ԿարևորՀասարակություն

Խղճի և օրենքի սահմանագծին

Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում այսօր բնակվում է երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող յոթ երեխա։ Նրանց 18 տարին լրացել է, և, ըստ օրենքի, պետք է մնան կրթահամալիրում, բայց փաստացի մշտական բնակության վայր չունեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվել, և հաղթողը իր վրա կստանձնի այդ յոթ երեխայի մշտական տանիքի խնդիրը։

«Իմ ծնողներն ինձ լքել են, մնացել եմ մանկատանը։ Կուզեմ ծնողներ ունենալ՝ մամա, պապա, որ իրենց հետ ապրեմ։ Սիրտս այս պահին, դուք չեք նկատի, տագնապ է կապել» 

Այնուհանդերձ նկատեցինք, Ռոզայի սրտի կծկվածությունը արտահայտվում էր ծնոտի դողով։ 23-ամյա փոքրամարմին այս աղջնակը հաճախ է ժպտում, սակայն աչքերը սպասման թախիծով են լցված։ Վերադարձի է սպասում։ Ռոզան 2010 թվականին է Երևանի թիվ 11 օժանդակ դպրոցից եկել Կապանի  թիվ 3 հատուկ կրթահամալիր՝ արհեստ սովորելու։ 18-ը լրանալուն պես այլևս չպետք է մնար կրթահամալիրում, օրենքը թույլ չի տալիս, սակայն Ռոզան և մնացած վեց ընկերները փաստացի գնալու տեղ չունեն։

«Չենք կարող այստեղ մնալ, պետությունը մեզ չի պահում, մեզ վրա փող չի ծախսում։ Պետությունը փող է դնում սովորողների վրա։ Նրանց հաշվին ենք մենք հաց ուտում, քնում, հեռուստացույց դիտում։ Ամեն անգամ չեմ գնալու ասեմ` պետություն, գիտես ինչ, ինձ վերցրու պահի, իմ հարցերը լուծեք»։


Ռոզան չնայած պահանջներ չունի պետությունից, սակայն եկեք խոստովանենք, որ խնդիրն ավելի քան լուրջ է, խոսքը մարդկային ճակատագրերի մասին է։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանն ասում է, որ նրանց այստեղ պահելու իրավունք չունեն, սակայն մարդկայնորեն  չեն կարող դուրս թողնել։

«2017 թվականին «Ջերմիկ անկյուն»  փոքր տունը ստեղծվեց Երևանում, և մեր շրջանավարտներից ութ հոգի տեղափոխվեցին այդտեղ։ Մենք ինքներս գնացինք, պայմանները տեսանք։ Երեխաներն այսօր հարմարվել են, գտել են իրենց մշտական տունը։ Հիմա մենք մտածում ենք ունենալ մեկ այդպիսի տուն, որպեսզի մեզ մոտ բնակվող այդ յոթ երեխաները տեղափոխվեն այդպիսի մի տուն, ունենան իրենց մշտական բնակության վայրը»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մրցույթ է հայտարարվել, որին կարող են մասնակցել շահագրգիռ անձինք և ՀԿ-ներ։

«Այս մրցույթը վերաբերում  է մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար փոքր տների կառուցմանը և այդ տներում  մինչև ութ շահառուի խնամքի իրականացմանը։ Նախնական խոսակցություն ենք ունեցել «Ջերմիկ անկյան» հետ, հաշվի առնելով իրենց փորձը։ Ասել են,  որ մասնակցելու են մրցույթին։ Հաղթող ճանաչվելու պարագայում պատրաստակամություն են հայտնել նշված յոթ անձանց խնամքը կազմակերպել հենց Կապանում կառուցվող փոքր տանը»։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն տարեվերջին։

Ցուցադրել ավելի
Back to top button