ԿարևորՀասարակություն

Խստացումներ՝ բանակում ինքնասպանության դրդելու համար

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը պատժաչափի խստացում է նախատեսում բանակում ինքնասպանության դրդելու համար: Փաստաթուղթը մշակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, կառավարությունը դեմ չէ, ներկայացրածին գումարել է իր առաջարկները:

Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովն արդեն տվել է դրական եզրակացություն՝ նախագիծն առաջին ընթերցմամբ օրակարգ ներառելու համար: 

ԱԺ-ում կարգավորումները են մշակվում բանակում ոչ կանոնադրային հարաբերությունները զսպելու համար: Այս խնդրով զբաղվող իրավապաշտպանները մշտապես բարձրաձայնել եւ կասկածել են, որ սպանությունները բանակում երբեմն որակավորվում են իբրեւ ինքնասպանություն՝ կոծկելով նվաստացումներն ու բռնությունները:

Դիտարկվում է պատժաչափի կտրուկ խստացում ինքնասպանության դրդելու համար: Առաջարկները մշակել են ԲՀԿ պատգամավորները:

«Միգուցե շատերի համար դիտվի 10-12 տարին խիստ պատժաչափ, բայց մենք պետք է հասկանանք, որ պետք է կարողանանք հիմա այդ ենթամշակույթը գոնե քրեական օրենսգրքի խստացումներով կարգավորել: Եկեք չմոռանանք մի կարեւոր հանգամանք, որ ի վերջո մենք պատերազմող երկիր ենք»,– ասում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Գործող Քրեական օրենսգրքով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Նույն օրենսգրքով որեւէ խոսք չկա զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում հոգեբանական բռնության եւ զինվորի արժանապատվությունը նվաստացնելու մասին: 

«Վիճակագրությունը ցույց է տալիս դժբախտաբար, որ այսօր հենց զինվորականի ծառայություն կրելու վայրում է կատարվում այդ ամենը: Այստեղ հենց վայրն է կարեւոր, որ մարդը սահմանափակված է, կաշկանդված է այդ վայրում գտնվելու պարտականությամբ: Նա ազատ գործելու հնարավորություն չունի, որ գնա իր մորքուրի տղուն ասի, որ իրեն նեղում են, եւ նա գնա թասիբին կանգնի: Ներեցեք, մի քիչ կենցաղային օրինակի համար»,– ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը կողմ են, նախագծին  հավելում են իրենց առաջարկները։

Այս տարի Հայաստանի եւ Արցախի զինված ուժերում գրանցվել է մահվան 3 տասնյակից ավելի դեպք, դրանցից 9-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով է։ Ինքնասպանություն որակված դեպքերի թիվը նույնն է, ինչ նախորդ տարիներին: Տարեկան 8-10 ինքնասպանություն՝ սա միջին վիճակագրությունն է բանակի համար: Խորհրդարանում զբաղեցրած դիրքից ելնելով՝ Նաիրա Զոհրաբյանին ի պաշտոնե են դիմում այս խնդիրների հետ կապված:

« Վերջերս կրկին վերադարձել եմ Արցախից, խնդիրը առաջիկայում քննարկելու եմ նաեւ պաշտպանության նախարարի հետ: Խոսել եմ տարբեր զինվորների հետ: Այո, որոշակի փոփոխություն, որոշակի դրական դինամիկա հիմա կա, բայց նվաստացնելու եւ ստորացնելու ենթամշակույթ կա: Եթե նիստը փակ լիներ, ձեզ կներկայացնեի դեպքեր, թե ինչպես են փորձել զինվորի արժանապատվությունը նվաստացնել: Հեռախոսով նրան ցույց են տվել իր ընտանիքի անդամի հետ կապված մի կադր՝ սա ոչ ծեծ է, ոչ բռնություն է, բայց զինվորը գնացել եւ ինքնասպան է եղել: Այսինքն՝ այս ենթամշակույթը կանխելու համար են ահա այդ խստացված պատժաչափերը»:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տվյալներով՝ Կանազի կայազորում այս պահին 56 զինվոր կա՝ տարբեր հոգեբանական խեղումներով։ Զոհրաբյանի պնդմամբ՝ իր հետ առանձին զրույցներում մի մասը պնդել է, որ իրենց հանդեպ եղել է հրապարակային նվաստացում: Արմատացած այսպիսի ենթամշակույթը հենց այնպես մաքրել եւ նորը ներմուծել հնարավոր չի համարում «Իմ քայլ»-ից պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Այն ներքին ենթամշակույթը հենց այնպես չի հայտնվում բանակում: Դա գնում է փողոցից, այն միջավայրից, որտեղ իրենք մեծացել են եւ տեղափոխվում է բանակ; Այս խնդրի եւ նույն քրեական ենթամշակույթի օրենքը, որ մենք առաջարկել ենք՝ ուղղակի կապված են։ Այն արմատախիլ անելով` մենք ուղղակի մաքրում ենք մեր բանակը»,- ասում է Հովակիմյանը:

Նախագծի հեղինակները պատրաստ են համաձայնության գալ կառավարության հետ եւ  ընդունել կառավարության ինչպես արդեն արված, այնպես էլ մինչեւ երկրորդ ընթերցում դեռ ավելացող առաջարկները: Բոլոր կողմերը մտադրված են անպայման կյանքի կոչել նախատեսված խստացումները:

Ցուցադրել ավելի
Back to top button