ԿարևորՀասարակություն

Հեռուստամարաթոն-2019-ը՝ Արցախի եւ Հայաստանի 3 մարզերի համար

«Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին». համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն ավարտված է։ Հանգանակություններն ուղղվելու են մարզերում խմելու ջրի անցկացմանը և արևային էներգետիկայի ծրագրերի խթանմանը: Այս տարի հավաքվել է վերջին 10–ը տարվա ամենաքիչ գումարը։

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ազգային նվիրատվության 22–րդ հեռուստամարաթոնն արդեն պատմություն է։ Հեռուստամարաթոնի ողջ պատմության ընթացքում 2008-ի ցուցանիշն այս տարի էլ գերազանցել չի հաջողվել, կրկնել՝ նույնպես։ 2008–ին հեռուստամարաթոնն արձանագրեց ավելի քան 35 մլն․ դոլար է հավաքվել՝ Արցախի ու Հայաստանի համար։

2008 թվականի դրամահավաքի աննախադեպ բարձր ցուցանիշը մեծապես պայմանավորված էր  2007–ի ճաշկերույթի արդյունքով` 30 միլիոն դոլար, որի մեծ մասը գործարար Սամվել Կարապետյանի 15 միլիոն դոլարի նվիրատվությունն էր:

Այս տարի հեռուստամարաթոնի ավարտին մեծ էկրաններին հայտնվեցին պաշտոնական թվերը՝  նվիրատվել է 9 մլն 856 հազար 100 դոլար։ Այս թիվը հեռուստամարաթոնի վերջին 10-ը տարիներ ամենացածր ցուցանիշն է։ Համահայկական հիմնադրամից ասում են՝ դեռ շարունակում են զանգել ստանալ, նվիրատուների ցուցակն ավելանում է։

«Մենք թիվ, իհարկե ներկայացնում ենք, բայց այդ թիվը հենց այսօր անընդհատ աճում է»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը։

Ինչո՞վ է պայմանավորված նվիրատված գումարի նախորդ տարիների համեմատ փոքր թիվը՝ հիմնադրամից ասում են գործունեության ռազմավարությունն է փոխվել։

Պատմության 27 տարիների ընթացքում հիմնադրամն ունեցել է շուրջ 500 հազար նվիրատու։ Կառույցի նոր ռազմավարությամբ ցանկանում են այդքան նվիրատու ունենալ մեկ տարվա ընթացքում, կարևորել ոչ թե նվիրատվության չափը, այլ՝ ներգրավվածությունը։

«Մենք կարեւորում ենք նույնիսկ մանր նվիրատվությունները, մեզ համար շատ ավելի կարեւոր է մարդու ներգրավվածությունը», – ասում է Արմինե Թոխմախյանը։

Համահայկական հիմնադրամի փիլիսոփայությունը տարվում է դեպի մարդը, դեպի յուրաքանչյուր հայի ներգրավվածությունը, ասում է Արմինեն ու փոխանցում  «Հեռուստամարաթոն-2019»–ի արդեն ամփոփված արդյուքնները. Ստացել են ավելի քան 450 զանգ, 1420 հաղորդագրություն եւ 1700 առցանց նվիրատվություն։

Իսկ վերջում ակնարկ, թե ե՞րբ ու ինչպե՞ս սկսեց համահայկական դրամահավաքն իր ճանապարհը. առաջին հեռուստամարաթոնը տեղի է ունեցել 1996 թվականին, որի արդյունքում գրանցված 2.2 միլիոն  դոլարը կրկնապատկվել է Քըրք Քըրքորյանի կողմից:

1998 թվականին հեռարձակում տեղի չի ունեցել և դրամահավաքը կազմակերպվել է այլ եղանակներով, իսկ 2001-ին Հեռուստամարաթոնն ուղիղ եթերով չի հեռարձակվել` ի նշան սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերի հիշատակի, և նվիրատուների շրջանակներում տարածվել է տեսագրված տարբերակը:

Ցուցադրել ավելի
Back to top button