Իրավունքահեն թեմաները հայ գրականությունում. քննարկում Արմավիրում


«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-քարոզարշավի շրջանակներում Արմավիրում կազմակերպել է քննարկում «Մարդու իրավունքները հայ գրականությունում» թեմայով, որին մասնակցել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու արձակագիր Արմեն Օհանյանը
1991թ-ից
սկսած աշխարհի 164 երկիր մասնակցել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության
16-օրյակ»-քարոզարշավին, որին Հայաստանը միացել է 2001թ-ից: 16 օրյա քարոզարշավի նպատակն
է բնակչությանը իրազեկել կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման ու դրանց բարձրաձայնման
մասին: Քարոզարշավի պատմությունը սկիզբ է առել
Կանադայից, երբ մի քանի տղամարդ որոշել է կոչ
անել բարձրաձայնել կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին:
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը սկսվել է նոյեմբերի
25-ին՝ կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը, և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 10-ը՝ մարդու
իրավունքների միջազգային օրը: Թեման արծարծվում
է նաև հայ գրականությունում, որն արմավիրցի երիտասարդներին ներկայացրեց արձակագիր Արմեն
Օհանյանը, նույն ինքը՝ Արմեն Հայաստանցին.


«Մեր գրական ավանդույթը կապվում այն բանի հետ, որ ճնշվածներին, ձայնազուրկներին հնարավորություն է տրվում խոսք ասելու: Հայ ժողովուրդը պատմականորեն ճնշված ժողովուրդ է եղել , պատմական անարդարությունների միջով անցնող, իհարկե, ինքը ծագումով իրավունքահեն է և տարբեր գրողներ, տարբեր մասով են անդրադարձել»:
Արմեն Օհանյանը նշում է, որ գենդերային իրավահավասարության խախտումը ցայտուն երևում է հայ դասականներից Թումանյանի Մարոն, Անուշ և Մեհրի պոեմներում.
«Երեքն էլ տարբեր տարիքում են, տարբեր սոցիալական կարգավիճակում՝ մեկը երեխա, մեկը օրիորդ և մյուսը ամուսնացած կին, խոպանչու այրի: Երեքն էլ բռնության զոհ են»:
Եթե այս ավանդույթներն ուղղված են մարդու իրավունքների խախտման դեմ, ապա մեզ հարկավոր չեն այդ ավանդույթները՝ ասում է արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դարձյալ անդրադառնալով Թումանյանի ստեղծագործություններին.
«Այդ ժամանակ տիրող բարքերը շատերի կողմից ընկալվում էին շատ բնական, բայց Թումանյանը ըմբոստացել է դրանց դեմ, նա չի արդարացրել 9 տարեկան երեխայի ամուսնությունը, չի արդարացրել ամենամտերիմ ընկերոջ արարքը Սարոյի հանդեպ, այստեղ զոհը Մոսին է»:
Գրականությունն ապրում է, եթե դրա առանցքում մարդն է ու նրա շուրջ են զարգանում իրադարաձվությունները, ասում է Ռուբեն Բաբայանը, եթե ոչ, ապա այն շուտ մոռացվում է: Արմեն Հայաստանցու գրիչը տարբերվող է, նա անկաշկանդ է մոտենում այն խնդիրներին, որոնք հասարակության մեջ դեռ փակ են կամ որոշակի մասի մոտ՝ անընդունելի.
«Ես էլ եմ շատ մտահոգ մարդու իրավունքների իրավիճակով: Հանրային խոսակցությունների մեջ շատ կարևորում եմ, որ մենք վերանայենք մեր գրական ժառանգությունը մարդու իրավունքների դիրքից»:
Կանանց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է, ասում է քննարկմանը մասնակից արմավիրցի երիտասարդներից մեկը՝ Քրիստինե Մկրտչյանը և մեջբերում շրջապատում հանդիպող օրինակներից մեկը, երբ կինը 15 տարի շարունակ բռնության է ենթարկվում ամուսնու կողմից: Իրական պատմություններից երիտասարդ աղջիկը հասկացել է, որ բռնության ենթարկված կանայք շարունակում են ապրել բռնարարի հետ, քանի որ կախվածության մեջ են նրանից՝ գնալու և աշխատելու տեղ չունեն, միաժամանակ նշում, որ բռնության ենթարկված կանայք իրազեկված չեն իրենց իրավունքներից, չգիտեն նաև, որ կան այնպիսի կազմակերպություններ, որոնք զբաղվում են գենդերային բռնության խնդիրներով: