ԿարևորՀասարակություն

Չտրվել արագ վարկեր վերցնելու գայթակղությանը

Հայաստանում վերջին 12 տարիներին  վարկերի տոկոսադրույքները դինամիկ նվազում են` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի  ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով,  մինչև 2016 թվականը Հայաստանում  աճում էին ավանդների տոկոսադրույքները։  2016–ից հետո ավանդների ու  վարկերի տոկոսադրույքները սկսել են զուգահեռ նվազել։  Հայաստանում հիմնական շեշտը դրվում է քաղաքացիների ֆինանսական գիտելիքների  բարձրացման վրա։

Հայաստանում  վարկային խնդիրներ ունեն գրեթե բոլորը՝ ժամկետանց վարկերից մինչև վարկային վատ պատմություն կամ որ ընդունված է ասել` ներառված են սև ցուցակում։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը բացառություն չէ։

Իրավիճակը սեփական փորձով է ներկայացնում, նաև՝ լուծումներ առաջարկել․ «Ուղղակի չեմ կարողանում օգտվել ազգային հիպոթեքային ծրագրից, քանի որ յոթ տարի առաջ ունեցել եմ փոքրիկ խնդիր բանկերից  մեկում ։ Վարկային պատմությունս լավը չէ՝ ոչ իմ մեղքով։ Ասեմ ավելին, ծրագրից չի կարողանում օգտվել նաև կինս»։ 

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում բնակչության 80–85 տոկոսը բանկային համակարգում հաշվի ունի։ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը  սպառողական  վարկերի  ծավալի ավելացումը կապում է ոչ թե տնտեսության կամ  մարդկանց  սոցիալական վատ  վիճակի հետ, այլ՝ համակարգի կայացման։  ԿԲ  ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի փոխանցմամբ. «Բանկերում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը հինգ տոկոս է կազմում։ Դրանք ժամկետանց կամ վերավարկավորված վարկերը»։

Սպառողական վարկերի աճը նկատելի է, կտրուկ չէ, սակայն պահանջարկն ավելացել է՝ ասում է Գրիգորյանը։

Մեր երկրում  արագ տրամադրվող վարկերի պահանջարկ կա։ Սրա մասին գիտեն և ԿԲ–ում, և խորհրդարանում։ Բայց և այլ  չարիքի  պահանջարկ էլ  կա, ինչպես օրինակ՝ թմրանյութի` ընդգծում է «Իմ քայլը» խմբակցությունից Վարազդատ Կարապետյանը. 

«Փոխանակ այս  չարիքի դիմացը պատնեշելու, մենք փորձում ենք ոլորտը կանոնակարգել։ Ես կարծում եմ այս հարցում արմատապես այլ դիրքորոշում է պետք։ Եթե մենք ասում ենք, որ մարդուն դեղ է պետք, դրա համար պետք է իրան 200 տոկոսով վարկ տանք, մենք պետք է խնդրենք մեր իմաստուններին, որ դրան անուն տան։ Ես վստահ եմ, որ իրենք դրան անվանելու են վաշխառություն»։ 

ԿԲ ներկայացուցիչը՝ Անդրանիկ Գրիգորյանը, վարկի եւ թմրանյութի համեմատության հետ համաձայն չէ։ Ավելին, նշում է, որ տարբերությունն ակնհայտ է՝  արագ  վարկերի դեպքում մարդը գումարի խնդիր ունի․ «Եթե մարդուն ֆինանսների հասանելիություն չտանք, այդ դեպքում տոկոսադրույքները ավելի բարձր կլինեն։ Վաշխառուները վարկը կտրամադրեն ամսական 10 կամ 12  տոկոսով»։

Անդրանիկ Գրիգորյանի տեղեկացմամբ, Հայաստանում փաստացի տոկոսադրույքը, որն ավելի բարձր է, քան`անվանականը, չի  գերազանցում   20 տոկոսը՝ բոլոր տեսակի վարկերի համար․ «Վերջին մի քանի ամիսներին անգամ  24 տոկոսով վարկեր չկան, ու դա մրցունակության արդյունք է։ Վարկային կազմակերպություններում 43  տոկոս է»։       

Սպառողը վարկն ընկալում է որպես փող, այլ ոչ թե պարտավորություն՝  ասում է  ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։

Սա գլխավոր դրամատունը մարտահրավեր է համարում։ Կենտրոնական բանկը շեշտադրել է սպառողների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու քաղաքականություն։ Բացի այդ, գլխավոր դրամատունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով վարկատուների համար սպառողների պարտքի բեռի սահմանափակման գործակից կսահմանվի։

Որևէ ֆինանսական կազմակերպություն առանց  քաղաքացու եկամուտները հաշվարկելու նրան պարզապես չի կարողանա վարկ տրամադրել։ Խորհրդարանականներն ու ԿԲ-ն մեկ  հարցում համամիտ են` պետք չէ տրվել արագ վարկեր վերցնելու գայթակղությանը։

Back to top button