Մարգահովիտն արդեն ունի լուսավորության համակարգ, ջրահեռացման ցանց


Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում անցկացվել է լուսավորության համակարգ, կառուցվել է ջրահեռացման ցանց : Մարգահովիտ համայնքում իրականացվել է նաև ճանապարհի 1.1 կմ հատվածի ասֆալտապատում և 2 կմ հատվածի խճապատում: Աշխատանքներին ծանոթանալու համար, որոնք ավարտական փուլում են և իրականացվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն ծրագրերով, Մարգահովիտ համայնքում է եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Մարզի ղեկավարը այցելել է նաև Տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով վերանորոգված ամբուլատորիա: Աշխատանքներն այստեղ արդեն ավարտված են:


Շրջայցի ընթացքում Անդրեյ Ղուկասյանը կարևորել է աշխատանքները որակով իրականացնելու անհրաժետությունը՝ նշելով, որ վատորակ աշխատանքի դեպքում շինկազմակությունները բազմակի վնասներ են կրում՝ ստիպված լինելով լրացուցիչ ռեսուրսներ ծախսելով՝ կրկնակի աշխատանք իրականացնել և, բացի այդ, նման աշխատանքը նաև կարող է չֆինանսավորվել:
Ա. Ղուկասյանը համայնքի ղեկավարին հորդորել է նաև ակտիվ լինել և 2020թ. համար ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել: Այս պահին արդեն իսկ շրջանառվում է սուբվենցիոն 3 ծրագիր: