ԿարևորՀասարակություն

Գազ և էներգիա՝ աղբից․ գյուտի հեղինակը ֆուտբոլիստ է

Մինչ Երևանում սկսում են աղբի տեսակավորման կուլտուրա ներդնել, Երևանից ոչ շատ հեռու Աբովյան քաղաքում  չտեսակավորված աղբից գազ և հոսանք են ստանում։ Այսօր կայացել է աղբի վերացման ռեակտորի փորձարկումը։

Աբովյան քաղաքի բնակիչ, 8- ամյա Սիմոնը գիտի, թե ինչպես վարվել  աղբի հետ․«Աղբը, եթե պետք չէ, ձեռքս պահում եմ այնքան, մինչև մոտիկ աղբաման գտնեմ կամ հասնեմ տուն։ Պետք է գետննին չթափենք»։

Այժմ  գիտելիքներն ավելացան նաև աղբի վերամշակման  մասով, քանի որ Սիմոնն ու իր ընկերները մասնակցեցին  Աբովյան քաղաքում աղբի վերացման ռեակտորի փորձարկմանը։

 Գյուտը նախկին ֆուտբոլիստ  Դավիթ Դավթյանինն է։ ՌԴ–ում բնակվելու տարիներին հեռուստատեսությամբ հաճախ է լսել Հայաստանում աղբի խնդրի մասին։ Ութ ամիս առաջ, հայրենիք վերադառնալուն պես, ձեռնամուխ է եղել աղբից եկամուտ ստանալու գործին․

«Աղբի խնդիրը լուծելը խնդիր չէր։ Եկա Աբովյան քաղաք, դիմեցի քաղաքապետին և սկսեցինք սարքել կայանը։ Մեկ ամսում կառուցեցինք ռեակտորը։ Հիմնական աղբը ամբողջությամբ ուտիլիզացվում է, արդյունքում` ստացվում է  հեղուկ գազ։ Հետագայում  գազից հոսանք կստացվի  և կվաճառվի պետությանը, որպեսզի անբարենպաստ    ընտանիքներից  հոսանքի դիմաց  վարձ  չվերցնի։  Մոխիրն օգտագործվում է շինարարության մեջ, բարձր որակով է, չի ճաքում»։

Գաղափարը ծնվել է, երբ տեսել է Երևանում Տիկնիկային թատրոնի մոտ կուտակված աղբը։ Ասում է` հնարավոր է աղբի վերամշակման միջոցով թատրոնի ջեռուցումը կազմակերպել ու ոչ միայն.

«Կարող ենք 9 հարկանի շենքի տակ կառուցել, ու շենքի բնակիչները վերելակի հոսանքի գումարը չվճարեն։ Կամ գյուղում ապրողները մեծ տներ են կառուցել, հիմա ջեռուցումը խնդիր է։ Մի սենյակ են տաքացնում 150 000 գազի փող մուծում։ Այս մեր գաղափարով 20-30 000 դրամով կարող են տաքացնել։ Ես ցանկություն ունեմ Սովետաշենի աղբանոցի գարշահոտությունը վերացնել։ Այդպես չի կարող մնալ։ Մենք նույնիսկ ծրագիր ունենք, թե ինչպես կարող ենք Խաղաղ օվկիանոսի պլաստիկը մեկ տարվա ընթացքում մեր ռեակտորներով վերացնել»։

Գյուտն արտոնագրված է և պատկանում է  ֆուտբոլիստ Դավիթ Դավթյանին։ Նախագիծն անցել է նաև բնապահպանական փորձաքննություն և բնապահպանական խնդիրների առումով, նրա  վստահեցմամբ,  թե՛ արտանետումների, և թե՛ շրջակա միջավայրի պահպանության մասով  խնդիրներ չկան։

Ծրագիրն ամբողջությամբ գյուտարարն իր միջոցներով է իրականացրել, համայնքային բյուջեից գումար չի ծախսվել, սակայն այս պահին  արտադրված  գազը մնում է տեղում, դեռ չգիտեն` ինչ են անելու կուտակված գազի հետ։ Փոխարենը` Աբովյանի քաղաքապետ Վահագն  Գևորգյանը հույս հայտնեց, որ հետագայում ծրագիրը  լայն կիրառություն  կգտնի․

«Այսօր շատ ենք խոսում ՀՀ–ում աղբավայրերի փակման մասին, ինչի արդյունքում մենք կունենանք էկոհամայնքներ և կիրականացվի համայնքների աղբահանությունը։ Վստահ եմ, որ այս պիլոտային ծրագիրը կյանքի կկոչվի, և ոչ միայն ՀՀ–ում։ Երբ մենք նոր կայանը տեղադրում էին,ք շատ բնակիչներ մեզ հարցնում էին արտանետումներ , գարշահատություն լինելո՞ւ է։ Ուզում եմ ասել, որ քանի փակ ցիկլ է, և մենք ունենք նաև էկոլոգիական փորձաքննության արդյունքները, որևիցե խնդիր չունենք»։

Համայնքապետի խոսքով՝  մասնավոր ընկերությունները ևս կարող են  տեղադրել լոկալ կայաններ և իրենց աղբը վերամշակելով  չվճարել    աղբահանության վճար։ Նշենք, որ բացի թղթե թափոններից մնացած աղբը ենթակա է այրման։

Թղթե թափոններն աղբ չեն համարվում, ի վերջո ծառ է հատվում։

Ահա Երեւանում` Դավիթաշեն համայնքում էկոթաղամասում ինքնակազմակերպված շենքի բնակիչները աղբը տեսակավորում են, թուղթն էլ` առանձնացնում։

«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյան․ «Դավթաշեն վարչական շրջանում ներկայում ունենք պաշտոնապես գրանցված 200 ընտանիք, որոնք կանոնավոր տեսակավորում են աղբը, ուղարկում են մեզ, որպեսզի մենք էլ փոխանցենք վերամշակման: Չգրանցված ունենք մինչև 100 ընտանիք, որոնք նույնպես այս ծրագրի մաս են կազմում: Բազմաբնակարան շենքերի բնակիչները ինքնակազմակերպվում են, թափոնը տեսակավորում են և փոխանցում են մեզ, ինչը շատ ողջունելի է ։ Ծրագրի շրջանակում կարողացանք բաժանել թափոնների տեսակավորման համար գունավոր տոպրակներ։ Օրինակ՝ կարմիրը ապակու, կապույտը պլաստիկի , այս կերպ թեթևացնելով բնակչի տեսակավորման գործընթացը։ Այսօր հասել ենք այն մակարդակի, թե ինչ ծավալով պետք է շարունակենք ծրագիրը»։

Ամեն ամիս կազմակերպությունը կարողացել է հավաքագրել մինչև 500 կգ թուղթ, մինչև 200 կգ պլաստիկ, մինչև 300 կգ ապակի: Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Շեխոյանը էլ տեղեկացրեց, որ այս ընթացքում իրենք սկսել են ակտիվորեն աշխատել տնտեսվարողների հետ ստվարաթղթի հավաքագրումն ապահովելու համար։

«Գործընթացը սկսվել է Դավթաշեն վարչական շրջանից։ Մոտ մեկուկես ամիս է շարունակվում է Աջափնյակ վարչական շրջանում։ Ծրագիրն այնպես է, որ նախատեսում ենք ընդլայնվել և ամբողջ 12 վարչական շրջաններում այս գործողությունը կատարել»։

Ինչ վերաբերում է Երևանում աղբի վերամշակմանը, ապա բանախոսները տեղեկացրին, որ  տարբեր վերամշակող ընկերություններ կան, որոնք պատրաստ են ընդունել  տեսակավորված թափոնը:  

Ցուցադրել ավելի
Back to top button