

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»–Ստեփանակերտ
Արցախում նախընտրական կրքերը թեժանում են: Նոյեմբերի վերջին օրը պաշտոնապես առաջադրվելու մասին հայտարարեցին երկու թեկնածուներ. Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարն ու գործող Ազգային ժողովի նախագահը եւ Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը:
Կիրակի Հայաստանի վարչապետը Արցախի նախագահի հետ միասին հանդիպել են Արցախում նախագահական ընտրարշավին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերից մի քանիսի հետ:
Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում վերահաստատել է, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարեւոր է, և որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին:
Ներարցախյան ընտրություններում երբեք ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները այնքան քննարկվող չեն եղել, ինչքան այս անգամ: Սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը կարծում է, որ այդ հարաբերությունները օգտագործվելու են քարոզչական նպատակներով:
Այս օրերին քաղաքական օրակարգ է բերվել նաև Հայաստանի և Արցախի իրավահարաբերությունների հստակեցման հարցը: Արցախի Ազգային ժողովի և ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը կարծում է, որ այս հարցը պետք է օրակարգային լինի նախագահի բոլոր թեկնածուների համար:
Կիրակնօրյա հանդիպմանը մասնակիցներից Արայիկ Հարությունյանն իր կուսակցության համագումարում հայտարարել էր, որ իրենք ՀՀ վարչապետի քաղաքական կուրսի կողմնակիցն են: ԱՀ նախագահական ընտրություններին պատրաստվող մեկ այլ թեկնածու` արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը դեռևս այլ քաղաքական հայտարարություն չի արել: Որպես արտգործնախարար հայկական երկու հանրապետությունների միջև իրավահարաբերությունները նոր մակարդակի բերելու կողմնակից է:
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը նախագահի թեկնածու առաջադրվեց իր կուսակցության կողմից շաբաթ օրը:


Կիրակի օրը հրավիրված հանդիպմանը Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել, թեև դրա նախօրյակին «Արդարություն» կուսակցության համագումարում առաջադրվել է նախագահի թեկնածու: ՀՀ իշխանություններին քննադատող Վիտալի Բալասանյանը կարծում է, որ ՀՀ հետ Արցախը պետք միջպետական պայմանագրով կարգավորի:
Վիտալի Բալասանյանին պաշտպանող «Արդարություն» կուսակցությունը 2018-ին Հայաստանի հեղափոխական զարգացումների կողմնակիցն էր, իսկ մեկ տարի անց արդեն հանդես եկավ Վիտալի Բալասանյանի կողմնակիցների շարքում՝ քննադատության թիրախում ունենալով ինչպես արցախյան նախկին իշխանություններին, այնպես էլ Հայաստանի նոր իշխանությանը:
ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի դաշնակցականները, որոնք առաջիկա ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի մասին նախապատրաստվում են հայտարարել առաջիկայում: Դաշնակցականները այս տարվա մայիսին առաջադրել են Հայաստան- Արցախ ռազմաքաղաքական դաշինքի գաղափարը: