ԿարևորՎերլուծական

Արցախյան բանակցություննե՞ր, թե՞ իմիտացիա․ ում է ձեռնտու ստատուս քվոյի պահպանումը

Հատված «Ռադիոլուրի» 18.00–ի թողարկումից

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանում է Ադրբեջան։ Այցի օրակարգով  նախատեսվում են  հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկվելիք  գլխավոր հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Լավրովի այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հայտարարությ ամբ շեշտվում է, որ հակամարտությունը կարող է լուծվել «բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջև երկխոսության ճանապարհով»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելն առաջնային խնդիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում,  այն նաև Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է», – ընդգծում է ՌԴ ԱԳՆ–ն։

«Հայտարարությունն ավելի քան ստանդարտ է․  ակնհայտ է, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ավելի շատ սպասողական դիրքորոշում են որդեգրել, և բոլոր կողմերին էլ ձեռնտու է ստատուս–քվոն։ Ռուսական կողմի չափավոր հայտարարությունները հաստատում են այս պնդումը»,– մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար  Լավրովի Բաքու այցին ընդառաջ արված հայտարարությունը՝ նշում է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

Նախորդ շաբաթ Բաքուն հայտարարել էր ռուսական զենքի  նոր խմբաքանակ գնելու պատրաստակամության մասին։ «Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատել ՀԱՊԿ-ի երկրների հետ: Հատկապես ցանկանում եմ նշել համագործակցությունն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,-ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպմանը եւ նոյեմբերի 26-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը քննարկել Է 2020 թվականին ռազմական ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության հարցերը: «Եթե հարկ լինի, Ադրբեջանը կարող Է նոր զենք ձեռք բերել Ռուսաստանից»,-հավելել Է նա:

«Ենթադրաբար,  սպառազինությունը պետք է լինի նախկին գնումների տրամաբանության մեջ, թեև միաժամանակ որոշակի ազդակներ են գալիս, որ ադրբեջանական կողմը անհանգստացած է Հայաստանի կողմից Су-30-ի ձեռքբերմամբ։ Կարծում եմ, որ գնումների մեջ կլինեն սրանց հավասարազոր կամ հակազդող միջոցներ։ Ավելի կոնկրետ մեկնաբանելը անշնորհակալ գործ է, քանի որ ավելին գիտեն միայն առանձին անձինք»,– մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը՝ «Ռադիոլուրին» ասում է ռազմաքաղաքական վերլուծաբանը։ Մհեր Հակոբյանի համոզմամբ՝ Ռուսաստանը շարունակելու է Բաքվին զենք վաճառելու իր քաղաքականությունը՝  հայկական կողմի համար արդիական պահելով արդեն ավանդական հիմնավորումը։

Անցնող տարին ակտիվ էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում անցկացվող բարձր մակարդակի հանդիպումների տեսանկյունից, սակայն փորձագետն առկա գործընթացները որակում է ավելի շատ ակտիվության իմիտացիա,  քան իրական ակտիվություն։ Հակոբյանի համոզմամբ՝  իրականում հակամարտության կարգավորումը  խորը փակուղու մեջ է։

«Համաշխարհային խաղացողները ուժերի  յուրահատուկ հավասարակշռության վիճակ են ստեղծել Հարավային Կովկասում և այս պահին պատրաստ չեն այդ իրավիճակի այս կամ այն փոփոխությանը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելք, Սիրիա–Թուրքիա զարգացումները, Իրաքի քաղաքացիական պատերազմի առաջ բերած  բարդությունները,  Իրանի շուրջ իրավիճակը։  Այս ամենը բավարար է, որ  համաշխարհային խաղացողներից  որևէ մեկը շահագրգիռ չլինի  ստատուս–քվոյի փոփոխությամբ»։

Back to top button