ԿարևորՀասարակություն

Գորիսում եռաչափ տպիչներով եռաչափ տպիչ են արտադրում

Արթուր Խոջաբաղյանը Գորիսում հիմնել է  եռաչափ տպիչների արտադրություն, որը հիմնականում կրթական ուղղվածություն ունի։ Համագործակցում է հատկապես դպրոցների հետ։ Արտադրությանը կից գործում է նաև «Իրական դպրոցի» մասնաճյուղը։ Նպատակ ունեն Գորիսը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, թվային եռաչափ մոդելի հիման վրա շերտ առ շերտ ստեղծել որոշակի առարկաներ։ Այս գործողությունների մենաշնորհը դեռևս եռաչափ տպիչներինն է։

Գորիսում հենց եռաչափ տպիչներ են նաեւ փորձում արտադրել։ Ինժեներ Վաչե Զեյնալյանն է պատմում․ «Ապակին դնում եմ, առաջնահերթ ջերմաստիճան եմ տալիս, տաքանում է, իսկ հետո սկսում է դրա վրա դետալը տպել։ Հետո պետք է սպասեմ 82-ը դառնա 234, այսինքն՝ պետք է գլխիկի ջերմաստիճանը բարձրանա։ Առաջինն էկրանն է տպում, երկրորդը էքսռուդերներն են։ Սրանք էլ՝  իգրեկ առաձգականները, որոնց վրա ձողերն են հագնվում։ Էկրանի վրա գրված է ժամանակ․ երկու ժամ ութ րոպեից պատրաստ է լինելու։ Նվազագույնը հովացուցիչի բռնիչն է, մոտավորապես 20-25 րոպե է տևում, իսկ առավելագույնը՝ շրջանակի անկյունակ է պատրաստվում է վեցից յոթ ժամում»։

Արդեն պատրաստի դետալը Վաչեն մաքրում և հղկում է, որից հետո շարժիչը ամրացնում են վրան, գործողությունները կատարում է ինժեներ Սարգիս Սինանյանը։

«Հիմա տեղադրում եմ էկրանը։ Այնպես չէ, որ դժվար է, բայց հեշտ էլ չէ։ Իր գործողություններն էկրանի միջոցով եմ անում։ Հաջորդիվ տախտակն եմ անելու և վերջ։ Մնում են միացումները»։

Եռաչափ տպիչներ Գորիսում  արտադրում է «ՕգմենթԱՐ» ՓԲԸ-ն։ Հիմնադիր տնօրեն Արթուր Խոջաբաղյանի խոսքով` ունի կրթական ուղղվածություն, պարբերաբար  ծրագրային հավելումներ են մտածում, որպեսզի կրթական նշանակությունը հնարավորինս ընդլայնվի։

«Օրինակ` իր տեսքն ամբողջովին բաց է, ինչը նշանակում  է, որ աշակերտներն ամբողջությամբ կարողանում են տեսնել կառուցվածքը, դրանով հասկանալով, թե մեխանիզմն ինչպես   է աշխատում։ Ամենակարևորն այն է, որ մեր տպիչը տպում է իր սեփական դետալները։ Շուկայից ձեռք բերելով  մնացած մասերը՝ կարող եք ունենալ սեփական տպիչը»։

Եռաչափ տպիչները  հիմնականում կիրառվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում։ Շուրջ 300 տպիչ, յուրաքանչյուրը՝ 366 հազար դրամ, արդեն մատակարարել են դպրոցներին, որտեղ, ինչպես Արթուր Խոջաբաղյանն է ասում, աշակերտներն արդեն իրենք են սկսել նոր տպիչներ պատրաստել։ Սա հաղթանակ են համարում։

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին տրվող այս մեծ քանակը պետական ֆինանսավորմամբ է իրականացվում։ Բացի դրանից` օգտվում ենք տեխնոլոգիական  ձեռնարկություններին, ստարտափերին տրվող  հարկային արտոնություններից, որը նույնպես մեջ աջակցություն է։ Հնարավորություն է տալիս  հեշտությամբ  ոտքի կանգնել»։

Կենսագրության մեջ ամենամեծ պատվերն է, որի վրա հենվելով ցանկանում են դուրս գալ միջազգային շուկա։ Հաջորդ քայլը տպիչների խմբաքանակը ամերիկյան շուկա ուղարկելն է։ 

«Մենք այսօր «ՕգմենթԱՐ»-ից ստացել ենք պատվեր․ պետք է  նրանց հովացուցիչ սարքերը զոդենեք, որպեսզի օգնենք եռաչափ տպիչներ պատրաստել»։


15-ամյա Գրիգոր Գրիգորյանն է, «Իրական դպրոցի» Գորիսի մասնաճյուղի սան։ Նա ընտրել է ծրագրավորողի մասնագիտությունը․ «Ես մտածում եմ, որ ծրագրավորող դառնալով կարող եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ Գորիսում բազմաթիվ աշխատատեղեր բացելու և մարդկանց աշխատանք տալու համար, քանի որ Գորիսը տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժ ունի»։


Իրական դպրոցը, որի կրթությունը հիմնված է բացառապես իրական կյանքից վերցված և իրական մարդկանց համար ստեղծվող նախագծերի վրա, երեք ամիս է ինչ գործում է Գորիսում։ Արդեն ունի չորս աշակերտ, որոնք չորս տարի շարունակ կստանան տեսական և գործնական գիտելիքներ։ Դասընթացավար Հայկ Հակոբյանը պատմում է, որ  առաջին տարում շեշտը դրվում է մարդկային հատկանիշների  վրա։ 

«Մյուս տարիներից, երկրորդ, երրորդ կուրսից երեխաները խորանում են իրենց հստակ ընտրած մասնագիտական ուղղությամբ։ Կլինի ծրագրավորում, ռոբոտաշինություն, դիզայն»։ 

Աշակերտ  Գոռ Մեժլումյան է․ «Ինչ այստեղ սովորում ենք, հետագայում գործածելու ենք առօրյայում։ Ինձ թվում է՝ պետք կգա այս ամեն ինչը։ Քանի որ ծրագրավորումը արդիական է, ցանկանում եմ խորանալ դրա մեջ։  Ե՛վ ֆինանսաբեր է, և՛ ժամանակակից»։

Դասընթացավար Հայկ Հակոբյանն ասում է․ «Եթե աշակերտները առաջադիմեն, լավ ցուցաբերեն իրենց, նաև հենց «ՕգմենթԱՐ»-ում աշխատանք կգտնեն»։

«ՕգմենթԱՐ»-ի հիմնադիր տնօրեն Արթուր Խոջաբաղյանը ներկայացնում է իրենց հիմնական նպատակները․ «Մեր նպատակն է հետագայում ունենալ տեխնոպարկ, որտեղ կլինի «Իրական դպրոցը» և նաև կլինեն  այլ տեխնոլոգիական ձեռնարկություններ, և աշակերտները կիրականացնեն այդ  ձեռնարկությունների պատվերները, որին ուզում ենք հասնել 4-7 տարվա ընթացքում»։

Գորիսը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, սա հիմնական նպատակն է։

Ցուցադրել ավելի
Back to top button