ԿարևորՏնտեսական

Պետական ֆինանսների համակարգի բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի արդար բաշխումն ապահովելն է

Կառավարությունը հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ)  2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը։

Նոյեմբերի 28-ի նիստում ռազմավարությունը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է. «14 ոլորտներ են ընդգրկված ռազմավարությունում, այդ ամբողջը ծածկում է պետական ֆինանսների կառավարման համակարգը, թվով 27 բաղադրիչներ են առանձնացված և այդ բաղադրիչների համար 56 թիրախներ են առաջարկված ռազմավարության նախագծով, որոնց համար 63 կատարողական վերջնական արդյունքային ցուցանիշներ են սահմանված»։

Ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջն է տեղեկացնում, ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են հետևյալ 14 ոլորտները՝

Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն․
Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն,
Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում,
Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ,
Պետական պարտք,
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում,
Կորպորատիվ հաշվապահական հաշվառումեւ աուդիտ,
Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում եւ հսկողություն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ),
Պետական գնումներ,
Պետական ներքին ֆինանսական հսկողություն եւ ֆինանսաբյուջետային վերահսկողություն,
Հանրային ակտիվների եւ հանրային ներդրումների կառավարում,
Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարում,
Արտաքին վերահսկողություն եւ աուդիտ,
ԿՖԿՏՀ ներդրում:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի  արդար բաշխումն ապահովելն է:

Դրա համար պետք է ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:

Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ)  2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունում մատնանշվում են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված կառավարության հանձնառություները, որտեղ առաձնացված են հետեւյալ հիմնական ուղղությունները.

Վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը,
Ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացումը եւ բարելավումը,
Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձեւավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը եւ հարկային վարչարարության արդիականացումը,
Պետական ֆինանսերի նպատակային, խնայողաբար եւ արդյունավետ օգտագործումը,
Ծախսերի նպատակայնության բարձրացման ապահովման համար անցում կկատարվի ռազմավարական պլանավորման համակարգին,
Ֆինանսական կարգապահության բարելավումը,
Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը,
Մարդկային կապիտալին եւ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի  մեծացումը,
Պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում,
Պետական գնումների արդար եւ թափանցիկ համակարգի ներդրում,
ՊՖԿ միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում,
Հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրումը,
Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երեւույթները ծնող պատճառների վերահսկման եւ վերջիններիս վերացմանն կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում։

Ցուցադրել ավելի
Back to top button