ԿարևորՏնտեսական

Մեկնարկել է «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը

Պաշտոնապես մեկնարկել է «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը՝ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի, հայ դիզայներների և տեքստիլ արտադրողների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ: Մեկնարկը տրվել է հայաստանյան տեքստիլ արտադրության խոշոր գործարաններից մեկում:

Երկամյա ծրագրի նպատակն է բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտների տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:  

Ծրագիրն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն։ Այն ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են «Eco-Age» և «Fashion Scout» բրիտանական կազմակերպությունները:

«Ես շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը» ֆինանսավորում է այս յուրօրինակ ծրագիրը, որը տնտեսական և բնապահպանական առումով կնպաստի Հայաստանի կառավարության՝ կայուն զարգացում ապահովելու ջանքերին։ Այս ծրագիրը միավորում է Հայաստանի և Բրիտանիայի հիանալի ստեղծագործ միտքը։ Ոչ պակաս կարևոր է, որ ծրագիրը նաև խթանում է կանանց ձեռներեցությունը՝ նրանց համար ստեղծելով եկամտի և աշխատանքի հնարավորություններ»,- նշել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը:

Կայունությունն ապահովելու նպատակով ծրագիրը ստեղծելու է պետություն-մասնավոր հատված երկխոսության մեխանիզմներ ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ովքեր ևս կարևորել են ծրագիրն ինչպես երկրի տնտեսության զարգացան, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ապահովման տեսանկյունից:

Ծրագիրը նախատեսված է կայացած և սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր և ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար: Այն  խթանելու է նաև կանանց և երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարելավելու է կառավարման հմտությունները:

Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով. Առաջին ուղղությունը ենթադրում է մասնագիտական և բիզնես կարողությունների զարգացում՝ նորաձևության բիզնեսի կառավարում, էկո-նորաձևություն և էկո-արտադրություն, բրենդինգ, PR և միջազգայնացում, ֆինանսական պլանավորում, նորարարության և նոր արժեքի ստեղծում, արտադրություն և իրացում և այլն:  Օգտագործվող բոլոր նյութերը և գրականությունը թարգմանվելու և հանձնվելու են համապատասխան կրթական հաստատություններին՝ հետագա օգտագործման համար: Երկրորդ ուղղությունը նպաստելու է գործարար կապերի ստեղծմանը` միջազգային շուկա մտնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու գործընթացը արագացնելու նպատակով:

Երրորդ ուղղությամբ ստեղծվելու է կայուն արտադրության վերամշակման մոդել (տեքստիլ արտադրանքի թափոնների վերամշակում)՝ տեքստիլ արտադրողների հետ համագործակցության միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close