ԿարևորՔաղաքական

Ինչ հարցեր են քննարկելու Մնացականյանն ու Մամեդյարովը

Հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ, որում կան ինչպես բուն կարգավորմանը, այնպես էլ  միջավայրին առնչվող հարցեր, ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ հարցեր պետք  է քննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպմանը։

«Մենք ունենք մեկ միասնական փաթեթ, որի մեջ շատ կան կարևոր հարցեր` բուն կարգավորմանն առնչվող, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերվում են միջավայրին, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ կարևոր նշանակություն ունեն իրենց ամբողջության, իրենց համապարփակության մեջ: Բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարգավիճակին: Եվ, բնականաբար, մենք շարունակելու ենք փորձարկել, մշակել այն մոտեցումները, համադրումները, որտեղ մեզ անհրաժեշտ է լինելու տեսնել, որ մեր գերակա կարևորագույն հարցերը ստանում են իրենց համապատասխան արտահայտությունը»,-ասաց Մնացականյանը:

«Մենք հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը: Մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողություններն ու լրջությունը` խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու և արդյունավետ աշխատելու: Կայանալիք հանդիպման ուղղությամբ մենք աշխատել ենք: Մենք գնում ենք մեր աշխատանքը կատարելու և մենք ունենք մեր գերակայությունները, և աշխատելու ենք դրանց շուրջ»,-նշեց նախարարը:

Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Back to top button