ԿարևորՔաղաքական

Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր․ վարչապետ

ՀՀ-ում պետական պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր՝ այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված իր ելույթում։ Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ընդհանրապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի եւ նրբությունների բերումով, ցավոք, երբեմն ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին, նշել է վարչապետը՝ հավելելով. սկզբունքայնության առումով ավելի շատ նկատի ունեի գործող պաշտոնյաներին։

Եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն եւ չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը նոր անձնակազմով փոխարինելու ձգտում՝ ՀՔԾ ծառայողի օրվա առթիվ ունեցած ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր։ Սա սկզբունքային այն ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը մենք պետք է անենք առաջիկայում»։

Այդ առումով վարչապետը կարեւորում է այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք սկսվել են եւ հետեւողականորեն առաջ են տարվելու։

«Նախկին եւ ներկա պաշտոնյաների գործունեության հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երեւելի եւ երեւացող փարոս եւ դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին»։

Վարչապետն ասաց, որ միշտ չէ, եւ ընդհանուր առմամբ, չի կարող ասել, թե շատ բավարարված է կոռուպցիոն գործերի եւ ընդհանրապես պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով, այդուհանդերձ, արձանագրեց, որ հսկայածավալ աշխատանք է կատարված եւ աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք ներկայացրեց նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Մի հետաքրքիր համեմատական-արձանագրում եւս այսօր իր խոսքում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ եւ մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի եւ բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձեւակերպման համար, Հիսուսի բարդույթով»։

Վարչապետը ավելեց նաեւ՝ «Հիսուսի բարդույթ» ասելով  նկատի ունի, որ յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը եւ՛ ծառա է, եւ՛ տեր է միաժամանակ, որովհետեւ, ըստ վարչապետի, այդ երկուսը մեկը մյուսից անջատելով՝ պետական պաշտոնյայի դեպքում դա չի լինի բավարար չափով օգտակար:

Back to top button