ԿարևորՀասարակություն

Ռազմավարական նշանակության ճանապարհ՝ առանց ասֆալտի

Երևանում ապրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է տարվա մեջ մի քանի անգամ շրջի մարզերով։ Երկու պարզ պատճառ կա դրա համար։ Նախ պետք է տեսնի, թե ինչպես են ապրում մեր հայրենակիցները  և հետո անպայման չմոռանա դրա մասին։ Երկրորդն ավելի կարևոր է։ Հայտնի բան է, գյուղում գյուղացուն պահելու ամենակարևոր նախադրյալը ճանապարհի գոյությունն է։ Կա ճանապարհ` գյուղը կապրի, չկա ճանապարհ`չի կարող գոյատևել։ Գյուղը չապրեց, քաղաքն էլ չի ապրի։ Կյանքի օրենք է, շղթան այդպես է աշխատում։ Նրանք պահում են մեր սահմանը, իսկ մենք, եթե ապրել ենք ուզում, պիտի պահենք իրենց։ Այլ կերպ լինել չի կարող։

Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում ապրողները՝ այս պարզ շղթայի կարևորությունը հասկանալով, ըմբոստացան։ Ճանապարհը փակեցին գյուղում, նորոգման որոշումը կայացրին քաղաքում։

Սևանի ավազի այդ հատվածի բնակիչները  Փամբակից Բերդ գնում են Ճամբարակով։ Ճամբարակ – Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը 41 կմ երկարություն ունի։ Լայն, անցանելի, բայց փոշոտ ու առանց ասֆալտի։ Այդ վիճակով էլ շահագործվում է, բայց բնակիչների  առողջության և տեխնիկայի հաշվին։ Փամբակի բնակիչ Նվեր Խլոյանին հարցնում եմ, թե Փամբակից Բերդ ինչ ճանապարով են գնում և երբ է վերջին անգամ օգտվել այդ ճանապարհից։ Ասում է, որ ճանապարհով  հաճախ է անցնում և այն  շատ վատն է։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքնեի նախարարությունից փորձում եմ ճշտել` գիտե՞ն այս ճանապարհի վիճակի մասին, և արվո՞ւմ է արդյոք որևէ բան այս ուղղությամբ։ Նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը վստահեցնում է, որ նախարարությունում, հաշվի առնելով ճանապարհի կարևորությունը, անցկացնում են համապատասխան քննարկումներ, ինչի  արդյունքների մասին անպայման կտեղեկացնեն։ Նաև հավելում է, որ իրենց ուշադրության կենտրոնում է ռազմավարական նշանակության ճանապարհների վերանորոգումը։

Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի հետ զրույցից հասկանալի է դառնում, որ համայնքի բնակիչները, անկախ ճանապարհի որակից, բաց չեն թողնում այդ ճանապարհից օգտվելու առիթը։ Թեև առողջության և տեխնիկայի հաշվին, բայց ավելի կարճ ճանապարհով։ Ռոբերտ Օհանյանն ասում է, որ իրենք ամուր են կանգնած մեր սահմանների վրա, գիտակցաբար են մոտենում խնդիրներին, հասկանում են դրա կարևորությունն ու նաև պետության հնարավորությունների մասին գիտեն։ Նաև ասում է, որ անկախ ամեն ինչից, սահմանամերձ գյուղերը  միշտ պիտի պետության ուշադրության կենտրոնում լինեն։ 

Բերդն արդեն ասֆալտապատ է, գյուղերն իրար կապող ճանապարհներն անցանելի։ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ապրող  Անահիտ Մարտիրոսյանն ասում է, որ իրենք հիմնականում օգտվում են այդ ճանապարհից, քանի որ այն թեև վատ, բայց կարճ ճանապարհ է։ Վերադառնում  ենք  Երևան, իհարկե  ոչ  Ճամբարակով։ Հասնում ենք Իջևան և հասկանում, որ Հայաստանի բոլոր ճանապարհները պիտի այսպիսին լինեն` լայն, հարթ, գծանշված, լուսավորված  ու  ինչպես վարորդներն են ասում` հալած յուղի պես։

Իջևանի ճանապարհն իհարկե նմանը չունի։ Իսկ Ճամբարակը Բերդին կապող հողը, Ճամբարակից  Բերդ գնացողների համար, ասֆալտապատ ճանապարհ է ուզում։

Ցուցադրել ավելի
Back to top button