերդոզավորումների ժամանակ։ Դա օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը և ոչ միայն…  նաև վիտամինները։ Բժշկական ցուցման դեպքում օգտագործվում է սահմանափակ քանակությամբ, սակայն ամենօրյա կիրառման դեպքում այն առաջացնում է խնդիրներ։ Նշանակություն չունի, թե ինչ տեսքով է օգտագործվում, քանի որ  ակտիվացված ածուխը մնում է ակտիվ դեղամիջոց  նույնիսկ ջերմային բարձր  մշակումից հետո` ասում է բժիշկը։

«Ակտիվացված ածուխով մթերքների ամենօրյա օգտագործումը չի կարող առողջարար ու անվնաս լինել։ Ամենօրյա նման պրոդուկտների  օգտագործումը հանգեցնելու է դեղորայքների ու վիտամինների և օգտակար նյութերի  օրգանիզմից դուրս բերման։  Դա է խնդիրը, իսկ հացն ամենօրա օգտագործման պրոդուկտ է։ Շատ մարդիկ այսօր ունեն ավելորդ քաշի խնդիր, նյութափոխանակության տարբեր խնդիրներ ունեն  ու խորհուրդ  է տրվում սահմանափակել, հրաժարվել հացից, դիետոլոգների մեծ մասը խորհուրդ է տալիս հրաժարվել ալյուր պարունակող մթերքներից, իսկ խանութներում դրված է նման հաց, վրան գրված դիետիկ,  և նույնիսկ շատերը խորհուրդ են տալիս երեխաներին։ Դա արդեն վտանգավոր է»։

Իսկ վիտամինների` օրգանիզմից ամբողջությամբ քամվելու դեպքում  կարող  է կանգնեցնել այլ բարդությունների առաջ։ Դրանք ակներև են դառնում եղունգների, մաշկի, մազերի  վրա,  իսկ արդեն բարդացած վիճակը` մարսողության խանգարումներն են, ասում է էնդոկրինոլոգը։ Հացից բացի ակտիվացված ածուխ է օգտագործվում նաև  ֆասթ ֆուդում, նույնիսկ ալկոհոլային խմիչքների մեջ, սակայն սրանք ամենօրյա օգտագործման մթերքներ չեն։

«Իրենք կարող են արտադրել, որովհետև ամբողջ աշխարհում է դա արտադրվում, բայց  մարդիկ պետք է իմանան, և իրենք էլ խորհուրդ տան մարդկանց, որ կարող են փորձել, բայց մարդիկ պետք է տեղեկացված լինեն, որ դա ամենօրյա կիրառման չէ։ Երեխաներ կան, որ նույնպես քաշի խնդիր ունեն, ծնողն ամեն ինչի պատրաստ է, որ  երեխան լավ սնվի, կուշտ լինի, նույնիսկ  այդ հացն ուտի, որ աչքը չմնա դրա մեջ, և պատրաստ է ամեն օր գնել դա»։ 

Իտալիայում  նման հաց արտադրող 12 ընկերությունների գործունեություն դադարեցվել է, քանի որ  այս ներկանյութը չի գտնվել հացի արտադրության  համար սահմանված թույլատրելի հավելումների մեջ, իտալական փորձը « Ռադիոլուրին» ներկայացրեց սննդագետ Դավիթ Պիպոյանը։ Եվրոպական օրենսդրությունն այս մասով  հստակ է` այն արտադրանքը, որը թույլատրում է օգտագործել մեկ չափաբաժնի համար, չպետք է պարունակի ավելի քան 1գրամ։ Իսկ մենք հացակեր ազգ ենք և այս դեպում  պետք է հասկանանք, թե մեկ չափաբաժնի մեջ ինչքան է կիրառվել, հակառակ դեպքում կարող ենք  ունենալ գերդոզավորում։

«Այստեղ կարևոր է տեսնել, թե մեկ գրամ չափաբաժնի դեպքում ինչքան է օգտագործվել։

Սննդագետն այստեղ խնդիր է տեսնում ապրանքի վրա այս նյութերի  մակնշման  և սննդամթերքի անվտանգության  կանոնների համապատասխանության մեջ։ Հաշվի առնելով, որ ածուխ պարունակող  հացն  ունի հատուկ նշանակության ցուցում,  առողջապահական ռիսկերի  հետ կապված պետք է անցնի գրանցման հատուկ ընթացակարգ։ Արդյո՞ք տվյալ  ապրանքները գրանցված են որպես դիետիկ, հատուկ նշանակության  սննդամթերքներ։  Սուպերմարկետներից մեկում վաճառվող ածխահացի երկու արտադրանքների մակնշումներն ուղարկեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին` պարզելու, թե արդյոք դրանք գրանցված ընկերություններ են։ Տեսչական մարմնից մեզ տեղեկացրեցին, որ բոլոր ընկերություններն էլ գրանցված են տեսչությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button