ԿարևորՄշակույթ

«Ակունքը» տոնում է 45-ամյակը

«Ակունք» ազգագրական համույթը  տոնում է ստեղծման 45 ամյակը: Արդեն 45 տարի «Ակունքը» ծառայում է ազգային մշակույթին՝ անաղարտորեն ներկայացնելով  ազգային երգը, պարը, երաժշտական նմուշները։ Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա խմբի հոբելյանական համերգը, որին ակունքցիները պատրաստվում են ինչպես միշտ՝ մեծ պատասխանատվությամբ։

Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ազգագրագետ ու բանահավաք, Հայրիկ Մուրադյանի դուստր  Մարո Մուրադյանի նախաձեռնությամբ 1974 թվականին ստեղծվեց «Ակունք» ազգագրական համույթը, այնպիսի ժամանակներում, երբ արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսևորում։

1977 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում կայացավ խմբի առաջին պաշտոնական ելույթը։ Ակունքն այս տարի նշում է հիմնադրման  45-ամյակը։  Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, որին ևս բախտ է վիճակվել լինել ակունքցի։ Արսեն Գրիգորյանի հետ  զրուցում եմ Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ այս պահին  հոբելյանական համերգի փորձն է.

««Ակունք»  ազգագրական համույթը  45 տարի պատշաճ կերպով՝ անաղարտ ներկայացնում է հայ ավանդական երգերն ու պարերը՝ որպես սկզբունք ունենալով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը»։

Մարո Մուրադյանի կողմից  հիմնադրված Ակունք խմբում ընդգրկված էր Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից  1915 թվականին տեղահանված հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 արվեստագետ ։  Խմբի հնաբնակներից են Սարգիս Բաղդասարյանը, Հարություն Փանոսյանը, Սարգիս Ալավերդյանը, Արթուր Շահնազարյանը,  որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ այսօր էլ շարունակվում է Ակունքի ստեղծած  ազգային ավանդական մշակութի  երթը։

1981 թվականին Ստեփան Պողոսյանի շնորհիվ  «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։  Այս տարիների ընթացքում  «Ակունք»  ազգագրական համույթը  ծառայել է հայ ավանդական մշակույթին, անաղարտորեն ներկայացնելով  պատմական Հայաստանի տարբեր շրջանների  երգեր, պարեր և երաժշտական նմուշներ, որոնցով  տարիների ընթացքում հարստացել ու շատ ավելի արժեքավոր է դարձել Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close