ԿարևորՀասարակություն

Վաղաժամ կենսաթոշակ ՍԴ դատավորներին․ պատվով հեռանալո՞ւ, թե՞ անցանկալիներից ազատվելու առաջարկ

Նոր նախաձեռնություն՝ ուղղված Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ ԱԺ վաղը մեկնարկելիք  լիագումար նիստերի օրակարգում  կընդգրկվի  «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում փոփոխություններ նախատեսող  կառավարության նախագիծը։

Խոսքը` ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակ առաջարկող օրինագծի մասին է։ Առաջարկ կա այն քննարկել եւ ընդունել արագացված ընթացակարգով՝  24 ժամյա ռեժիմով։  Այսօր հարցը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում․ քննարկումների մթնոլորտը պարբերաբար թեժացել է։  

2037 թվական․ եթե գործող կարգավորումները չփոխվեն, ապա միայն այդ ժամանակ կգործի  Սահմանադրական դատարանի ամբողջությամբ թարմացված կազմը՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված ընթացակարգով։ Կառավարությունը մտադիր չէ այդքան սպասել։

Գործադիրում, հակառակ ընդդիմախոսների հայտարարությունների, կարծում են, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա։

 «ՍԴ նախկին նախագահն իր պաշտոնավարման տարիքային շեմը լրանալուց 22 օր առաջ հրաժարակ է տալիս։ Մարդը, որն ամբողջ կյանքն աշխատելով դատական համակարգում, երազանքով սպասում է այն օրվան, երբ տարիքային շեմը լրանալու հիմքով ինքը կգնա թոշակի, չգիտես ինչ հանգամանքներում 22 օր առաջ տալիս է հրաժարական, որպեսզի ճանապարհ բացվի ՍԴ այնպիսի նախագահ նշանակելու համար, որը կընտրվի ոչ թե ՍԴ դատավորների կազմից, այլ կընտրվի ԱԺ կողմից, ոչ թե 6 տարով, այլ՝ ցմահ կամ մինչեւ 65 տարեկանը։ Ճգնաժամն ուրիշ ինչպես է լինում։ Ճգնաժամը լինում է կամ երբ մարմինը սխալ է ձեւավորվում, կամ երբ մարմինը սխալ է գործում։ Մենք երկու հիմքերն էլ ներկայացրել ենք նախագծի հիմնավորումներում»,- ասում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Կառավարությունն ԱԺ–ին ներկայացնում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում այնպիսի լրացումներ, որոնց ընդունվելու դեպքում ՍԴ դատավորները վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն են ստանում։ Հնարավորությունը տրվում է  նախապայմանով՝ եթե մինչեւ հունվարի 31–ն են օգտվում  առաջարկված հնարավորությունից, ապա ստանում են  պաշտոնավարման պահին ձեւակերպված աշխատավարձն ու հավելավճարները։ «Բոլոր սոցիալական երաշխիքները, որոնք առկա են,  պահպանվելու են մինչեւ սահմանված տարիքային շեմը լրանալը։ Դրանից հետո ստանալու են սովորական կենսաթոշակ։ Տարբեր դատավորների դեպքում տարբեր է։ Դատավոր կա, որ մինչեւ 75 տարեկանը, դատավոր կա, որ մինչեւ 65–ն է պաշտոնավարելու»,–նշում է արդարադատության նախարարը։

Կառավարության կարծիքով՝ առաջարկվում է պատվով հեռանալու տարբերակ։ Խորհրդակցել են Վենետիկի հանձնաժողովի հետ, ուսումնասիրել են այլ պետությունների փորձը։ Խոսում են Վրաստանում եւ Ռուսաստանում նմանատիպ համակարգերի  առկայության  մասին, բերում են այլ օրինակներ։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները կտրականապես դեմ են առաջարկին։

Տարոն Սիմոնյան․ «Ժողովրդի գրպանի հաշվին ձեր կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը, մեղմ ասած, անկեղծ չէ։ Դուք սրանով լուծում եք ձեր քաղաքական ինչ–որ խնդիրներ»։

Գեւորգ Պետրոսյան․ «Եթե կարգապահական հիմքեր կան, պատասխանատվության ենթարկեք, բայց եթե մարդը լավ չի աշխատում,  նրան միլիոններով փող ես տալիս,  ասում ես՝ գնա վայելիր որտեղ ուզում ես։ Սա ի՞նչ մոտեցում է»։

Էդմոն Մարուքյան․ «Ո՞նց կարող է ընդունելի լինել, որ 600–ից ավելի միլիոն դրամ դուք տաք, որ դատավորները դիմում գրեն, գնան իրենց տանը նստեն բարձր աշխատավարձով։ Բա այն դատավորները, որոնք Նիկոլ Փաշինյանին են դատել, Սասուն Միքայելյանին են դատել, Սմբատ Այվազյանին են դատել, Գագիկ Ջհանգիրյանին են դատել, կարող եմ ժամերով թվարկել, այսօր այդ դատավորներն աշխատում են։ Բա իրենց նկատմամբ վստահության խնդիր չկա՞»։  

Արդարադատության նախարարը համաձայն չէ Մարուքյանի ձեւակերպումներից որոշների  հետ։ Վահե Գրիգորյանի հայտնի նամակի մասին, որն ուղղված էր բոլոր մարմիններին, Ռուստամ Բադասյանը հստակ վերաբերմունք ունի․

«Եթե կառավարությունն ունենար նույն դիրքորոշումը, նամակում առաջարկվող քայլերի նույն հաջորդականությամբ կգնար և կառաջարկեր, օրինակ, ՍԴ դատավորի նոր թեկնածու։ Ոչ նախկինում, ոչ այժմ նման կամք կառավարությունը չի արտահայտել, ինչից էլ բխում է, որ, այո, այդ մասով համաձայն չենք»։

Ինչ վերաբերում է դատական համակարգի վստահությանն ու դատավորների բարեվարքությանը, ապա նախարարի խոսքով՝ այդ խնդիրները կլուծվեն սահմանադրական բարեփոխումների եւ «Դատական օրենսգրքի» փոփոխությունների միջոցով։  Ընդհանւոր առմամբ, քննարկման դրված  առաջարկի քննադատությունը իշխանության համար հասկանալի չէ։ Պետաիրավական հանձնաժողովում ներկայացվեցին առաջարկի ինչպես քաղաքական, այնպես էլ  իրավական հիմքերը։ Պատգամավոր Սուրեն Գրիգորյան եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան․

Սուրեն Գրիգորյան․ «Նախագիծը որեւէ անձից ազատվելու նպատակ չի հետապնդում»։

Ռուստամ Բադասյան․«Մենք այս քայլով ՍԴ այն դատավորներին, որոնք կդիմեն կամ չեն դիմի,  չենք ասում՝  նրանք  լավն են կամ վատն են։ Հենց դրա համար էլ ասում ենք՝  պատվով հեռանալ։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մեր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն օգտագործում են ճիշտ նույն բառապաշարը, որն օգտագործում են որոշակի ուժեր, որոնք վախեցած են, որ որոշակի դատավորներ կարող են կամավոր ընտրել այս ճանապարհը»։

Այս պահին ՍԴ 9 դատավորներից ընդամենը երկուսն են ընտրվել  նոր կարգով։ Մյուսների  պաշտոնավարումը դեռ հարցականի տակ է, քանի որ խորհրդարանի ընդունմանը ներկայացվող նախագիծը կոչված է լուծել հենց այս 7 դատավորի ճակատագիրը։ Խորհրդարանում տրամադրություններ կան առաջարկվող  նախագիծը  քննարկել արագացված ՝ երկրորդ ընթերցումն առաջինից 24 ժամ հետո կազմակերպելու  ընթացակարգով։

Ցուցադրել ավելի
Back to top button