ԿարևորՏնտեսական

Գյուղատնտեսությունը թան չէ, ամեն մարդու բան չէ

Այս տարի  կարտոֆիլի ցեցը տարածվել է  նաև Լոռու մարզում։ Նախկինում հանդիպում էր միայն Արարատյան դաշտում։ Գյուղացիները կարտոֆիլի անորակ բերք են ստացել և իրացման խնդիր ունեն։ Նրանք պնդում են, որ մորմազգու ցեցի դեմ միայնակ պայքարել չեն կարող, պետական աջակցություն է հարկավոր։

Լոռու մարզի Արևածագ  գյուղի  բնակիչ Արթուր Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում    դժգոհեց. գյուղացին  տանջվում է, հող  է մշակում, ցանք անում, սակայն արդյունք չկա:  Գյուղում հիմնականում մշակում են կարտոֆիլ, ցորեն ու եգիպտացորեն: Ինչպես ինքն  է ասում, այն ինչ կլիման թույլ է տալիս մշակում են, այլ հարց է` եկամուտ ստանում են, թե ոչ:

«21-րդ դարում բահերով ենք գյուղատնտեսություն անում, ամբողջ աշխարհում ռոբոտացված է: Մեր մոտ հիմա գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակ է: Պապենական ձևերով ենք ցանում, չունենք գյուղատնտես, որ մասնագիտական խորհուրդ տա, համայնքն այդ գումարը չունի, որ տա գյուղատնտեսի կամ անասնաբույժի, խոսքը նորմալ մասնագետի մասին է, ով կապ կստեղծի գիտության և գյուղատնտեսի միջև։ Սեզոնին, երբ շատ բերք է արտադրվում, մնում է, այդ տարին ամենավատ տարին է: Այսինքն աշխատանքը, ծախսը շատ է լինում, գինն իջնում է, բերքն էլ մնում է»:

Բնակչի խոսքով ՝ չգիտեն շատ բերք ստանա՞լն է լավ , թե՞քիչ: Շատ ստանում են, չեն կարողանում իրացնել, քանի որ գյուղացին  որակով բերք չի կարողանում ստանա, որ իրացնի:  Այս տարի էլ կարտոֆիլի ցեցը բերքի որակը գցեց, Մելիքսեթյանն ասում է, որ գյուղացին միայնակ չի կարող պայքարել ցեցի դեմ, պետության աջակցությունն  է պետք.

«Այս տարի էլ կարտոֆիլը  ցեց ընկավ, գյուղացին չգիտի ինչ անի: Այստեղ պետական միջամտություն է պետք, քանի որ  մասսայական պայքար պետք է տարվեր, բայց չարվեց: Պետական ոչ առևտրային կազմակերպություն կար՝  Գյուղատնտեսական  բուժսանիտարական  ՊՈԱԿ-ը, փակվում է: Չէի ասի լավ էին աշխատում, բայց դե ինչ-որ բան անում էին: Հիմա փոխանակ մտածեն, ոնց անեն, որ լավ աշխատեն, փակում են, բա գյուղացին ո՞ւմ դիմի»:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը պարզաբանում  է , խոսքը մորմազգու  ցեցի մասին է, որը հիմնականում հանդիպում է Արարատյան դաշտում, սակայն այս տարի նկատվել է նաև Լոռու մարզում, հատկապես Ստեփանավանի տարածաշրջանում։ 

«Գյուղացին, ասենք թե քիմիական պայքար է տանում, միջատասպան թունաքիմիկատներ է օգտագործում, ձվերի վրա քիմիկատը չի ազդում, ցեցն այդ պահին տեղափոխվում է կողքի դաշտ, 14 օր հետո , երբ դեղի ազդեցությունը թողնում է նորից վերադառնում է։ Արդեն 4 տարի է պայքարում են ցեցի դեմ , բայց  ապարդյուն, էնքան որ գումարներ են մսխում։ Գյուղատնտեսությունը թան չէ, ամեն մարդու բան չէ»։

Բերբերյանի խոսքով անորակ բերք է ստացվում , արդյունքում  և’ իրացման, և’ արտահանման հետ կապված խնդիրներ են առաջանում։

«Ապրանքային տեսքը կորցնում  է, հետո էլ արագ է  փտում, քանի որ կարտոֆիլի վերին շերտը վնասված է լինում ,ներսում կարող է սպառել»։

Թե ինչ մեթոդով է պետք պայքարել մորմազգու ցեցի դեմ, Բերբերյանը կես կատակ կես լուրջ  ասում է, որ խորհուրդը փող արժե։ Իսկ ահա Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրին, որ այս տարի պիլոտային ծրագիր են սկսել Արարատի մարզում․

«Այս տարի նախարարությունը ՀԱԱՀ–ի հետ մեկտեղ մի շարք գիտափորձնական  միջոցառումներ է իրականացրել, հիմնականում Արարատի մարզում, որի արդյունքները հիմք են հանդիսանալու հետագա ռազմավարական  ծրագրերի մշակման համար»,–ասում էնախարարության մամուլի խոսնակ  Աննա Օհանյանը։

Մինչ ծրագիրը փորձաշրջան է անցնում,  գյուղացուն մնում է ոչ այլ ինչ, քան ստացած բերքը՝  որպես անասնակեր իրացնել։ Տարբեր  տարածքներում գինը տարբեր է ՝ 30- 50 դրամ։ Մինչդեռ,  կարտոֆիլի միայն  սերմը շատ ավելի թանկ արժե, չհաշված  մշակման ընթացքում պահանջվող մյուս ծախսերը։ 

Back to top button