ԿարևորՄշակույթ

«Թռիչք կկվի բնի վրայով». Մայր թատրոնի բեմում առաջնախաղ է

Նեկտար Կարապետյան
«
Ռադիոլուր»

Մեզ մանուկ ժամանակներից սովորեցրել են, որ թատրոնը սկսվում է հանդերձարանից։ Միգուցե։ Բայց թատրոն մտնելուց նախ մոտենում ես տոմսարկղին, որտեղ աշխատում է նրբիկ, ժպտերեսիկ Նարինեն։

«Թատրոնում 15 տարի է արդեն աշխատում եմ, արդեն հասցրել է դառնալ իմ երկրորդ ընտանիքը, ու յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է թատրոն հաճախելը և թատրոն սիրելը»,-ասում է նա։ Հետո անցնում ենք հսկիչների մոտով, նոր հանդերձարանով ուղևորվում դահլիճ` դիտելու ներկայացումը։

Սունդուկյանի անվան  ակադեմիական թատրոնում եմ։ Այսօր այստեղ պրեմիերա է, գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը բեմադրել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» գործը։ Բայց ներկայացման մասին քիչ անց։

Մուտքի մոտ ինձ  դիմավորեց լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Անի Ներսիսյանը, որ ուղեկցի դիմահարդարման սենյակ։  Ի՞նչ է ձեզ համար թատրոնը՝ հարցնում եմ. «Թատրոնը ինձ համար երկրորդ տուն է։ Թատրոնում եմ մեծացել։ Սիրով  եմ աշխատում` շատ։ Լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եմ` չնայած  մասնագիտությամբ դերասանուհի եմ, մոտիկ եմ, թատրոնում եմ»։

Դեպի կուլիսներ ճանապարհը տանում է միջանցքով, որտեղ կախված են ճանաչված դերասանների նկարները, հետո անցնում ենք  բեմով, այստեղ վերջին դեկորներն են տեղադրվում։ Ի՞նչ անձնակազմ է աշխատում ներկայացում ստեղծելու համար, մտածում եմ, դիմահարդար, լույսի, ձայնի, բեմի աշխատակիցներ, մարդիկ, որոնց անունները չեն հնչում, մարդիկ, որոնք միշտ վարագույրի հետեւում եմ։ Հետաքրքի՞ր գործ է` հարցնում եմ բեմում աշխատողներին. «Հետաքրքիր է այնքանով, որ արդեն երեսուն տարի թատրոնում եմ, իսկ այ ես մարդը հիսուն տարի է թատրոնում, արդեն հիսուն տարի»։


Հիմա արդեն անցնեմ ներկայացմանը։ «Թռիչք կկվի բնի վրայով» գլխավոր դերակատարն է Արմեն Մարգարյանը։

-Մի պատմություն է, բայց այդ պատմությունը մարդկանց հնարավորություն է տալիս ամեն մեկին յուրովի խորհելու և հասկանալու, թե ինչ է կատարվում իրականում; Իսկ իրականում իմ կերպարը հայտնվում է հոգեբուժարանում։ Հետո պարզեցի, որ Քեն Քիզին («Թռիչք կկվի բնի վրայով» պիեսի հեղինակը, խմբ.) եղել է հոգեբուժարանում։  Թե ինքը ինչպես է այնտեղ հայտնվել… ինչ- որ  մի շրջանում այնտեղ է եղել, տեսել է այդ ամենը, այդ իրականությունը, և ինքն էլ իր գրականության մեջ է ընդվզել այդ բարքերի դեմ։

-Դժվա՞ր էր խաղալ։

-Դերը ինձ համար, իհարկե, շատ պատասխանատու էր, որովհետև, դե գիտեք, Նիկոլսոնը այնպես է արել, որ բոլորն անընդհատ Նիկոլսոնից են խոսում։ Գիտեք թատրոնը մի քիչ այլ մատուցման ձևերով է օժտված, իսկ կինոյում այդ հնարավորությունները հօգուտ  դերասանի են, իսկ թատրոնում այդ տարածության մեջ ներկայացնելը դերասանի համար շատ ավելի բարդ է` իմ կարծիքով։ Թե որքանով է դա հաջողվել, ես չեմ կարող ասել։ Համենայն դեպս, ես աշխատել եմ ոչ միայն իմ կերպարը առաջ մղելով, այլ մյուս կերպարների հետ ստեղծելով իմ կերպարը, մյուս կերպարների միջոցով տեսնելով ինքս ինձ` այդ դիրքերից ելնելով` ամբողջությամբ կոլեկտիվ մտածելակերպով։

«Սա նոր մոտեցում է, որով Էլբակյանը բերում է այսօրվա մարդուն և համադրում հիվանդ միջավայրի հետ։ Կատարսիս են ապրում նախ հերոսները բեմի վրա։ Ներկայացումը, որ նայեք, կհասկանաք, որ կա տեսարան, երբ պատուհանը բաց է, բայց ոչ մի հիվանդ դուրս չի գալիս հիվանդասենյակից։ Այսինքն` ինքդ պիտի հասնես ազատության գաղափարին, որպեսզի ինքդ կոտրես այդ փակ պատուհանը, նոր դուրս գաս դեպի բաց աշխարհ»,- ասում է դերասան Արմեն Քուշկյանը։

«Ամեն օր գալիս ենք, ամեն օր նոր բաներ ենք անում, դեռ փոփոխություններ կան, դերասաններ փոխվեցին և այլն և այլն։ Դեկորացիան փոխվեց, մի քիչ դժվար ուղի անցավ այս ներկայացումը, երեխայի նման ծնվեց այս ներկայացումը»,- լրացնում է Մեսրոպ Աբտոյանը։

«Ի՞նչ տվեց ձեզ այս ներկայացումը»,- հարցնում եմ։ «Փորձ, ինքնաբավարարվածություն, որովհետեւ այս ներկայացման մեջ խաղում եմ Բիլիի կերպարը։ Նա կակազում է, բախտ չէի ունեցել նման դեր խաղալու, հատկապես խելագարի։ Հետաքրքիր էր։ Դե ամեն մի փորձ առանձին դասախոսություն էր, առանձին մի պատմություն։ Այս  ներկայացումը` «Թռիչք կկվի բնի վրայով», արդեն մեծ բան է, որտեղ մի փոքրիկ մասնիկ ունես»,- պատասխանում է Աբտոյանը։

Պարզեցի, որ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը բոլոր փորձերին ներկա է եղել։ «Երբ ունենում ես բարձրաճաշակ ստեղծագործություն քո թատրոնում, դա արդեն մեծ բան է։ Կարծում եմ հանդիսատեսի նպատակն է շփվել  որակով  արված, էսթետիկական հաճույք պատճառող ստեղծագործությունների հետ։ Այս աշխատանքը, ես վստահ եմ, որ մեր հանդիսատեսի և՛ ներաշխարհը, զգացմունքները, և՛ միտքը էականորեն շարժող ներկայացում է լինելու։ Ես հետևում եմ, բնականաբար, փորձերի բոլոր փուլերին և վստահ ասում եմ, որ ներկայացումն  ստացվել է, Մայր թատրոնին վայել ներկայացում է»,- ասում է թատրոնի տնօրենը։

-Պարոն Էլբակյան ինչու՞ հենց այս գործը

-Այս  գործը մենք ընդգրկեցինք թատրոնի խաղացանկ, որովհետեւ, իմ կարծիքով, սա 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի  ստեղծագործություն է,  որը շատ աղերսներ  ունի մեր ժամանակի հետ։ Կարծում եմ, որ հատկապես մեր երիտասարդ հանդիսականը, եթե չի կարդացել, գոնե պիտի առնչվի այս գործի հետ։ Գուցե նաև առիթ դառնա կադալու այս հրաշալի ստեղծագործությունը։ Համենայնդեպս,  բոլոր ժամանակներում սա եղել է  իմ թեման այն առումով, որ ես միշտ դեմ եմ եղել բոլոր տեսակի ռեժիմներին, բոլոր տեսակի կանոններին, որոնք բարոյական չափանիշներից դուրս են, որոնք  բռնություն են ստեղծում մարդ արարածի հանդեպ։ Հենց այս պատճառով մենք բեմահարթակ ենք բարձրացրել այս գործը։

Դե ինչ, ներկայացման գնահատականը կտա հանդիսատեսը, իսկ ես հիշեցնեմ, որ Մայր թատրոնի բեմում առաջնախաղ է` «Թռիչք կկվի բնի վրայով»։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close